Առաջատար կոնգրեսականներ ու սենատորներ լուրջ մտահոգություններ հայտնեցին Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման կապակցությամբ՝ այս շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ տեղի ունեցած 2022թ.-ի ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի բյուջեի հայտի լսումների ժամանակ, հաղորդեց Համագումարը:
Հունիսի 8-ի Պետդեպարտամենտի բյուջեի վերաբերյալ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ճնշող խոսքով դիմեց պետքարտուղար Բլինկենին՝ Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը կասեցնելու Վարչակազմի որոշման հետ կապված: Այս բանաձևը օրենքի ուժ է ունեցել 1992թ.-ից և սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը «մինչև այն չձեռնարկի ցուցադրական քայլեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար»:
Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ ինքը «հիասթափված» էր, որ Վարչակազմը երկարացրեց 907 Բանաձևի կասեցումը «չնայած Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա»:
Կասեցումը ստանալուց հետո հանձնաժողովի նախագահ Մենենդեզն ասաց, որ Ադրբեջանը սկսեց «միջամտել Հայաստանի փաստացի տարածքային ինքնիշխանությանը» և «չի ազատել հայ ռազմագերիներին, ինչը միջազգային իրավունքի խախտում է»:
Կարդացեք նաև
«Երբ մենք (Վարչակազմ) կասեցրեցինք այն, մենք նրանց համար կանաչ լույս վառեցինք»,– ասաց հանձնաժողովի նախագահ Մենենդեզը:
Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինկենն ասաց, որ Վարչակազմը «կշարունակի ուսումնասիրել այս հարցը»:
«Ես ակտիվորեն աշխատել եմ այս հարցի շուրջ, մասնավորապես` բանտարկյալների վերադարձն ապահովելու և հարցի կարգավորման շուրջ քննարկումների ու բանակցությունների փաստացի գործընթացի մեջ ներգրավվելու ուղղություններով»,– ասաց պետքարտուղար Բլինկենը: «Հուսով եմ, որ կարող ենք այնտեղ որոշակի լծակներ ձեռք բերել, բայց կարծում եմ, որ ապագայում մենք պետք է շարունակենք ուսումնասիրել ու վերանայել այս հարցը»:


«Հաշվի առնելով անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի սանձազերծած պատերազմը, սիրիացի վարձկանների օգտագործումը, ռազմագերիների անարդար կերպով պահումը, հայկական կրոնական ու մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը, ինչպես նաև բազմակի ներխուժումները սահմաններից ներս` խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, մենք ողջունում ենք Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեզին, ենթահանձնաժողովի նախագահ Լիին և կոնգրեսական Շերմանին այս մտահոգությունները բարձրաձայնելու համար և հորդորում ենք Վարչակազմին չեղարկել կասեցումը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
Ամերիկայի հայկական համագումար



















































