Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Մենք ոչ թե լուրջ խնդիրներ ունենք, որոնք չենք կարողանում լուծել, այլ ուղղակի մարդիկ չեն հասկանում անգամ, թե պարզ խնդիրներն ինչպես լուծեն». «Փաստ»

Մարտ 16,2021 11:25 Share

Եղանակային կտրուկ փոփոխություններն առաջին հերթին ստիպում են անհանգստանալ՝ ի՞նչ է սպասվում գյուղոլորտում: Արդյո՞ք բերքը կվնասվի, կլինի՞ ցրտահարություն, թե՞ ոչ: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ առայժմ անհանգստանալու կարիք չկա:

«Դեռ որևէ վտանգ չենք տեսնում: Հնարավոր է՝ լինի ծիրանի ցրտահարություն, ժամանակը ցույց կտա: Տարին իր հունով է գնում, չնայած գյուղատնտեսական առումով մի քիչ ուշացել է՝ մոտ տասն օրով: Մարտ-ապրիլ ամիսներին՝ պտղատու այգիների բողբոջելուց հետո, եթե ցրտահարություն չլինի, կարծում եմ՝ պտղի բերքի հետ էլ խնդիր չենք ունենա: Գյուղատնտեսական տարվա ուշանալը կարող է ցրտահարության վտանգի պատճառ լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանն՝ ընդգծելով, որ այդ դեպքում վտանգավոր գոտում ծիրանի բերքը կլինի:

Նշում է՝ միամյա կուլտուրաների համար բավականին հաջող տարի է, լավ տարի է նաև ցորենի համար: Գնաճը Հայաստանում ներթափանցել է բոլոր ոլորտներ, այդ թվում՝ նաև գյուղմթերքի շուկա:

Այն, որ գյուղմթերքի բարձր գնին «նպաստում են» նաև վերավաճառողները, նորություն չէ: ՀԿ-ի նախագահը նշում է՝ այդ համակարգն այդպես էլ չբարեփոխվեց: «Մի տգետը փոխարինեց հաջորդին, այդպես էլ բարեփոխված համակարգ չունեցանք, որ միջնորդ առևտրային կազմակերպություններին իրենց տեղը դներ: Այդպես էլ չունեցանք գյուղմթերքի մեծածախ շուկա: Մենք ոչ թե լուրջ խնդիրներ ունենք, որոնք չենք կարողանում լուծել, այլ ուղղակի մարդիկ չեն հասկանում անգամ, թե պարզ խնդիրներն ինչպես լուծեն»,-ասում է Բերբերյանը:

«Երեք-չորս տարի է՝ ասում եմ, որ բանկերին մի ֆինանսավորեք, գյուղացուն տվեք գումարը: Բայց իրենք բանկերին են հարստացնում: Գուցե մեծ շահույթ ունե՞ն դրանից: Հազար անգամ ասացինք՝ սուբսիդավորման տարբեր ձևեր կան, պետությունը պետք է գյուղացու հետ աշխատի: Ինչո՞ւ են բանկերին միջնորդ դարձնում: Այդ նույն բանկերն են ժողովրդին այս օրը գցել: Երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր ճղում, թե բանկերի տոկոսները կհանենք, կսառեցնենք, պարտքերը կզրոյացնենք: Ո՞ւր է, ի՞նչ արեցին այդ ուղղությամբ: Առաջինը գյուղացուն հարվածեց՝ գյուղնախարարությունը փակելով»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել