Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս կարծես իմ արվեստի ուղեցույցը լինի, բայց…»

Հուլիս 26,2021 10:30

Հարցազրույց միջազգային մրցույթների դափնեկիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանի հետ:

– Դուք վերջերս եք համալրել թատրոնի բալետային խումբը եւ օրերս էլ ձեզ հանդիպեցինք Կարենի դերապարով՝ Խաչատրյանի «Գայանե»-ում։ Մեր տեղեկություններով՝ 2020թ. համավարակի բուռն շրջանում օնլայն ձեւաչափով մասնակցել եք ոչ թե մեկ, այլ մի քանի միջազգային մրցույթների՝ արժանանալով մրցանակների։ Կմանրամասնե՞ք։

– Միջազգային մրցույթներին մասնակցությունս սկսել եմ դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջում ուսանելու տարիներին։ Ավարտական կուրսում էի, երբ ընդունվեցի թատրոն, որտեղ գործընկերներս իսկապես մեծ ոգեւորությամբ, սիրով ինձ դիմավորեցին։ Այո, Կարենը առաջին դերապարս է։ Ներկայացման մեջ իմ եւ Նունեի կերպարը մարմնավորող Կարինա Շիկանյանի հետ փորձերն անցկացրին բալետարվեստի ճանաչված դեմքեր՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Սոնա Առուստամյանը եւ մենապարող, բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը։

Անդրադառնալով մրցույթներին իմ մասնակցությանը, նշեմ, որ դրանք սկսվել են 2019թ.-ից։ Առաջինը Վրաստանում կայացած Վախթանգ Չաբուկյանի անվան պարի 6-րդ միջազգային մրցույթն էր, որտեղ «Ժամանակակից պար» անվանակարգում արժանացա առաջին մրցանակի։ Նույն թվականին Չինաստանում մասնակցեցի «GIDC» մրցույթին, զբաղեցրի 2-րդ հորիզոնականը՝ դարձյալ «Ժամանակակից պար» անվանակարգում։ Հետո արդեն համավարակի դաժան տարին էր՝ 2020թ., թեեւ այդ դաժանությունը դեռեւս շարունակվում է, Մոսկվայում կայացած Ալեքսանդր Գոդունովի անվան մրցույթին արժանացա Գրան պրիի։ Այդ մրցանակը կրկնվեց նաեւ ԱՄՆ-ում՝ «World Super Star» մրցույթում… – Ասում են՝ ընթացիկ տարին սկսվելուն պես միջազգային մրցույթներից ձեր «ավարը» էլ ավելի մեծ է։

– Այո, փետրվարից սկսած, դարձյալ օնլայն ձեւաչափով, մասնակցեցի մրցույթների Իտալիայում, Լեհաստանում, Մեքսիկայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Արաբական Էմիրություններում։

– Ավելի քան 20 տարիների ընթացքում մեզ հանդիպած կարիերան նոր-նոր սկսած բալետի առաջին արտիստն եք միջազգային մրցույթների մասնակցության եւ մրցանակների թվով։ Համոզված ենք՝ լայն ընթերցողին է նույնիսկ հասկանալի, թե ինչ են տալիս նման միջոցառումները երիտասարդ արտիստներին, բայց կուզեինք իմանալ՝ հասցրե՞լ եք հրավեր ստանալ արտասահմանյան որեւէ թատրոնից կամ բալետային խմբից։

– Հրավերներ դեռեւս չեն եղել, բայց թույլ տվեք առանց մանրամասնելու ասել, որ առաջիկայում ծրագրել եմ մասնակցել այլ մրցույթների եւս։ Կարծում եմ՝ առաջարկներ կլինեն։

– Հետաքրքիր է՝ առաջարկների դեպքում կհայտնվե՞ք այլ թատրոնում, ինչպես ժամանակին վարվեցին ձեր մի քանի տասնյակ ավագ գործընկերները, որոնք 1990-ականներից զարդարում են արեւմտյան բեմերը, որոշներն էլ արդեն անցել են բեմադրիչի աշխատանքի։

– Նշեցիք, որ դեռ նոր-նոր եմ սկսել կարիերան։ Առայժմ ցանկությունս է մեր թատրոնում հնարավորինս ավելի հաճախ հանդես գալ մենապարերով։

– «Կարենին» ո՞ր մենապարը կհաջորդի։

– Ի դեպ, մինչ թատրոն ընդունվելը հանդես եմ եկել բալետային եւ օպերային ներկայացումներում, այդ թվում՝ Խաչատուրյան՝ «Չիպոլինո», Շոր՝ «Բյուրեղապակյա դղյակ», Տիգրանյան՝ «Անուշ» եւ վերջերս էլ՝ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի պրեմիերային։

– Թեեւ կրկնվում ենք, բայց կարիերան նոր սկսած արտիստի համար ոչ միայն մրցույթներին ձեր մասնակցությունն է մեծ, այլեւ պարզվում է՝ թատրոնի խաղացանկային շատ ներկայացումներում եք ընդգրկված։ Ինչպես ասում են՝ աչքով չտանք։ Բայց հնարավո՞ր է, որ այս ամենում իր դերակատարությունն ունի ձեր հայրը՝ թատրոնի նախկին մենապարող Անդրանիկ Սարգսյանը։

– Միանշանակ՝ այո։ Ավելին ասեմ՝ հայրս կարծես իմ արվեստի ուղեցույցը լինի։ (Ժպտում է)։

– Ստացվում է, որ ձեզ էլ հարկավոր չէ ունենալ պրոդյուսեր, իմպրեսարիո…

– Դա ապագան, ավելի ճիշտ՝ ժամանակը ցույց կտա։ Բայց, անկեղծ ասած՝ չէի հրաժարվի։

– Թեեւ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, բայց տարիները կգլորվեն եւ դուք էլ 40 տարեկանից հետո՝ եթե ոչ մի քանի տարի շուտ, հրաժեշտ կտաք բեմին։ Չե՞ք կարծում, որ հենց հիմիկվանից է պետք աչքի առաջ ունենալ երկրորդ մասնագիտության տեսլականը։ Օրինակ՝ Գերմանիայում շատ վաղուց կառավարությունը ուսման համար անվերադարձ գումար է հատկացնում բեմից հեռացած բալետի արտիստին՝ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով։ Իսկ մեզ մոտ… Հուսով ենք՝ գոնե 8-րդ գումարման Ազգային ժողովը առաջնահերթ կլուծի բալետի արտիստի եւ ընդհանրապես պարողի՝ թոշակի անցնելու հարցը՝ սահմանելով կոնկրետ տարիք։ Շուրջ քառորդ դար է՝ բարձրաձայնում ենք այս խնդրի մասին, որ նույնիսկ մասնագետ լինել պարտադիր չէ՝ հասկանալու, որ պարողը չի կարող ընդհանուր հիմունքներով 63 տարեկանից թոշակի անցնել։

– Թոշակի մասին մտածել, բնականաբար, դեռ մտքովս չի էլ անցնում (ժպտում է)։ Ինչ վերաբերում է երկրորդ մասնագիտություն ձեռք բերելուն, կարծում եմ՝ դեռ շատ մտքեր կգան ու կգնան։ Բայց որ այն պետք է լինի դարձյալ մշակույթի ոլորտից, դա այսօր հաստատ կարող եմ ասել։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031