Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. Շարժումն ուներ նվազագույն շեմ եւ ուներ առավելագույն շեմ։ Նվազագույն շեմին մենք կարողացանք հասնել. «Հրապարակ»

Մարտ 26,2021 10:48

Քաղաքական ուժերը տարատեսակ կոնսուլտացիաների մեջ են։ Մի մասը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբելու է մարդկանց ու արտահերթ ընտրության էլ չի գնում, մյուս մասը կարծում է՝ առանց նրան իշխանությունից վռնդելու, չի կարելի գնալ ընտրության։ Բայց անգամ ընտրությունները մերժողները քննարկումների մեջ են։ Մի խոսքով՝ խառը, անորոշ վիճակ է բոլոր քաղաքական ուժերի մոտ։ Նրանցից մեկն էլ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունն է, որը նույնպես այս օրերին կոնսուլտացիաների մեջ է։ Խոսվում է, որ Քոչարյանի դաշինքով է գնալու ընտրությունների։ «Ամեն ինչ խոսակցությունների մակարդակով է, առայժմ որեւէ վերջնական որոշում չունենք կայացրած, դեռ չենք քննարկել էդ հարցը, որովհետեւ թերահավատորեն ենք վերաբերվում էս իշխանությունների կողմից բերված ցանկացած օրակարգի։ Մենք ունենք մի օրակարգ, այն է՝ սա պետական դավաճան է, հանձնել է Արցախը, զոհել է 10 հազար եւ ավելի մեր քաղաքացիներին ու պետք է դատվի»,- ասաց Արթուր Ղազինյանը։

– Փաստորեն, շարժումը տապալվեց կամ առնվազն չհաջողեց, չկարողացավ հասնել իր նպատակին, Բաղրամյան պողոտան էլ բացեցին։

– Տեսեք, շարժումն ուներ նվազագույն շեմ եւ ուներ առավելագույն շեմ։ Նվազագույն շեմին մենք կարողացանք հասնել, ցույց տվեցինք, որ այսօր Հայաստանի իշխանության գլխին կանգնած են պետական դավաճաններ, հանցագործներ, որոնք պետք է «ա» տարբերակով՝ հեռանան, «բ» տարբերակով՝ ձերբակալվեն եւ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ամեն մեկը դրել է իր նշաձողը եւ հետամուտ է լինում իր կողմից դրված նշաձողի պրակտիկ իրականացմանը։ Բայց ասել, որ Հայրենիքի փրկության շարժումը ձախողվել է, ես համաձայն չեմ։

– Այդ դեպքում որտե՞ղ է հաջողել Հայրենիքի փրկության շարժումը։

– Հաջողվել է հասնել նրան, որ այսօր, ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի, բոլորի ու մեր ժողովրդի մեծամասնության աչքին մենք այլեւս ունենք պետական դավաճանի եւ հանցագործի, որն արդեն արձանագրվել է, որն արդեն հաստատվել է, իրավաբանական ամբողջ հանրույթը տվել է իր կարծիքը եւ մեկ ձայնով արտահայտել է պետական դավաճանության մասին, քաղաքական իմաստով եւս արձանագրված է, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, հայրենիքի դավաճան է։

– Բայց դա փողոցում չի զգացվում, որ ժողովուրդն էդպես է մտածում։

– Դուք, որ մի փոքր սպասեք, քանի որ հիմա արդեն, զգալով իրավիճակի լրջությունը, իշխանությունները գնացին ինքնավնասման, դա հենց, կասեի, ընտրությունների կազմակերպման օրակարգն է, ցանկացած ելքով՝ ընտրություն կլինի, թե չէ, դա, ամեն դեպքում, այս իշխանությանը բերելու է կործանման։ Սա հենց Հայրենիքի փրկության շարժման ճնշման արդյունքում տեղի ունեցավ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031