Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստումների բացը պետք է փակել

Հունիս 01,2021 12:00

2021-ի մայիսի վերջի դրությամբ աֆրիկյան երկրների բնակիչների միայն 2,1 տոկոսն է ստացել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի դեռեւս մեկ դեղաչափ:

Առաջատար տնտեսությունների եւ զարգացող երկրների միջեւ պատվաստումների առումով կա բաց, որը պետք է փակել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի ձեւակերպմամբ՝ «պատվաստանյութային ապարտեիդից (խտրականությունից)» խուսափելու համար։ Նախ այդպես բարոյապես ճիշտ է, եւ՝ բխում է բոլորի շահերից:

Հետեւաբար, անհրաժեշտ է ձեռնարկել գլոբալ բազմակողմանի գործողություններ՝ ուղղված պատվաստանյութերի արտադրության ավելացմանն ու ամբողջ աշխարհում դրանց տարածման արագացմանը: Համավարակի բռնկման սկզբից արդեն՝ ԵՄ-ն նախընտրել էր շարժվել այդ ուղով, իսկ այժմ այդ նույն ուղին է սահմանվել «G20»-ի երկրների առաջնորդների կողմից՝ մայիսի 21-ին Հռոմում կայացած Առողջապահության համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում։

Համավարակը շարունակվում է՝ խլելով հազարավոր կյանքեր, սակայն այսպիսի տեմպերով հնարավոր չի լինի մինչեւ 2023 թվականն ավարտել բնակչության պատվաստումներն ամբողջ աշխարհում։ Աշխարհի բնակչության համատարած պատվաստումը համավարակին վերջ դնելու միակ միջոցն է, մինչդեռ՝ վարակի տեսակների բազմացումը կարող է վնաս հասցնել առկա պատվաստանյութերի արդյունավետությանը:

Պատվաստումը նաեւ մեր տնտեսություններին ու ազատություններին խոչընդոտող սահմանափակումները վերացնելու նախապայման է. սահմանափակումները վնասակար են ամբողջ աշխարհի համար, բայց՝ ավելի ծանր հարվածը բաժին է հասնում զարգացող երկրների տնտեսություններին: Առաջատար երկրները՝ իրենց քաղաքացիների շրջանում համավարակի ազդեցությունը սահմանափակելու համար սոցիալական մեխանիզմներին եւ տնտեսական քաղաքականության լծակներին ապավինելու ավելի լայն հնարավորություններ ունեն։
Եթե պատվաստումների բացը շարունակի պահպանվել, այն վտանգում է շրջել աղքատության կրճատման եւ անհավասարությունների վերացման վերջին տասնամյակների համաշխարհային միտումը։ Նման բացասական դինամիկայի պահպանումը կարող է խոչընդոտել տնտեսական ակտիվացմանը եւ դառնալ աշխարհաքաղաքական լարվածությունների ավելացման առիթ։ Անգործունեության դեպքում առաջավոր տնտեսություններն, անշուշտ, կվճարեն ավելի բարձր գին, քան այն է, ինչ մենք միասին պետք է ներդնենք աշխարհի բնակչությանը պատվաստելու համար: Ուստի ԵՄ-ը ողջունում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 50 միլիարդ ԱՄՆ դոլար բյուջե նախատեսող ծրագրի վերաբերյալ առաջարկությունը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել 2021 թվականի ընթացքում աշխարհի բնակչության 40 տոկոսի, իսկ մինչեւ 2022 թվականի երկրորդ կեսը՝ 60 տոկոսի պատվաստումը:

Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է նախաձեռնել մանրակրկիտ համակարգված բազմակողմանի գործողություններ։ Մենք պետք է դիմակայենք «պատվաստանյութերի դիվանագիտության» կողմից ներկայացվող սպառնալիքներին, որոնք պատվաստանյութերի տրամադրումը կապում են քաղաքական նպատակների եւ «պատվաստանյութերի ազգայնականացման» հետ՝ պատվաստանյութի դեղաչափերը վերապահելով սեփական շահերի համար։ Ի հեճուկս մյուսների՝ համավարակի բռնկման սկզբից եւեթ երկու մոտեցումներն էլ մերժվել են ԵՄ կողմից. գլոբալ դերակատարների շրջանում մենք միակն ենք մինչեւ հիմա պատվաստում մեր բնակչությանը, միեւնույն ժամանակ արտահանելով պատվաստանյութերի մեծ ծավալներ եւ մեծապես նպաստելով պատվաստանյութերի տարածմանը ցածր եկամուտ ունեցող երկրներին: Եվրոպացիները կարող են հպարտանալ այս բարձր ցուցանիշով:

2020 թ.-ին ԵՄ-ը ցուցաբերել է մեծածավալ աջակցություն պատվաստանյութերի վերաբերյալ հետազոտությունների անցկացմանն ու դրանց մշակմանը՝ նպաստելով mRNA պատվաստանյութերի նոր սերնդի ստեղծմանը: Այնուհետեւ, դառնալով նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խոշոր արտադրող, Եվրոպական միությունն՝ ըստ ԱՀԿ տվյալների՝ տրամադրել է աշխարհում մինչ այժմ օգտագործված դեղաչափերի ընդհանուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Բացի այդ, ԵՄ-ն արտահանել է 240 միլիոն դեղաչափ դեպի 90 երկիր՝ մոտավորապես նույնքան, որքան մենք օգտագործել ենք ԵՄ ներսում:

Եվրոպական միությունը՝ ԵՄ անդամ պետությունների եւ ֆինանսական հաստատությունների հետ միասին, մենք այն կոչել ենք «Եվրոպայի թիմ» (Team Europe), նվիրաբերում է պատվաստանյութերի դեղաչափեր կարիք ունեցող հարեւան երկրներին, մասնավորապես՝ Արեւմտյան Բալկանների պետություններին: Մեր նպատակն է մինչեւ 2021 թվականի ավարտը նվիրաբերել առնվազն 100 միլիոն լրացուցիչ դեղաչափ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին՝ ըստ Եվրոպական խորհրդի վերջին հանդիպման շրջանակներում ձեռք բերված համաձայնության։ 2.8 միլիարդ եվրո բյուջե կազմող «Եվրոպայի թիմ»-ը նաեւ «COVAX» նախաձեռնության հիմնական ներդրողն է. այն թույլ է տալիս ապահովել պատվաստանյութերի հասանելիություն ավելի աղքատ երկրներին։ Մինչ այժմ «COVAX»-ի կողմից դեղաչափերի առաքման շուրջ մեկ երրորդը ֆինանսավորվել է ԵՄ կողմից: Այնուամենայնիվ, պատվաստումների բացի ավելացումը կանխարգելելու համար ներդրված այս ջանքերը դեռ հեռու են բավարար լինելուց:

Այդ բացը լրացնելու համար պատշաճ գիտելիք եւ այլ միջոցներ ունեցող երկրները պետք է մեծացնեն իրենց արտադրական հզորությունը՝ կարողանալու պատվաստել իրենց բնակչությանը, ինչպես նաեւ արտահանել ավելի մեծ քանակով պատվաստանյութեր՝ ինչպես դա անում է ԵՄ-ը: Պատվաստանյութ ստեղծող ընկերությունների հետ համագործակցությամբ՝ մենք աշխատում ենք մինչեւ 2021 թվականի վերջ ավելացնել ԵՄ պատվաստանյութերի արտադրության հզորությունը, այն հասցնելով մինչեւ տարեկան շուրջ 3 միլիարդ դեղաչափի: Արդյունաբերական ոլորտի մեր եվրոպական գործընկերները պարտավորվել են մինչեւ 2021 թվականի ավարտը 1.3 միլիարդ դեղաչափ մատակարարել ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ անվճար, իսկ միջին եկամուտ ունեցող երկրներին՝ ավելի ցածր արժեքով: Նրանք նաեւ պարտավորվել են 2022 թվականին շարունակել մատակարարումը՝ առաքելով ավելի քան 1.3 միլիարդ դեղաչափ, մեծամասամբ «COVAX»-ի միջոցով:

Բոլոր երկրները պետք է խուսափեն պատվաստանյութերի մատակարարման շղթաներին ներազդող սահմանափակող միջոցների ներդրումից:

Մենք նաեւ պետք է նպաստենք գիտելիքների եւ տեխնոլոգիաների փոխանցմանը, որպեսզի ավելի շատ երկրներ կարողանան արտադրել պատվաստանյութեր։ Մենք մեր կողմից վճռականորեն խրախուսում ենք եվրոպական արտադրողներին զբաղվել պատվաստանյութերի արտադրությամբ, հատկապես՝ Աֆրիկայում: Մայիսի 18-ին Փարիզում մասնակցեցի ֆինանսական օժանդակություն Աֆրիկային գագաթաժողովին, որտեղ մայրցամաքի ղեկավարներն ընդգծեցին, որ պատվաստանյութերի 99 տոկոսը Աֆրիկան ներմուծում է դրսից: Այդ իրավիճակը պետք է փոխել: Այդ նպատակով «Եվրոպայի թիմ»-ը մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ ուղղված աֆրիկյան գործընկերների հետ Աֆրիկայում պատվաստանյութերի, դեղամիջոցների եւ առողջապահական տեխնոլոգիաների արտադրական կարողությունների խթանմանը, որին կհատկացվի 1 միլիարդ եվրո ֆինանսավորում ԵՄ բյուջեից եւ եվրոպական զարգացման ֆինանսական հաստատությունների կողմից:

Կամավոր լիցենզավորումը տեխնոլոգիայի եւ գիտելիքի փոխանցումն ապահովելու արտոնյալ միջոց է: Եթե պարզվի, որ դա անբավարար է, գործող «TRIPS» համաձայնագրով եւ 2001 թ. Դոհայի հռչակագրով արդեն նախատեսվում է պարտադիր լիցենզավորման հնարավորությունը: Ըստ որոշ երկրների, սակայն՝ այդ ճկունությունները չափազանց բարդ են եւ չափազանց դանդաղ՝ օգտագործման համար: Տեխնոլոգիաների փոխանցումն արագացնելու նպատակով ԵՄ-ն ԱՀԿ շրջանակներում մինչեւ հունիսի սկիզբը հանդես կգա նոր առաջարկով:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մեզ հիշեցրեց այն մասին, որ առողջությունը գլոբալ հանրային բարիք է: Պատվաստումների բացը փակելու նպատակով նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներին ուղղված մեր ընդհանուր գլոբալ գործողությունը պետք է լինի առաջին քայլը դեպի իրական գլոբալ առողջապահական համագործակցություն, ինչպես նախատեսվում է Առողջապահության համաշխարհային գագաթաժողովի ընթացքում վերջերս ընդունված Հռոմի հռչակագրով:

Ջոզեպ ԲՈՐԵԼ
Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության
քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ,
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930