Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատը պետք է ղեկավարի անբասիր կենսագրություն ունեցող արհեստավարժ անձ

Սեպտեմբեր 02,2021 14:30

Երբ ընդհանուր հասանելիության համացանցում որոնում ես «Լեւոն Յոլյան» բառերը, բեռնվում են վերջինիս անմիջականորեն առնչվող զանազան կոռուպցիոն եւ քրեական պատմությունների վերաբերյալ մամուլում արված բազմաթիվ հրապարակումներ: Եվ եթե լրատվամիջոցներով հրապարակայնորեն ներկայացված են նման աղաղակող փաստեր, ապա ակամայից հարց է առաջանում, թե ինչո՞ւ դրանք պատկան մարմինների կողմից պատշաճ արձագանքի, ուշադրության եւ վերաբերմունքի չեն արժանանում: Իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնողի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքն ու իրավական հիմնավորումները բազմիցս անգամներ իմ եւ մեր փաստաբանական խմբի անդամների կողմից հրապարակայնորեն ներկայացվել են, ինչի կապակցությամբ, ի դեպ, պատրաստվում ենք դիմել նաեւ Սահմանադրական դատարան:

Ուստի, սույնով հերթական անգամ դիմում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությանը եւ անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետեւյալի առնչությամբ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է: Սահմանադրության 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ: «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:

Վերջերս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում էր Կառավարության ծրագիրը, ինչի կատարման շրջանակներում Հաշվեքննիչ պալատի գործնական դերակատարությունն առավել քան գերակա է:

Մինչդեռ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ներկայումս աշխատող անձի որդեգրած եւ արդեն տեւական ժամանակ հետեւողականորեն իրականացվող անթաքույց պասիվությունն ու այսպես կոչված՝ «ջայլամային» քաղաքականությունը, մասնավորապես` վերջինիս կողմից հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն չներկայացնելը, որեւէ կերպ չի տեղավորվում վերը նշված իրավական ակտերի իմպերատիվ ձեւակերպումների մեջ եւ ուղղակիորեն հակասում է Հաշվեքննիչ պալատի գործունեության օրենքով ամրագրված նպատակների իրականացմանը: Աներկբա է, որ հասարակությունը երբեւէ ականատես չի լինում Լեւոն Յոլյանի կողմից տրվող մամլո ասուլիսներին, արվող հրապարակային ելույթներին եւ/կամ այլ եղանակով տեղեկատվության տրամադրմանը, ինչը գործնականում պիտի լինի արտաքին պետական աուդիտի բարձրագույն մարմնի միակ ու ամենահզոր զենքը:

Ավելին` Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատն անդամակցում է հաշվեքննություն իրականացնող բարձրագույն մարմինների միջազգային, եվրոպական եւ ասիական կազմակերպություններին՝ INTOSAI, EUROSAI, ASOSAI, որտեղ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից վերոհիշյալ գործառույթների իրականացումը ձեւավորված նախադեպային պարտադիր պայման է:
Ուստի, հարկ է, որպեսզի ՀՀ պետական բյուջեի հաշվեքննությունն իրականացնող սահմանադրական մարմինը ղեկավարի արհեստավարժ եւ անբասիր կենսագրություն ունեցող անձ:

Հետեւաբար անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահի բարձրաստիճան պաշտոնում անբասիր կենսագրություն ունեցող ու ժողովրդի հեղինակությունը վայելող արհեստավարժ անձ նշանակելու, ինչպես նաեւ ներկայիս պաշտոնատարի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված աղմկահարույց իրավական փաստերը պատշաճ ուշադրության եւ գնահատանքի արժանացնելու համար:

Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
իրավագետ

Ա – Պատրաստ ենք լսել նաեւ Լեւոն Յոլյանի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ
01.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930