Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Մայիս 10,2021 15:52

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Վիգուերասին: 1/8 եզրափակչում Մելիքյանը 9:0 հաշվով պարտության է մատնել լիտվացի Յուստաս Պետրավիչյուսին, 1/4 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է եղել հարավկորեացի Հանջա Չունից՝ 5:2: Եզրափակչում Արմեն Մելիքյանը պետք է մրցեր մոլդովացի Վիկտոր Չոբանուի հետ, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել գոտեմարտին:

Կարեն Ասլանյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակներ է տոնել նորվեգացի Մորտեն Տորեսենի (8:0), Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Իսմաիլովի (10:5), ֆրանսիացի Մամադասա Սիլայի (3:1) նկատմամբ: Եզրափակչում Ասլանյանի մրցակիցը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Պավրիզ Նասիբովը, հրաժարվել է պայքարից, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին:

Սոֆիայի վարկանիշային մրցաշարին մասնակցել են նաև ազատոճային ըմբիշներ Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), որոնց, սակայն, չի հաջողվել օլիմպիական վարկանիշ նվաճել:

Հայ ըմբիշների ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն աշխատանքային այցով մեկնել էր Սոֆիա, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։

Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31