Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր գիտելիքի ու դպրության օրն անցկացրեց Գյումրու Խրիմյան Հայրիկի անունը կրող թիվ 41 դպրոցում։ Նա 27 տարի առաջ այս դպրոցում է սովորել հայերենի տառերը։
Շիրակի մարզպետն առաջին դասարանցիներին ուղղված իր բարեմաղթանքում ասաց, որ գիտելիքից ավելի թանկարժեք բան չկա կյանքում։
«Գիտելիքից թանկ, գիտելիքից կայուն, գիտելիքից մնայուն բան չկա աշխարհում։ Գիտելիքն է, որ մեր ձեռքը բռնած՝ տանում է հետաքրքիր ճանապարհ, որը կոչվում է կյանք»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Կարդացեք նաև
Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում էլ խոսեց խնդիրներից։
Նա ցավով տեղեկացրեց, որ մարզի մի քանի գյուղական համայնքներում առաջին դասարանցիներ չկան։
«Իրականում այդ գյուղերը շատ փոքր բնակչությամբ են, ցավոք, բայց մենք պիտի շարունակենք այդ տարածաշրջանները զարգացնել, որպեսզի մարդիկ շարունակեն այդտեղ ապրել, ավելի շատ մարդիկ գնան ապրելու ու նման խնդիրներ չլինեն»,-ասաց Հովհաննես Հարությունյանը։
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանից ճշտեցինք, որ նախնական տվյալներով, Ամասիայի տարածաշրջանի 3 գյուղական բնակավայրեր՝ Շաղիկ, Ջրաձոր և Ծաղկուտ համայնքները չունեն առաջին դասարանցիներ։
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ մարզում առաջին դասարանցիների թվաքանակը էապես չի պակասել։ Նա հույս հայտնեց, որ շուտով առաջին դասարանցիների պակաս չի լինի, քանի որ անցած տարվանից ողջ հանրապետությունում ունենք ծնելիության բարձր մակարդակ։

Նա կարևորեց նաև պատվաստումները։
«Պատվաստումների մակարդակը պետք է բարձրացվի կոլեկտիվներում, որպեսզի համավարակի տարածման շղթան լիարժեք կարողանանք տնօրինել», -ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































