Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվա նիստը ինձ մոտ տպավորություն թողեց, որ ես նստած եմ պետդումայի նիստում, ուղղակի թարգմանում են հայերեն լեզվով». Ստեփան Գրիգորյան

Մայիս 21,2021 14:11

Այսօր «Հոդված 3» ակումբում սահմանազատման, սահմանագծման թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարցին՝ ընդդիմության կարծիքով, պատերազմից հետո Փաշինյանն ու իր կառավարությունը չունի այն լեգիտիմությունը, որ նման փաստաթուղթ ստորագրի, որը վերաբերում է մեր երկրի ինքնիշխան տարածքներին, համաձա՞յն եք՝ պատասխանեց. «Այո, լեգիտիմության խնդիր կա, որովհետեւ այն բազմաթիվ մարդիկ, որոնք ժամանակին վստահել են իրենց ձայները, այն 70%-ը, որը մինչեւ հիմա փորձում են շահարկել գործող իշխանությունները, իրենք այլեւս չունեն այդ 70 եւ ավելի տոկոսները: Ընտրություններից 5 րոպե առաջ գնալ նման մեծ, ծավալուն գործողությունների ինձ մոտ անհանգստություն է առաջացնում: Շատ կարեւոր է դա անել հանգիստ պայմաններում, ոչ թե ճնշումների տակ: Ես անհանգստացած եմ, որ հերթական անգամ մեզ պայման է դրվել: Ասում են՝ սպասենք ընտրություններից հետո, այդքան ժամանակ ադրբեջանցիները մնան մեր տարածքո՞ւմ: Դա 5 րոպեո՞ւմ է լինելու: Չնայած ես արդեն անհանգստություն ունեմ, որ շատ արագ է դա լինելու, որ արդեն իսկ պայմանավորվածություններ կան թե ինչն են զիջելու, ինչը չեն զիջելու, այնպես որ ես կնախընտրեի, որ այս գործընթացը լիներ բաց ու թափանցիկ ու ընտրություններից հետո հնարավոր լիներ դա իրականացնել ավելի հանդարտ պայմաններում»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ փաստաթուղթ է դրված շրջանառության մեջ, որով հանձնաժողով է ստեղծվելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերի հետ կապված:

Հարցին՝ մեր քաղաքական դաշտի ուժերը հիմնականում այս գործընթացի հետ համաձայն են, եթե խոսում են, ապա՝ ցածր ձայնային ռեժիմով, այսինքն, եթե ընտրություններից հետո էլ լինի, այնպես չի, որ իրենք դեմ են այս տարբերակով սահմանազատման եւ սահմանագծման քննարկմանը, ինչո՞ւ՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ մեր քաղաքական դաշտի մեծ պրոբլեմն այն է, որ քննադատում են իշխանություններին, բայց մի թթու խոսք չեն ասում ՌԴ-ին. «Ոչ թե նայում են Հայաստանի շահերով, այլ՝ Ռուսաստանի շահերով: Դա խանգարում է: Նայեք, Ադրբեջանը մտավ Հայաստանի տարածք: Ի՞նչ պիտի լիներ՝ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, պետք է մեզ աջակցի ու գնանք առաջ, Ադրբեջանին ասեր՝ դուրս բեր զինվորներիդ, առանց աղմուկ ավարտվեր: Բայց քանի որ ՌԴ-ն իր խաղերն է խաղում, իր շահերն է առաջ տանում, ասեցին՝ հայեր, մենք ձեզ չենք աջակցի, համաձայնեք դեմարկացիա, դելիմիտացիայի տարբերակին»:

Ըստ Գրիգորյանի, Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, ու այս ֆոնին զարմանալի են մեր քաղաքական գործիչների մոտեցումները. «Ոչ ոք ճիշտ եզրակացություն չի անում: Երեկվա նիստը ինձ մոտ տպավորություն թողեց, որ ես նստած եմ պետդումայի նիստում, ուղղակի թարգմանում են հայերեն լեզվով: Քո երկրի ղեկավարությունը, քո պատգամավորները մենակ խոսում են Ռուսաստանի միջնորդության մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31