Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Այս ընտրությունները Հայաստանի պատմության ամենավտանգավոր, ամենախայտառակ ընտրություններն են լինելու»

Հունիս 07,2021 18:33

«Գնում եք ընտրությունների, սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, եւ առայժմ իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները»,-այսօր Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ այսպես սկսեց իր խոսքը արտահերթ ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող եւ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Մինչ բուն ելույթին անցնելը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց․«Թեկնածուների զգալի մասին չեմ էլ ճանաչում։ Իրենց հրապարակումներից, ելույթներից  գիտեմ, բայց անձամբ ծանոթ չեմ եղել։ Ցուցակը վարչությունն է կազմել։ Վստահ եմ՝  այս պահին դուք կազմել եք լավագույն ցուցակը»։

Ապա` անդրադառնալով նախընտրական իրավիճակին, պարոն նախագահն  ասաց՝ կա երկու բեւեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության․««Ամեն գնով» բառը ես հենց այնպես չեմ օգտագործում, պատրաստ են ամեն ինչի, երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճալու՝ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Դեռ ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն, սկսվում է վիճակ, որ մենք այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը, (հաստատվեց մեր լոզունգը՝ «Լրջանալու պահը»), հակառակը,  նրանք այդ պահը օգտագործել են երկրի վիճակն ավելի խորը փոսը նետելու համար: Ոչնչի առջեւ չեն կանգնելու, իմացե՛ք»։

Պարոն նախագահը հորդորեց չհավատալ որեւէ մեկի ազնիվ խոսքին, ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի․ «Մենք տեսել ենք արդեն նրանց ազնիվ խոսքն ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։  Հիմա չգիտեմ՝ Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է, եթե որեւէ մեկը հավատում է նրանց որեւէ խոսքի, կներեք, ես կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ խելքի վրա»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց իր առաջարկը նախկին նախագահներին, եւ կրկին պնդեց՝ դա մի հրաշալի միջոց էր այս  վիճակից դուրս գալու՝ շատ հանդարտ, հանգիստ կատարելու իշխանափոխություն եւ ձեւավորելու հրաշալի ճգնաժամային կառավարություն․ «Կար այդ միջոցը, մի քանի անգամ խոսել եմ,  նորից եմ կրկնեմ՝ եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալու դաշինքով, բայց մեկ պայմանով՝ մեզանից որեւէ մեկը  չէր  հավակնելու պետական որեւէ պաշտոն զբաղեցնելու։ Միանգամից լուծվում էր ամեն ինչ՝ Փաշինյան երեւույթը կվերանար Հայաստանից, նախկին նախագահներն էլ հանգիստ հետ կքաշվեին, կձեւավորվեր մի հրաշալի, տեխնոկրատներից կազմված մի կառավարություն, մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից, քաղաքական դեմքեր չի ուզում, հիմա այդպիսի պրոֆեսիոնալներ պետք է լինեին, որոնք հանգիստ մեկ-երկու տարում կարող էին երկրի վիճակը շտկել։  Բայց Քոչարյանն ու Սերժը մերժեցին այս առաջարկը»։

Ելույթի  ժամանակ պարոն  նախագահին մոտեցավ ՀԱԿ անդամ, նախընտրական ցուցակում ընդգրկված Ավետիս Ավագյանն ու ինչ-որ բան ասաց,  Տեր-Պետրոսյանը հումոր արեց․ «Սա էլ իմ ոստիկաններն են, մոտենում մի բան են ասում՝ միկրոֆոնին չկպնես, բաժակին չկպնես։ Այս ասելուց հետո Տեր-Պետրոսյանը  առջեւ դրված  բաժակով  ջուրը խմեց ու շարունակեց․ «Մի ոստիկան էլ այնտեղ է նստած՝ Մուսինյանը։ Փախա՞վ, դռները փակեք ներս չթողնեք։ Նա փախչողը չի, մինչեւ հոգիս չհանի՝ չի փախչի»։

Ապա` շարունակեց ելույթը, նշելով՝ երեք նախկին նախագահներով դաշինք կազմելու ծրագիրը հրաշալի լուծում էր․ «Էդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում, իրար հետ դաշինք ենք կազմում։ Լավ, անբարոյական ենք, բայց միակ փրկության ձեւը սա էր։  Հիմա սա չեղավ։ Ի՞նչ է լինելու․ ճակատամարտ, դեռ չեմ ասում քաղաքացիական պատերազմ։ Առայժմ իրենց ռեսուրսների,  համակիրների ճակատամարտն է, դրանցով էլ չեն բավարարվելու ընտրությունների ընթացքում։ Երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր խախտումների դեպքում անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում,  եւ դրանք կարող են արդեն անկառավարելի դառնալ։ Սա է վիճակը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930