Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ այո՛, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար». Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին

Ապրիլ 15,2021 16:04

Մշակույթի միջազգային օրվա առթիվ ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանը Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային հանրությանը, որում մասնավորապես ասված է. «Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է, և այժմ ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրի մոտ: Ամարասն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյությունը:

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար: Մենք կարողացանք փրկել Ամարասը, սակայն հազարավոր հուշարձաններ  մնացին  մեր  վերահսկողությունից  դուրս: Եվ այսօր մենք ականատեսն ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին: Նրանք վանդալիզմի են ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը:

Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիան ընդգծում է, որ մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը: Եվ այո՛, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար: Դժբախտաբար, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ խոչընդոտների պատճառով:

Մշակութային արժեքների պահպանմանը նվիրված այս կարևոր օրը, այս սուրբ վայրից ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց, որոնք պայքարում են մշակութային արժեքների պահպանության համար, անտարբեր չմնալ հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

Այս ուղերձն ընդունեք որպես ահազանգ` արհամարհելու քաղաքական ցանկացած խոչընդոտ, որը կխանգարի հստակ քայլեր ձեռնարկելու Արցախի ժողովրդի մշակութային իրավունքները պաշտպանելու համար: Կատարեք ձեր քայլը հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930