Լրահոս
Օրվա լրահոսը

«Չափազանց պատասխանատու առաքելություն է ծառայել լեգենդար սպաների եւ զինվորների հետ»

Հունիս 30,2021 13:00

Հարցազրույց ԶՈՒ N զորամասի գնդերեց Կարեն սարկավագ Սարգսյանի հետ

– Մեր ազգային Եկեղեցուն հակասող երեւույթներից է բախտագուշակությունը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ չեն սպասում Աստծո տված իրենց հասանելիքին, այլ դիմում են բախտագուշակներին։

– Գիտե՞ք՝ հացադրման մեջ արդեն իսկ պատասխանն առկա է՝ բախտագուշակությունը քրիստոնեության արժեհամակարգին, արժեքաբանությանը հակասող, խորթ երեւույթ է։ Բայց եթե գնանք հարցի բուն էությանը, պիտի առավել ընդհանրացնեմ եւ ասեմ, որ այն ոչ միայն քրիստոնեությանն է հակասող, այլեւ՝ կրոնի գաղափարաբանությանն առհասարկ։ Այդուամենայնիվ, կոնկրետացնելով հարցադրումը եւ գալով քրիստոնեության պարագային՝ ասվածի լավագույն ապացույցը, թերեւս, աստվածաշնչյան համապատասխան տեղիների մեջբերումը կլինի. նախ՝ «Երկրորդումն Օրինաց» գիրքում հրաշալի եւ տիպիկ անդրադարձ կա այս երեւույթին, որտեղ ոչ միայն երեւույթն է քննադատության թիրախում, այլեւ դրանով զբաղվողները եւ նրանց այցելուները, որոնք համարվում են Տիրոջ օրենքների պատվիրանախախտներ. «Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից: Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես: Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս վարուելու հրաման չի տուել»։ Հատվածը, կարծեք, լավագույն արտահայտությունն է այս խոտելի երեւույթի վերաբերյալ Եկեղեցու վերաբերմունքի (Բ Օրենք 18։10-15)։

Ինչ վերաբերում է ձեր հարցադրման երկրորդ մասին, մարդը մեղավոր էակ է, եւ, որպես այդպիսին, հետաքրքրությունն եւ ապագան իմանալու անհագ տենչ ունի, սակայն սա եւս ընկալելի չէ, որովհետեւ ունենք աստվածադիր հաջորդ պատգամը, որ շարադրված է Մատթեոսի Ավետարանում. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կտայ։ Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կհոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար» (Մտթ. 6։34-35)։ Այսինքն՝ դիմելով բախտագուշակների, հարցուկների, գուշակների եւ տարատեսակ այսօրինակ մարդկանց՝ մենք մեր ակնհայտ անվստահությունն ենք հայտնում Տիրոջը։

Նաեւ ունեմ մեկ այլ կարեւոր նկատառում՝ մենք անդադար շտապում ենք եւ երբեմն առիթն ու հնարավորությունը չենք ունենում կշռադատելու եւ չափելու մեր գործողությունները, ինչը նաեւ ուղղակի արդյունք է այս մարդկանց այցելությունը։ Հեռո՛ւ մնացեք, սիրելինե՛ր, նմանատիպ երեւույթներից, եւ վստա՛հ եղեք, որ Տերը Ձեր վաղվա օրվա մասին հոգացել է, իսկ այդ մարդկանց, որոնք զբաղվում են նման «գործերով», խորհուրդս է՝ դադարեցնել եւ գայթակղության քար չհանդիսանալ մարդկանց համար, որովհետեւ. «Վայ նրան, ում ձեռքով գայթակղութիւնը կգայ» (Ղուկ. 17։1)։

– Նույն համատեքստում նաեւ ուզում եմ խոսենք կրոնական նորածիլ կազմակերպությունների մասին։ Ինչպե՞ս են այդ կազմակերպությունները հոգեորսություն իրականացնում։ Ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ։

– Այո՛, դուք ճիշտ նկատեցիք, որ այս հարցին հանգամանորեն անդրադառնալը իրապես շատ կերկարի մեր զրույցը եւ նյութի ծավալը էականորեն կմեծացնի, ուստի դրանց առանձին-առանձին չենք անդրադառնա, բայց ընդհանուր կերպով կխոսնեք այդ կազմակերպությունների վնասակար եւ շատ դեպքերում՝ ազգակործան դրսեւորումների մասին։ Այսօր Հայաստանում գործում են գրեթե յոթ տասնյակ կրոնական կազմակերպություններ, որոնց դեմ պայքարը Եկեղեցին կարելիության չափ իրականացնում է։ Նախ՝ պաշտոնական Եկեղեցու հավատամքից կամ դավանանքից շեղված այս կազմակերպություններին գիտական հանրույթում ընդունված է անվանել որպես աղանդ։

«Նոր Հայկազյան» բառարանը, ինչպես նաեւ Ստեփանոս Մալխասյանցի «Բացատրական բառարան»-ը բառի բացատրության լուսանցքում հասկանում են իբրեւ մոլություն կամ նոր հավատք։ Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ հնում աղանդ են համարվել ոչ քրիստոնեական կրոնները, ինչպես օրինակ՝ գնոստիկները, հեթանոսները, պարսից զրադաշտական կրոնը եւ այլն, որոնց լավագույն ապացույցն այսօր ոսկեդարյան մեր մատենագիրներից մեկի՝ Եզնիկ Կողբացու դարակազմիկ «Եղծ աղանդոց» կրոնա-փիլիսոփայական աշխատությունն է։ Նրանք ունեն իրենց գործունեության համար կիրառվող հստակ հնարավորություններ. անդրադառնում են յուրաքանչյուր մարդու հոգեւոր պահանջներին՝ կյանքի իմաստի փնտրտուք, հոգու անմահության վերաբերյալ հավատք, ազատագրում տանջանքներից ու տառապանքներից, անմահություն, ինքնակատարելագործում եւ այլն։ Բայց այս հոգեւոր պահանջմունքների կողքին եւ սրանցից զատ՝ այսօրինակ կազմակերպությունները տիրապետում են հսկայական ֆինանսական հնարավորությունների, որոնց կիրառումը եւս նպաստում է հոգեորսության իրականացմանը։

Սրա դեմ ուղղված աշխատանքները պետք է լինեն համալիր. մեզանից յուրաքանչյուրը պետք է հակված լինի այս երեւույթների զարգացման կանխարգելման տեւական եւ բարդ հանձնառությանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք այս մարդկանց պետք է առանձնացնենք, օտարացնենք մեզանից։ Որպես բարեպաշտ քրիստոնյաներ՝ յուրաքանչյուրս ունենք հստակ պարտականություն՝ օգնելու մեր քույրերին եւ եղբայրներին, որոնք այսօր սխալ եւ խոտելի ճանապարհի վրա են։

– Դուք նաեւ ԶՈՒ գնդերեց եք։ Հորդորների ժամանակ խոսո՞ւմ եք զինվորների հետ առաքինությունների մասին։ Լինո՞ւմ են հետաքրքիր հարցադրումներ։ Կխնդրեմ՝ մի քանիսը ներկայացնեք։

– Հիմա ԶՈՒ ծառայում եմ որպես գնդերեց։ Գիտե՞ք, չափազանց պատասխանատու եւ կարեւոր առաքելություն եմ համարում այս կարգավիճակը, որում եմ այսօր։ Լինել բանակում, ծառայել լեգենդար սպաների եւ զինվորների հետ ու նրանց կողքին՝ քեզ համար, իբրեւ երիտասարդ հոգեւորական, բացի այն հանգամանքը, որ մեծագույն պատասխանատվություն է, այլեւ՝ մեծ բավականություն եւ գործունեության նորովի հնարավորություն։

Մենք բոլորս ապրում ենք մեր պատմության ամենից պատասխանատու եւ դժվարին շրջաններից մեկը։ Հետպատերազմյան Հայաստանում առհասարակ եւ մանավանդ Զինված ուժերում պատերազմի արհավիրքը առավել տեսանելի եւ շոշափելի է, բայց, Աստծու կամոք, ամեն բան կամաց-կամաց հաղթահարում ենք միասին։ Պատկերացրեք, որ զորքս ու զորամսս իմ առօրյայի կիզակետում են, իմ բոլոր ջանքերի իրացման կենտրոնում են։ Պիտի անպայման շեշտեմ, որ ծառայությունը դժվար է, բայց դժվարությունների հետ նաեւ շատ քաղցր եւ շատ բովանդակալի։
Ամենօրյա գրաֆիկով ես ունենում եմ զրույցներ իմ սիրելի զինվորների ու սպաների հետ, որոնց ժամանակ երկուստեք ստանում ենք անփոխարինելի ջերմություն եւ տարաբնույթ գիտելիքներ՝ թե՛ իրենց հետաքրքրող, թե՛՝ ինձ։ Առաքինությունների մասին, թերեւս, ես առանձին, շեշտված զրույցներ չեմ ունենում իմ զինվորների հետ, որովհետեւ բարձրաստիճան սպայից մինչեւ ամենապարզ շարքային զինվորը, որն անցել է այդ դաժան պատերազմով, ինքն իր կերպարով՝ արդեն մարմնացումն է այդ առաքինությունների։

Իհարկե, հետաքրքիր հարցադրումներ լինում են, որոնք թե՛ ծառայողական բնույթի են, թե՛ անձնական են։ Հավատացե՛ք, որ հարցերը, որոնք նրանք հնչեցնում են, երբեմն շատ խորն են, որոնք խոսում են պատերազմով անցած զինվորի հասուն, կշռադատված եւ հայրենասեր կերպարի մասին։ Լինում են աստվածաբանական տարաբնույթ հարցեր եւս, որոնք, անկեղծ ասած, ինձ նույնիսկ զարմացնում են։ Օրինակ՝ մի զինվոր ինձ հարցրեց հարութենական կյանքի մասին Քրիստոսի երկրորդ գալուստից հետո. ի՞նչն էր հատկապես հետաքրքրական, որ այդ երեխան մանրամասն եւ շատ ճշգրիտ մեկնաբանություններ էր անում՝ անընդհատ հղում անելով Եկեղեցու հայրերին։ Սակայն երբ ես հարցրի՝ ունի՞ աստվածաբանական կրթություն, պատասխանեց՝ ոչ, ինքը ապագա տնտեսագետ է։ Ունեցել եմ նաեւ շատ պարզ հարցադրումներ՝ կապված հոգեւորականի հագուստի գույնի, սափրի առկայության հետ, ճեմարան ընդունվելու, ճեմարանական ուսման բարդությունների հետ եւ այլն։ Ուզում եմ անպայման նշել, որ հուրախություն ինձ՝ ունեմ մեկ զինվոր, որ ցանկություն է հայտնել ծառայությունը ավարտելուց հետո իր կրթությունը շարունակելու Գեւորգյան հոգեւոր ճեմարանում։

– Ինչո՞ւ արատավոր երեւույթներն ավելի են շատանում մարդկանց մեջ։ Սա ճիշտ չապրելու արդյո՞ւնք է։

– Ցավոք սրտի, Ձեր նկատառումը ճիշտ է՝ արատավոր երեւույթները մեր հասարակության մեջ շատացել են։ Իհարկե, մեկ ընդհանրացված սահմանմամբ՝ կարելի է ասել, որ, այո՛, սա ճիշտ չապրելու արդյունք է։ Բայց ես սրա կողքին նաեւ անխուսափելիորեն պիտի դնեմ եւս մեկ կարեւոր հանգամանք՝ մենք չենք սիրում մեր սխալներից դասեր քաղել. մեզանից յուրաքանչյուրը լավ խորհրդատու է, բայց քչերն են, որ խորհուրդը լավ լսող են։ Նաեւ պիտի գամ շեշտելու այն կարեւոր դիտարկումը, որ վերը նշեցի. մենք չափից դուրս շատ ենք շտապում։ Արատավոր երեւույթներ միշտ էլ կան բոլոր հասարակություների մեջ, որովհետեւ մարդը մեղավոր արարած է։ Միեւնույն ժամանակ սա արդարացնող հանգամանք չէ, ինչպես այն պարագայում, երբ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Մեզ նաեւ սերն է պակասում։ Սիրե՛նք, հարգե՛նք իրար ու լինե՛նք միմյանց հանդեպ հանդուրժող։

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930