«Ասում էր՝ մա՛մ, գլուխդ բարձր պահիր ու միշտ հպարտ եղիր: Երբեք էլ Արամը չթողեց, որ մեր գլուխը կախենք»,-Aravot.am-ի հետ զրույցում արցունքն աչքերին ասաց հերոս Արամ Գույումջյանի մայրը՝ Քրիստինե Գույումջյանը:
Արամ Գույումջյանը ծնվել է 2001-ի մարտի 1-ին՝ Երևանում: 2019-ին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժին: Հուլիսի 9-ին զորակոչվել է զինծառայության: Վեց ամիս ուսումնական զորամասում՝ որպես հրետանավոր անցկացնելով, կրտսեր սերժանտ, բանակի գերազանցիկ շքանշանակիր Արամը 2020-ի հունվարի 10-ից ծառայությունը շարունակել է ԱՀ Պաշտպանության բանակում: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Նա զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ Հորադիսում: Արամ Գույումջյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Մայրը հպարտությամբ է հիշում՝ Արամը շատ սիրում էր պատմական գրքեր կարդալ, շատ երազանքներ ուներ, բայց մնացին կիսատ: Արամն այնքան էր սիրում կարդալ, որ ծառայության ընթացքում էլ միշտ իր հետ գրքեր են եղել, իսկ մայրիկի նվիրած գիրքը տվել էր ծառայակից ընկերոջը: Արամի զոհվելուց հետո նա գիրքը վերադարձրեց տիկին Քրիստինեին:



Կարդացեք նաև
Արամի քույրը՝ Ալլան, շատ է կարոտում եղբորը, ծառայության ընթացքում նրան նամակներ էր գրում: Մեզ հետ զրույցում չկարողացավ զսպել հուզմունքը, արտասվեց՝ նշելով, թե շատ է եղբորը կարոտում, կուզեր՝ ինքն իր կողքին լինել:
Արամի տատիկը՝ տիկին Ալլան, ասում է՝ Արամն այնքան ամաչկոտ էր, կարծես այս դարի երեխա չլիներ: Նա հիշում է՝ Արամը հայրիկի հետ առանձնահատուկ հարգանքով ու ակնածանքով էր շփվում:
Ընկերները մի այլ սիրով, հպարտությամբ ու ջերմությամբ են հիշում Արամին: Մեկը պատմեց իրենց ծանոթության մասին, մյուսը, թե ինչպես էր իր գրադի վրա գործ անում: Նրանք հավաստիացրին. «Միշտ Արամ անունը, Գույումջյան ազգանունը կմնա մեր մեջ որպես ընկեր մեր շարքերում, մեր ամեն օրվա, ամեն պահի մեջ»:
Արամի հայրիկի՝ Գագիկ Գույումջյանի հետ այցելեցինք Եռաբլուր պանթեոն: 2021-ի ապրիլի 7-ին Արամի մարմնի՝ հարազատներին հասած մասունքը հուղարկավորվել է այստեղ: Գագիկ Գույումջյանն ասաց՝ մինչև 44-օրյա պատերազմը Արամը եղել է մարտական դիրքերում: Ու մանրամասնեց. «Սեպտեմբերի 26-ի գիշերը շատ լարված էր. խոսակցությունից հասկացա, հետո զգաց՝ ինչ-որ բան զգում եմ, անջատեց հեռախոսը: Հետո Արամը զանգեց ավելի ուրախ տրամադրությամբ: Բայց երբ առավոտյան արթնացանք, հասկացանք՝ պատերազմ է սկսվել, հասկացա Արամի այդ լարվածության պատճառը»:


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































