Լրահոս
Օրվա լրահոսը

Ամրամ Մակինյանը վստահ է` Ռաֆիկ Հայրապետյանի մասով վճիռ էլ կա

Մարտ 12,2021 15:20

«Արդեն իսկ 2020 թվականի մայիսի 19-ին Աննա Վարդապետյանը որոշել էր, որ Ռաֆիկ Հայրապետյանին պիտի մեղսագրվի շորթման հանցակազմով մեղադրանք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների գործով պաշտպան Ամրամ Մակինյանը` ցուցադրելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը, որտեղ նշված է 2020 թվականի մայիսի 19-ը ամսաթիվը։ Մինչդեռ շորթում կատարելու մասին մեղադրանքը Ռաֆիկ Հայրապետյանին առաջադրվել է 2020 թվականի դեկտեմբերին:

Ասուլիսը հրավիրվել էր Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալու փաստերի առիթով:

«Աջ կողմում՝ գծիկներով շատ հստակ երեւում է, թե Վարդապետյանն ինչ է ավելացրել, ինչ է փոփոխել եւ ինչ է մաքրել։ Քրեական դատավարության մեջ այս փաստաթուղթը կազմելու միակ սուբյեկտը քննիչն է։ Այսինքն՝ Վարդապետյանն է որոշում, թե այս փաստերից որը մնա, որը պակասեցվի»,- ասաց Ամրամ Մակինյանը`մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի`քրեական գործով հրահանգներ տալու մասին տեսանյութերը։

Այս ամենից հետո պաշտպանի մոտ հարց է առաջանում՝ Աննա Վարդապետյանն ամբողջ ծավալով քրեական գործն էլ է կարդացե՞լ. «Ես իրավունք ունեմ մտածելու, որ կարդացել է։ Միասին որոշում են, թե Ռաֆիկ Հայրապետյանին ինչ մեղադրանք առաջադրվի»։ Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Ռաֆիկ Հայրապետյանի վերաբերյալ կա արդեն իսկ կա նաեւ դատավճիռը. «Այստեղ կան նաեւ Ռուբիկ Դավթյան մեյլից ուղարկված Արթուր Այվազյանին որոշակի փաստաթղթեր, որոնց վերնագրերն ինձ հուշում են, որ ուղարկվել են գործով վկաների ցուցմունքները քննիչին։ Ռուբիկ Դավթյանը Քրեական ոստիկանության աշխատակից է։ Քրեական գործը վարույթ է ստացվել 2020 թվականի ապրիլի 2-ին, այն դեպքում, երբ մարտի 30-ին այդ փաստաթղթերն արդեն իսկ Քրեական ոստիկանությունն ուղարկել է քննիչին։ Այսինքն՝ արդեն պարզ է եղել, թե այս գործն ով պիտի քննի, ինչպես պիտի քննի, դեռ չմակագրված, գործը ՔԿ չհասած»։

Սկանդալային տեղեկատվության եւ տեսանյութերի հրապարակումից հետո, պաշտպանն ասում է, պետք է քրեական գործ հարուցվեր, անմիջապես խուզարկություններ եւ առգրավումներ կատարվեին`եւ Քննչական կոմիտեում, եւ կառավարությունում, պետք է առգրավվեին այն համակարգիչները, որոնցով այս տեղեկությունները միմյանց փոխանցվել են։ Բայց որեւէ գործողություն դեռ չկա:

Ամրամ Մակինյանի համար անհասկանալի է նաեւ թե ինչպե՞ս են ՀԿԳ քննիչն ու վարչապետի խորհրդականը ծանոթացել: Այս եւ այլ հարցերի պատասխանները ակնկալում է Քննչական կոմիտեի ղեկավարներից. «Ո՞նց եղավ, որ վարչապետի օգնականը եւ գործով քննիչը կապ հաստատեցին միմյանց հետ եւ սկսեցին այս գործով նախաքննությունն ուղղորդել։ Ի՞նչ էր անում Գլխավոր դատախազությունը, որն այս գործի իրականության նկատմամբ հսկողություն է իրականացնում։ Փաստորեն, հսկողությունը եւ դատավարական ղեկավարումն իրականացրել է Աննա Վարդապետյանը։ Ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանին տրամադրի տեղեկություններ։ Ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանի կողմից ստացված հանձնարարությունները խելոք կատարի»։

Ամրամ Մակինյանը համոզված է, որ մամուլում հրապարակված այս տեղեկությունները եզակի չեն. «Պատկերացնում ենք`Աննա Վարդապետյանի մեյլերում ինչ տեղեկություններ կարող են լինել`ամբողջ քննչական ապարատից, ամբողջ իրավապահից համակարգից ստացված ու խմբագրված տարբեր քաղաքական գործերով անձանց մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումները։ Ես համոզված եմ, որ այդպիսի տեղեկություններ կան, իսկ ԱԱԾ-ն չի՞ ուզում տիրապետել այդ տեղեկություններին, թե՞ ԱԱԾ-ից էլ Աննա Վարդապետյանին ուղարկված մեյլեր կան»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031