Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, եթե դիվանագիտորեն ձեւակերպեմ, կգնահատեմ իրավազուրկ եւ անօրինական»

Օգոստոս 13,2021 09:12

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիմաց  «Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով եւ Վիլսոնի իրավարար վճռով սահմանված Հայաստանն է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ Արեւմուտքի ռազմավարական շահերի հենքը» օրակարգով ակցիայի կազմակերպիչ Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հարկավոր է, որպեսզի  սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան ակտիվանան, ասաց. «Այդ հայտարարությունը, եթե դիվանագիտորեն ձեւակերպեմ, կգնահատեմ իրավազուրկ եւ անօրինական: Իսկ եթե քաղաքական ձեւակերպում տամ՝ դավաճանություն: Որովհետեւ ցանկացած դելիմիտացիա եւ դեմարկացիա հնարավոր է իրականացնել միայն այն բանից հետո, երբ հստակեցվում է իրավական հիմքը: Այսօր մենք ի՞նչ ունենք: Ունենք միայն նախկին սովետական, Ստալինի գծած, հետագայում փոփոխված զուտ վարչական գծեր, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական պետական սահման դառնալու համար: Առաջինն այն պատճառով, որ դրանք վարչական են, միջպետական չեն, որի մասին մի երկու շաբաթ առաջ անգամ Պուտինը խոսեց: Երկրորդը, որ Ադրբեջանը ինքն է հրաժարվել սովետական ժառանգությունից: Հետեւաբար, մենք պետք է վերադառնանք Ադրբեջանի առաջին հանրապետության իրողություններին եւ դրա հիման վրա կատարենք այդ դելիմիտացիան եւ դեմարկացիան:

Մենք դեմ չենք ո՛չ խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ դելիմիտացիային ու դեմարկացիային: Բայց նախ պետք է հստակեցվի հիմքը, որը երկու առաջին հանրապետությունների սահմաններն են, նոր մնացածը արվի: Ինչ անում է այսօրվա իշխանությունը, առաջին հերթին չիմացություն է, եթե չասեմ տգիտությունը, եւ երկրորդը այն մեծ մոլորությունն է, որ կարծում են՝ թե ինչպես Փաշինյանն է ասում, եթե դելիմիտացիա անենք, ապա դա պատի պես կկանգնի ու կպաշտպանի մեզ: Ինքը մի՞թե չի տեսնում, որ շատ երկրներ, որոնց սահմանները ճանաչված են եղել, մասնավորապես, Թուրքիայի կողմից ենթարկվել են հարձակումների: Հիշենք Կիպրոսը, Սիրիան, Իրաքը: Այնպես որ, ամեն ինչ տալ այն հույսով, թե Ադրբեջանը պետք է բարյացակամություն կամ խաղաղասիրություն ցուցաբերի, արմատական սխալ է»:

Խոսելով Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի արձակած հրամանի մասին, թե ով կհատի Հայաստանի սահմանը, թույլատրվում է կրակել, Արա Պապյանը ասաց. «Ես այդ հրամանին լուրջ կմոտենայի, եթե բոլոր նախորդող դեպքերը չեզոքացվեին, այն սահմանները, որ մերն են եղել ու վիճելի չեն անգամ վարչական առումով, ներխուժածներին սաստեին ու վտարեին: Այս պահին Ադրբեջանը ավելի խորանալու խնդիր չի դնում, դրա համար այդ հրամանը շատ ձեւական է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031