Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեք, որ հրամանը չեղարկել եք, պետք չէ կեղտ լցնել մեր սպաների վրա». Վլադիմիր Պողոսյան

Օգոստոս 15,2021 21:47

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական, Արցախյան առաջին պատերազմում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Վլադիմիր Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը նշեց. «Ամեն ինչ գալիս է նրանից, որ անպատասխանատու հայտարարություններ ենք անում: Հիշում եք՝ ինֆորմացիայի արտահոսք եղավ ՊՆ-ից, որ կոլեգիայի նիստի ժամանակ խոսակցություն է եղել, որ եթե հակառակորդը սահմանն անցնի, մենք ուժ կկիրառենք, եւ դա տարածվեց մամուլում:

Հարց է առաջանում՝ նախ հակառակորդը վաղուց անցել է սահմանը եւ Սեւ լճում նստած է, եթե պատրաստ եք, գնացեք մաքրեք ու դրանց, հետ շպրտեք մեր սահմանից։  Նույն հայտարարությունն արվում է նաեւ երրորդ կորպուսի հրամանատարին ներկայացնելիս, հետո ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, ապա ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ հանդիպման ժամանակ եւս, բայց  տարբերություն կա այդ հայտարարության եւ մամուլում եղածի միջեւ… Չգիտես ինչու մամուլում եղած հայտարարության մեջ ասվում է, որ այսպես ենք անելու, այնպես ենք անելու: Ուզում եմ ասել, որ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, ինչի մասին արդեն զգուշացրել եմ բոլորին»:

Վլադիմիր Պողոսյանը շեշտում է. «Առաջին մարդը, որ ուզում է հակառակորդին դուրս շպրտենք, դա ես եմ, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք հայտարարություններ անելիս: Բացի այդ, բանակը չպետք է հայտարարություններ անի, բանակը պետք է իր գործն անի: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հայտարարության այն մասը՝ եթե մեկը չկրակի կամ հետ կանգնի, կպատժենք: Այսինք, ի՞նչ են ուզում մեր ժողովրդին ասել՝ մինչև հիմա, որ հակառակորդն այնտեղ նստած է, մեր սպանե՞րը չեն ուզել, մեր բանա՞կը չի ցանկացել: Ուրեմն հրաման է եղել, չէ՞: Ուզում եք ժողովրդին ապացուցել, որ իբր մեր սպաները թո՞ւյլ են, ո՜չ, ուրեմն ասեք, որ այդ հրամանը չեղարկել ենք ու հիմա հրամայում ենք կրակել…Պետք չէ կեղտ լցնել մեր սպաների վրա:

Ես նույն օրը բոլորին զգուշացրել եմ, որ նման հայտարարությունից հետո մի քանի ժամից պատասխան եք ստանալու, ես  իսկապես մի քանի ժամ անց Թուրքիայում անվտանգության նիստ հրավիրվեց, հետո Ալիեւը խոսեց, հետո սահմանին կրակոցները սկսվեցին… Այժմ նրանք տեղեկատվական դաշտում պայմաններ են ստեղծում, իբր մենք կրակում ենք եւ սադրանքներով ենք զբաղված, որպեսզի հարձակվելու դեպքում, ասեն, որ իրենք չեն, մենք ենք մեղավոր; Երեկ էլ Ալիեւը հայտարարություն արեց, որ եթե պատրաստվում եք ինչ-որ քայլերի, ես կապացուցեմ, որ դուք ի վիճակի չեք դրան…

Մենք, իհարկե, Ալիևից չենք վախենում, պարզապես հարց է ծագում՝ ինչո՞ւ դուք փոխանակ լուռ բանակը պատրաստեք, այլ ոչ թե նախկինի նման հայտարարեք «Արցախը Հայաստան է եւ վերջ», էլի ստիպում եք, որ հակառակորդը պատերա՞զմ սկսի: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: PR-ի համար նման քայլեր անելը շատ վտանգավոր են: Ես բոլորին նորից զգուշացնում  եմ՝ պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, պետք է շատ զգույշ աշխատել, որովհետեւ վիճակը շատ լուրջ է:

Կամ ինչու ենք  միշտ ՀԱՊԿ-ին դիմում, միշտ Ռուսաստանին ասում ենք՝ եկեք մեր տարածքները պահեք, ի՞նչ է, մենք բանակ չունե՞նք, սահմանապահ զորքեր չունե՞նք, այսինքն մեր սուվերենությունը հանձնում ենք ուրիշին, չնայած Ռուսաստանը մեր դաշնակիցն է,բայց միեւնույն է՝ հանձնում ենք մեր սուվերենությունը, եթե երրորդ երկիրն է պաշտպանում մեր սահմանները:

Ի՞նչ ենք ուզում ցույց տալ ժողովրդին՝ որ բանակ չունենք եւ ստիպված դիմում ենք Ռուսաստանի՞ն: Ես համաձայն չեմ, ժողովուրդը հավատում է, որ բանակ ունենք: Քանի որ երեսուն տարվա մեջ մեր բանակը մինչեւ այսօր բարձր վարկանիշ ունի, երեւի դա ինչ-որ մեկին ձեռնտու չէ, ուզում են այդ վարկանիշը ջարդել: Երկու նման ինստիտուտ ունենք՝ եկեղեցի եւ բանակ, որ բարձր վարկանիշ ունեն, ինչո՞ւ ենք բանակի վրա կեղտ լցնում: Եթե ռուսներին ու ՀԱՊԿ-ին ասում ենք՝ եկեք կանգնեք, ուրեմն ուզում ենք ապացուցել, որ բանակ չունե՞նք…Հակառակորդն էլ ասում է՝ դուք ինչ պետություն եք, ի վիճակի չեք ձեր սահմանները պահել, ու նույն ժամանակ մենք հայտարարություն ենք անում, որ ուժ ենք կիրառելու:

Ես չեմ հասկանում, թե ինչ ենք անում, ուր ենք գնում: Թող զբաղվեն բանակով, լավ սպասարկեն բանակին, մեր դիրքերում ահագին բաներ պակասում են, ինչպես, ասենք, գիշերային տեսանելիության սարքավորումները, կամավորներն են տարբեր ապրանքներ ու սարքավորումներ տանում , գուցե դրանո՞վ զբաղվենք, բանակը պատրաստենք, ոչ թե հայտարարություններ անենք, որ հետո բանակը արյուն թափի:

Պետք է ուժեղանանք: Մենք  պետք է հասկանանք մի բան՝ ՀԱՊԿ-ը չի գալու, չի կանգնելու, ղազախը ադրբեջանցիների վրա չի կրակելու, ոչ էլ կիրգիզը կամ բելառուսները…Այնպես որ այդ հայտարարությունները անիմաստ զրույցներ են: Եթե ուզում ենք դիմել ինչ-որ մեկին ու ստիպել, նախ եւ առաջ մեր դաշնակից Ռուսաստանին պետք է դիմենք, որի հետ 1997թվականից պայմանագիր ունենք, եթե մեր վրա հարձակվում են կամ կրակում են, այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում: Հետաքրքիր է, ինչո՞ւ Ռուսաստանին այդ պայմանագրով չեն դիմում, այլ ՀԱՊԿ-ին են դիմում»:

Վլադիմիր Պողոսյանն ընդգծում է, որ շատ լուրջ պետք է գնահատել իրավիճակը եւ չանել այնպիսի հայտարարություններ, որոնք Ադրբեջանին կմղեն պատերազմը սկսելու. «Եվ նրանք  կսկսեն պատերազմը, որպեսզի փորձեն մեզ ապացուցել, որ եթե նման քայլեր եք անում, մենք էլ այսպես կվարվենք:Մի արտահայտություն կա՝ քաղաքականությունը սիրում է հանգստություն: Այնպես որ  մեր գործով պետք է հանգիստ զբաղվենք եւ պետությունն ուժեղացնենք, ոչ թե գոռալով, լոպազ հայտարարություններով փորձենք ինչ-որ մեկին վախեցնել, հատկապես որ ոչ մեկ չի վախենում, բայց շատ մեծ վտանգներ են առաջանում:

Այդ հայտարարություններից հետո հիմա Ադրբեջանը հարց է բարձրացնում, որ զորքը պետք է Ղարաբաղից դուրս գա, ինչը շատ վտանգավոր է: Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ եթե դրանք փորձ անեն Արցախում զորք չմնա, ժողովուրդը կսկսի Ղարաբաղից դուրս գալ, որովհետեւ մեր բանակից բացի ոչ մեկին չի վստահում: Դա նշանակում է, որ մեկ ամսից էլ Ռուսաստանն է դուրս գալու Ղարաբաղից, որովհետեւ Ալիեւն ասելու է՝ էլ մարդ չկա՝ ում ես պաշտպանում: Ահա տեսեք, թե մի հայտարարությունը քանի վտանգ է պարունակում: Ես նաեւ մամուլին եմ դիմում՝ պետք չէ նման բաները տիրաժավորել եւ ուռա-ուռայով առաջ գնալ: Միեւնույն է օգուտ չի լինելու, բայց վնասը մեծ է լինելու, բանակն է տուժելու, իսկ  մեզ ժամանակ է պետք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ armeniasputnik.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031