Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. Զարմանալի առատաձեռն ժողովուրդ ենք, ամերիկյան կինեմատոգրաֆին տվել ենք Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինոյին տվեցինք Անրի Վերնոյ, խորհրդային կինեմատոգրաֆին՝ Արտավազդ Փելեշյան

Փետրվար 22,2021 11:19

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը

Զարմանալի առատաձեռն ժողովուրդ ենք:
Ամերիկյան կինեմատոգրաֆին տվել ենք Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինոյին տվեցինք Անրի Վերնոյ, խորհրդային կինեմատոգրաֆին՝ Արտավազդ Փելեշյան: Բայց միևնույն ժամանակ պետք է խոստովանենք, որ խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային և ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերևս դժվար է գտնել: Եվ ինչպես ինքը` մեծ վարպետն է ասում. «Թեպետ իմ ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ կան շատ հայկական մտքեր»: Եվ մեկ այլ բնորոշմամբ վարպետն ասում է. «Իմ ֆիլմերն ունեն կարևոր մի առավելություն` իմ ֆիլմերում չկա խոսք, բայց միևնույն ժամանակ իմ ֆիլմերում կա մի մեծ բացթողում` այնտեղ բացակայում է խոսքը»:

Սիրելի՛ վարպետ, շնորհավորում ենք Ձեր տարեդարձը։ Դուք մեր իրականության մեջ ընկալվում եք Ձեր իսկ «Մենք» ֆիլմի նման. այստեղ բացակայում է միջին պլանը` կա՛մ Դուք մեր սրտերում և հոգիներում եք խոշոր պլանով, կա՛մ Դուք մեզ հետ եք ընդհանուր պլանի մեջ` մեր ժողովրդի, մեր ազգի հետ:

Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողներից մեկը Արտավազդ Փելեշյանին հարցրեց. «Ի՞նչ կանեք, եթե չգտնեք գումար Ձեր «Հոմո սապիենս» ֆիլմը նկարելու համար»: Վարպետը պատասխանեց. «Դուք գիտեք, ես ձեզ համար եմ ասում` ես այդ ֆիլմը վաղուց եմ տեսել»:

Սիրելի՛ վարպետ, երանի հաճախակի հայտնվենք Ձեր երևակայական աշխարհում և հենց այդ երևակայական աշխարհում էլ կառուցենք մեր հայրենիքի ապագան:

Ընդունեք մեր սրտի շնորհավորանքը և խորին խոնարհումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728