Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատները վերցնե՞լ, թե՞ հրաժարվել. «Հրապարակ»

Հունիս 22,2021 11:41

Սոցցանցերում ակտիվ քննարկումներ էին ծավալվել՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ հրաժարվել՝ առաջացնելով սահմանադրական եւ քաղաքական ճգնաժամ։ Կողմ արտահայտվողների փաստարկն այն էր, որ երկու դաշինքների, իսկ նախկինում՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների գլխավոր առաքելությունը Նիկոլ Փաշինյանից ազատվելն էր, ինչն անհնարին է դառնում, եթե այդ դաշինքները խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունով մտնեն խորհրդարան։ Հետեւաբար՝ պետք է կրկին փողոց վերադառնալ ու իշխանություններին պարտադրել հեռանալ։

Նշենք, որ երեկ վաղ առավոտից այս հարցով ակտիվ քննարկումներ են ծավալվել երկու շտաբներում էլ, սակայն մանդատները չվերցնելու փաստարկները հիմնավոր չեն, եւ, ըստ ամենայնի, ընդդիմությունը կվերցնի մանդատները՝ փաստարկելով, որ չպետք է երկիրը թողնել իշխող ուժի արկածախնդիր կառավարմանը, որպեսզի ներսից պայքարեն նրա դեմ եւ օգտագործեն խորհրդարանական ամբիոնը։ Այսօր առավոտյան «Հայաստան» դաշինքի առաջնորդներն ասուլիսով հանդես կգան, կպատասխանեն բոլոր հարցերին։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ, ով, ի դեպ, Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի երկրորդ համարն էր եւ մասնակցում էր ընտրություններին, մեզ հետ զրույցում կրկնեց, թե ստեղծված իրավիճակում հրաժարումը միակ լուծումն է, եթե ոչ՝ ապա հետո ուշ կլինի։ «Սա նաեւ գրեթե բոլոր ուժերի համար մի վերջին հնարավորություն է՝ ապացուցելու, որ իրենք այս գործընթաց են մտել երկիրը փրկելու ազնիվ ցանկությամբ, ու մի կողմ թողնեն անձնական ու գաղափարական տարաձայնությունները»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե «մանդատների բոյկոտով» խորհրդարանը լուծարելու հիմքեր չառաջանան, ավելին՝ իշխանությունն ունի սահմանադրական մեծամասնություն՝ թե՛ կառավարություն ձեւավորելու, թե՛ սահմանադրական նախագծեր ընդունելու համար, ի՞նչ կտա ընդդիմության բոյկոտը, պատասխանեց․ «Խորհրդարանում առաջանալու է հակասահմանադրական իրավիճակ։ Այո, խորհրդարանը կշարունակի աշխատանքները, բայց մեր Սահմանադրությամբ խորհրդարանը չի կարող մեկ ուժով գործել, 1/3-ն էլ պարտադիր պետք է ընդդիմադիր լինեն։ Հիմա, եթե այդպիսի իրավիճակ առաջանա, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում դա կնշանակի․․․ չգիտեմ ոնց բնութագրեմ։ Պատկերացրեք, որ երեխան ծնվի՝ երկու ոտքերն էլ աջ լինեն»։

Մեր հաջորդ դիտարկմանը, որ իշխող թիմն այդ խեղված վիճակով էլ կշարունակի աշխատել, թեկուզ «երկու աջ ոտքով» կգործի հինգ տարի, պատասխանեց «Ինքը կաշխատի որպես հերմոֆրոդիտ խորհրդարան՝ այնքան, որքան կձգի։ Իսկ կձգի հինգ տարի, թե պակաս՝ կախված կլինի մեր ընդդիմությունից»։

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքին աջակցություն հայտնած մտավորականներից մեկի՝ Գագիկ Ղազինյանի գնահատմամբ էլ՝ մանդատներից հրաժարվելու խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան իրավական․ «Խնդիրը վերաբերում է երկրի կայունությանը, անվտանգությանը, ինչի կբերի հրաժարվելը, սահմանադրական ճգնաժամը․․․»։ Այլ հարց է, որ, Ղազինյանի խոսքով, ընդդիմադիրներն ընտրությունների արդյունքները պետք է անպայմանորեն վիճարկեն Սահմանադրական դատարանում․
«Դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող»։ «Այդ վիճարկումը կարող է հետեւանքներ առաջացնել։ Եթե հանկարծ բողոքները ճանաչվեցին հիմնավոր, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, դա կբերի հասկանալի իրավական հետեւանքի։ Խոսքը վերաբերում է ամբողջ գործընթացին։ Նույն վարչապետի պաշտոնակատարը, օրինակ, իրավունք ունե՞ր մնալ պաշտոնակատարի կարգավիճակում կամ՝ նախընտրական քարոզչությունը չսկսած՝ քարոզ անել։ Սրանք բոլորն ազդել են ընտրությունների վրա, հետո արդեն քարոզչության փուլում թույլ տրվածները, էլ չեմ ասում՝ քվեարկության ընթացքում ինչ է եղել։ Այնպես որ, խոսքը միայն այն մասին չէ, թե որքան քվեաթերթիկ է կեղծվել։ Եթե քաղաքական ուժերն այդ բոլոր խախտումները ֆիքսել են եւ կարողանան ՍԴ-ում փաստարկված ներկայացնել, կառաջացնի նոր իրավիճակ՝ իր հնարավոր հետեւանքներով»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930