Լրահոս
Օրվա լրահոսը

Iphone-ներ հավաքելու գործը կապանցի կանանց տալուց մինչեւ Սյունիքի անվտանգություն ու գերիների վերադարձ. Արամ Սարգսյանը պատասխանում է կապանցիներին

Հունիս 18,2021 22:22

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր առցանց պատասխանեց կապանցիների հարցերին:

Թե ինչու առցանց՝ Արամ Սարգսյանն այսպես բացատրեց. «Ես շատ-շատ ուզում էի Կապան գալ, նախորդ ընտրություններում ձեր մոտ առաջադրվել էի: Ամբողջ խնդիրը նրանում է, որ այս ընտրությունները ընկել են ամառվա տապին, բայց այդ ամառվա հետ բազմաթիվ տեղերում նաեւ անձրեւ է գալիս: Այն, ինչ մենք պլանավորել էինք քարոզարշավի ժամանակ, որ կարող էինք այցելություններ կատարել ու մարդկանց հանդիպել, այդ օրերին չկարողացանք, հորդառատ անձրեւ էր գալիս եւ ստիպված էինք լինում հասնել Գյումրի ու օրն անցկացնել շտաբում: Կեսօրվա շոգին գյուղերում մարդ չկա, երեկոյան զովին էլ արդեն անձրեւ է գալիս»:

Մի բնակիչ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է անվտանգ ապրել Սյունիքում: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ մեզ, բարեբախտաբար, փրկօղակ է ուղարկված. «Մակրոնը՝ Ֆրանսիան եզ փրկօղակ են տվել, Անվտանգության խորհրդի անդամ է, ԱՄՆ-ն համաձայն է, Չինաստանը համաձայն է: Ես համոզված եմ, ՌԴ-ն նույնպես համաձայն է, որովհետեւ իրեն ձեռնտու չի մերժել մեզ: Իմ կարծիքով միակ տարբերակը այսօր Հայաստանի եւ Արցախի սահմաններին անվտանգություն ապահովելու լրացուցիչ անվտանգության երաշխիքներ բերելն է: Չկա որեւէ այլ տարբերակ: Մնացածներն ասում են՝ է՛լ ավելի սերտացնել, բայց ես չեմ հասկանում՝ է՛լ ավելի սերտացնելը որն է: ՌԴ-ի հետ ունենք թե՛ ռազմական փոխօգնության պայմանագիր, թե՛ ընդհանուր հակաօդային պայմանագիր, թե՛ օդային պայմանագիր, թե՛ բազայի պայմանագիր, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի պայմանագիր, բայց պատերազմն ավարտվել է ու ավարտից հետո մենք անընդհատ կորցնում ենք, մեր սահմանները խախտվում են, նոր գերիներ են վերցնում: Ռուսաստանը հակված չէ այս խնդիրները լուծելու: Հաշտության պայմանագիրը ստորագրել է 3 ուժ, հիմնական ուժը, որը հանդիսանում է դատավոր կամ արբիտր, ՌԴ-ն է, բայց իրենք քայլ չեն անում: Դրա համար մենք գտնում ենք, որ միայն  Ռուսաստանով այս խնդիրները լուծել հնարավոր չէ եւ նոր արտաքին խաղացողներ ներգրավել է պետք»:

Կապանցին նաեւ հարցրեց՝ ինչպե՞ս ու ե՞րբ կգան մեր գերիները ու ինչպե՞ս կանխել նոր գերիներ ունենալը: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ՌԴ-ն համարում է, որ իր միջոցով է հաստատվել այս հարաբերական խաղաղությունը կամ հաշտության հայտարարությունը. «Մենք պիտի աշխատենք Ռուսաստանի հետ, Ռուսաստանին ճնշենք, որ ինքը պարտավորություն է վերցրել այդ առումով, ինքը այդ խնդիրը կատարի: Գերիների հետ բերման համար ունենք 3 մեխանիզմ՝ քաղաքական, ռազմական եւ իրավական: Քաղաքական հարթության առումով պիտի աշխատենք բոլոր երկրների հետ, դիմենք աշխարհի բոլոր երկրներին: Իրավական հարթությունում էլ մեր Արտակ Զեյնալյանը պրոֆեսիոնալ մակարդակով աշխատում է»:

Կապանցի մի կին հետաքրքրվեց, թե Սյունիքում աշխատատեղերի հարցը ոնց է լուծելու: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ Ամերիկան  200 հազար «կանացի աշխատատեղ» է ուզում տեղափոխել այն երկրներ, որոնք չեն մրցակցի ԱՄՆ տնտեսության հետ, օրինակ, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա ու կապանցուն հուսով արեց. «Պատկերացրեք, Կապանում 5000 կին աշխատում է նման աշխատավայրում, հավաքում են, ենթադրենք, կոմպյուտերներ, iPhone-ներ եւ ամսական ստանում են 1200-1600 դոլար գումար: Դա քաղաքի կյանքը, ընտանիքների կյանքն ամբողջությամբ կփոխի: Մենք բոլորս գիտենք, թե ինչքան կարեւոր է կանացի  գումարը տանը, որովհետեւ տանը թե՛ նեղության, թե՛ ուրախության ժամանակ ամենակարեւոր փողը ինչքան էլ հայրիկը բերի, մայրիկի պահած փողն է, որը ի հայտ է գալիս ու մտնում ընտանիքի բյուջե նեղ պահերին: Նման խնդիր լուծելու համար իշխանությունները պիտի հաշվառեն, թե Կապանում ինչքան կին կա 25-ից մինչեւ 45 տարեկան, որը  կհամաձայնի 2-6 շաբաթ դասընթացներ գնա, պետությունը պիտի վճարի այդ դասընթացների գինը եւ տրամադրի տարածք, որը հարմարեցվի նման աշխատանք հավաքելու համար՝ կլինի կոմպյուտեր, հեռախոս, թե ուղղակի տեխնիկայի մեջ օգտագործվող պլատաներ»:

Արամ Սարգսյանը հորդորեց ընտրել, թե ինչպիսի Հայաստան են ուզում՝ ՌԴ-ից կախված հետամնաց տնտեսությա՞մբ, թե՞ իր նկարագրած:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930