Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դպրոցում տիրող իրավիճակին, նշեց. «Խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ մասնակցել եմ մրցույթին, եւ մյուս հավակնորդի հետ 4-ական ձայների բաշխում ենք ստացել խորհրդից: Այդ արդյունքները պետք է փոխանցվեին ԿԳՄՍ նախարարություն, որովհետեւ նախարարը պետք է որոշում կայացներ: Սակայն, մինչեւ որոշում կայացնելը դպրոցի կոլեկտիվը նախկին տնօրենի հետ միասին բողոքի ակցիաներ է կազմակերպել, նախարարության շենքում տեսակցություններ ունեցել:
Այսինքն, մինչեւ ընտրություն լինելը՝ իրենք մտածել են, որ մրցույթի արդյունքում պարտադիր իրենց տնօրենը պետք է նորից ընտրվի: Ինչ վերաբերում է ինձ, ես պարզապես իմ իրավունքներն եմ իրացրել: Իմ իրավունքն է մասնակցել ցանկացած մրցույթի, եւ իմ իրավունքը ոչ ոք չի կարող ինձանից խլել»:
Նա տարօրինակ է համարում, որ մրցույթին մասնակցելու համատեքստում իր հետ կապում են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ. «Նաեւ ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք այդ բարձրաստիճան այրերը գիտե՞ն այդ մասին, որ իրենք ինչ առնչություն ունեն ինձ հետ: Ինձ անգամ սպառնում են, թե ես չգիտեմ՝ այս ամենի հետեւում ինչեր են ինձ սպասվում, իմ հասցեին սպառնալիքներ են հնչում: Լավ, այդ սպառնալիքներն էլ մի կողմ դնենք, անուններն էլ, ինձ համար այսօր գերակա խնդիրը ուսումնական գործընթացի վերականգնումն է, որովհետեւ գործ ունենք մատաղ սերնդի ճակատագրերի, 12-րդ դասարանների ավարտական քննությունների հետ:
Մի քանի ամիս անց ուսումնական տարին պետք է ավարտվի, երեխաները պետք է կարողանան ծրագրերն ավարտել: Այսօր երեխաներին ներքաշել տնօրենի ընտրության կարգում, կարծում եմ բարոյական չէ: Ուսուցչի առաքելությունը տնօրենի փոփոխության մեջ իր դերակատարումն ունենա՞լն է, թե՞ սաների կրթության գործընթացին նվիրվելը: Առհասարակ, տնօրեն լինելուց զատ՝ ես ուսուցիչ եմ, եւ ինձ համար գերակա խնդիրը ուսումնական գործընթացի վերսկսումն է»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ անընդհատ շեշտադրվում է իր՝ ոստիկանների ուղեկցությամբ դպրոց մտնելը, տիկին Առաքելյանը նշեց, որ շահարկումն անիմաստ է, որովհետեւ ինքը որեւէ տեղ չի զանգել, ոստիկանություն չի հրավիրել, որ իրեն ուղեկցեն, իսկ ոստիկանությունը միշտ լինում է այն տեղերում, երբ անգամ փոքրիկ ցույց կամ հավաք է լինում, որպեսզի կանխի բախումները կողմերի միջեւ: Նա հիշեց, թե ինչպես առաջին օրը թույլ չտվեցին մուտք գործել դպրոց, երբ նախարարության ներկայացուցիչը պետք է իրեն ներկայացներ իբրեւ տնօրեն. «Ոստիկանների ուղեկցությամբ մտել եմ դպրոց այն բանից հետո, երբ շատ կոպտորեն խախտվել են իմ իրավունքները»:
Նորընտիր տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք փորձե՞լ է երկխոսելու քայլեր անել: «Փորձել եմ երկխոսել, առանձին խոսել, բայց վախի մթնոլորտ եմ նկատում կոլեկտիվում, թող որեւէ մեկը չհերքի, որ չի վախենում: Երբ կոլեկտիվը միահամուռ է դարձել՝ ասելով, որ մեկ ընտանիք ենք, շատ լավ է, որ համերաշխ հարաբերություններ են, բայց չի կարելի պետական կառույցներում տնայնավարությունն ու գործնական հարաբերությունները տարբեր բաներ են: Ես կարծում եմ, որ օրենքի գերակայությունը պետք է լինի առաջնահերթություն, օրենքին եւ գործող կարգին ենթարկվելը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Պետք չէ անձնական շահի հետեւից սլանալը ներկայացնել հանուն արդարության ու գաղափարի փրկության պայքար»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Ես ծանուցումներ եմ ուղարկել նրանց, եռօրյա ժամկետ եմ տվել, որպեսզի բացատրագիր ներկայացնեն՝ ինչու են խանգարում կարգը, խաթարում ուսումնական գործընթացը; Եթե հարկ կհամարեն բացատրություններ ներկայացնել, բնականաբար տույժեր չեն լինի, եթե տեսնեմ անհեթեթություններ են ասվում կամ բացատրություն չկա, կլինեն տույժեր, տուգանքներ: Ի՞նչ է նշանակում լայվերով, ցածրորակ բառապաշարով, էժանագին մանիպուլյատիվ սադրանքի միջոցով փորձել ինձ հունից հանել: Եվ եթե իրենք կարողանում են ներկայացնել այն լայվերը, որոնք իրենց են ձեռք տալիս, ապա պետք է կարողանան նաեւ ճշգրիտ ձեւով ցույց տալ իրենց մարդկային դիմագիծը»:
Քարմիլե Առաքելյանն ասաց, որ փորձել է կապ հաստատել նաեւ ծնողների հետ, ներկայացել է նրանց իբրեւ նորանշանակ տնօրեն եւ ցանկություն հայտնել տեսակցելու, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, երեխայի համար պատասխանատուն իր ծնողն է. «Ծնողն էլ պետք է իրավունք չունենա զրկել իր երեխային կրթությունից եւ պետք է լինի պահանջատեր՝ դպրոցի նկատմամբ, որովհետեւ այսօր խաթարված է երեխայի կրթություն ստանալու իրավունքը: Իրենք տարբեր ձեւերով հայտնում են, որ երեխաներն իրենց ցանկությամբ չի, որ չեն գալիս դպրոց: Երեխաները գիտե՞ն, որ անհիմն գործադուլի, ոչ տեղին բողոքի գործողությունների պատճառով, երբ բացակայում են դասերից, խնդիրեր են ունենալու, բարդություններ են առաջանալու կրթության բնագավառում»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ինքը զրկված է որոշ լծակներից, օրինակ Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի ֆեյսբուքյան էջը վարում է նախկին տնօրենի դուստրը, այդ պատճառով էլ ցուցարար ուսուցիչների ֆեյսբուքյան ուղիղ եթերները նաեւ այդ էջով են հեռարձակվում եւ ինչ-ինչ գրառումներ կատարվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































