Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Բոլոր միջոցները ձեռնարկելու եմ ոչ թե որևէ մեկի ճաշակին համապատասխան, այլ՝ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի շրջանակներում». Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների մտահոգությունների առիթով

Օգոստոս 24,2021 15:33 Share

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ-ում հարցրեց՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման հարցը ի՞նչ պետք է լինի, քանի որ ադրբեջանցիները նրանց ջրամաբարի տարածքում են, և ի՞նչ է լինելու Կութ համայնքի բնակիչների փոխհատուցման հարցը, քանի որ նրանց 80 գլուխ անասունը ադրբեջանցիները հափշտակել են: Նիկոլ Փաշինյանը, չպատասխանելով հարցին, բերեց Այգեպար համայնքի օրինակը, նշելով, որ այդտեղ ճանապարհ են ասֆալտապատել:

Խոսելով անվտանգային խնդիրներին առնչվող հարցի մասին՝ նա ասաց. «Էն երկիրը, որ փաստացի պատերազմի տրամաբանության մեջ է, չի կարող խոսել քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանության մասին: Սա է պատճառը, որ ասում եմ՝ պետք է գնալ խաղաղության օրակարգով»:

Թագուհի Թովմասյանն արձանագրեց, որ քաղաքացիների անվտանգության, կյանքի իրավունքի պաշտպանության հարցում դեռևս որեւէ շոշափելի քայլեր տեսնել չենք կարող: Այնուհետեւ, հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ է եղել լրագրող, բարձրացրեց ՀՀ ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողների մտահոգությունները, որ երբեք նման սահմանափակումներ չեն եղել, որ լրագրողները չկարողանան անգամ իշխանական խմբակցության մոտով անցնել ու հարցրեց՝ ի՞նչ է մտածում կառավարությունը:

Կառավարության ղեկավարը պատասխանեց. «Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորումների հետ կապված ունենք առաջարկ. պետք է օրենսդրական փոփոխություններ առաջարկել, որոնք սահմանում են ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կարգավորումներ կմտցնեն: Կան նաև աննախադեպ շատ իրավիճակներ. այսօր էլ ԱԺ-ում աննախադեպ իրավիճակ ունենք, երբ կառավարությունը պարտավոր է անդրադառնալ աննախադեպ քայլերով: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ լրատվամիջոցների իրական շահառուներին: Թույլ չեմ տալու, որ ժողովրդավարությունը դառնա ամենաթողության համար պատշաճ հարթակ, և բոլոր միջոցները ձեռնարկելու եմ ոչ թե որևէ մեկի ճաշակին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատների շրջանակներում: Իսկ սահմանապահ համայնքների հետ կապված՝ Ձեր դիտարկումը ընդունում եմ ի գիտություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել