«Գյուղի բնակիչները շատ են, մանկապարտեզի տարածքը փոքր, որի պատճառով շատ երեխաներ չենք կարողանում ընդունել: Մանկապարտեզը բարվոք վիճակում է, խնդրահարույց հարցեր չկան, միակ խնիդրը դա է: Լավ ու ակտիվ երեխաներ ունենք, սակայն շատ խմբեր չենք կարողանում կազմել, ստիպված բավարարվում ենք քչով: Թե՛ տնօրինությունը, թե՛ աշխատակազմը լավ է աշխատում, սակայն գյուղացիները դժգոհում են, որ մեկի երեխային կարողանում ենք ընդունել, մյուսինին ոչ, բայց խնդիրը մեզանում չի կայանում: Եթե տարածքի հարցը լուծվի՝ շատ հարցերում կշահենք, մեզ պետք է, որ այս խնդրի կողքով անտարբեր չանցնեն ու քայլեր ձեռնարկվեն դրա լուծման համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գեղահովիտի մսուր-մանկապարտեզի դաստիարակներից մեկը:
Մենք տեղեկություն էինք ստացել, որ գյուղի բնակիչները դժգոհություն ունեն, որ մանկապարտեզի տարիքի շատ երեխաներ դուրս են մնում մանկապարտեզից՝ շենքային պայմաններ չունենալու պատճառով:
«Գյուղի հեռավորությունը Երեւանից 130 կիլոմետր է, ունի 6400 բնակիչ, 3 դպրոց, 1 մանկապարտեզ, որն էլ ունի 3 խումբ, 2-ը՝ նախադպրոցական։ Ամեն տարի առաջին դասարան է ընդունվում միջինում 100 երեխա, սակայն նրանցից 60-ն է ստանում նախադպրոցական կրթություն։ Արդյունքում ամեն տարի բավարար շենքային պայմաններ չունենալու պատճառով ակամայից ոտնահարվում է միջինում 40 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը։ 2012 թվականին հիմնովին վերանորոգվել է մանկապարտեզի շենքը, կահավորվել խաղահրապարակը, սակայն լրացուցիչ խմբասենյակի կառուցումը կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Ծաղիկ Սարգսյանն ու հավելում, որ խնդիրն ավելի արագ լուծում կստանա, եթե հայտնվեն բարերարներ։
Aravot.am-ը խոսեց նաեւ երեխաների ծնողների հետ, որոնք նույնպես տարածքի հարցը խնդիր էին համարում:
Կարդացեք նաև
«Լավ կլիներ, որ խմբերը ավելացնեին, խաղահրապարակը ավելի բարեկարգվեր։ Ընդհանուր առմամբ՝ ես շնորհակալ եմ մեր մանկապարտեզի տնօրինությունից, դաստիարակներից եւ մնացած աշխատողներից։ Ասեմ, որ մանկապարտեզը գնալով բարգավաճում է։ Օգոստոսի 5-ին տղայիս ավարտական հանդես-ցերեկույթն էր, շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Ես, որպես ծնող, հիացած եմ մանկապարտեզի աշխատակազմի վերաբերմունքից ու աշխատանքից»,- ասաց երեխաներից մեկի ծնողը՝ Աննա Ոսկանյանը:

Նշենք, որ համայնքի դպրոցներից մեկը՝ Գեղահովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցը, հիմնովին վերանորոգվում է: Պարոն Պողոսյանի խոսքով, վերանորոգման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա սկզբից եւ ընթանում են բարեհաջող, նախատեսում են սահմանված ժամանակամիջոցում վերջացնել աշխատանքներն ու դպրոցը տալ շահագործման:
Վերջերս էլ համայնքում խմելու ջրի խնդիր էր առաջացել: Բնակիչների խոսքով, խմելու ջուրը մաքուր չէ: «Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ մեզ մոտ բանջարանոցային ոռոգման սեզոնի ժամանակ խմելու ջրի հետ կապված խնդիրներ են առաջանում եւ որոշ դեպքերում խաթարվում է ջրամատակարարումը: Այժմ համայնքում իրականցվում է 900 մլն. ՀՀ դրամի ծրագիր Գեղահովիտ գյուղի ամբողջ ներքին ցանցի արդիականացման, ջրի նոր ջրավազանների կառուցման եւ տեղի բնակիչներին անխափան խմելու ջրով ապահովելու ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղահովիտ համայնքի համայնքապետ Վարդան Պողոսյանը:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.08.2021



















































