Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն, առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ և որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ):

Նիկոլ Փաշինյանը տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Ի պատասխան տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:
Կարդացեք նաև
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է այն, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ և առաջարկել հետևողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ:
Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունն սկսելու հարցը: Ա. Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:
Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































