Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով դատարանում ցուցմունք տվեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 09,2021 16:54

«Փաստինֆո». Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Մամուլի տեղեկություններով, հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկի վերաբերյալ դրվագն անջատվել է և այժմ գտնվում է դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը դատարան էր եկել իր փաստաբանի հետ։ Վերջինս հայտնեց, որ ամբաստանյալն իր հորեղբոր թոռան ամուսինն է, աշխատել է իր մոտ՝ որպես օգնական, իսկ տուժող կողմին չի ճանաչում, հանդիպել է միայն առերեսման ժամանակ։ Դեպքի օրվան անդրադառնալով՝ Սարգսյանը նշեց, որ Հարություն Գրիգորյանին մեքենայով իջեցրել է մարզպետարան, ինչից հետո գնացել է խանութ , առևտուր արել, ապա գնացել տուն՝ հանգստանալու։

«Զանգ եմ ստացել Հարություն Գրիգորյանից, որ հասնում է իմ բնակարան, ինչ-որ բան ունի ասելու։ Եղել է հուզված վիճակում, պատմել է դեպքից ինչ-որ դրվագներ։ Ավելի հստակ տեղեկատվություն ստանալու համար զանգել եմ ոստիկանության մարզային վարչության պետին, ում հետ հանդիպել եմ, տեղեկացրել իմ իմացածը, ինքն էլ՝ իր ինֆորմացիան»,- նշել է նախկին մարզպետը ու ասել, թե ոստիկանապետը խորհուրդ է տվել, որ իր օգնականը՝ Հարություն Գրիգորյանը ներկայանա ոստիկանություն, ինչին չի առարկել։

Տ. Սարգսյանը դատարանում նշել է, որ ոստիկանապետի հետ իր հանդիպումից հետո Հարություն Գրիգորյանին ասել է, որ գնա ոստիկանություն։

Ավելին, նա դատարանում հայտարարեց, թե որքանով հիշում է իրեն ասել են, թե տուժողն ընկել է, ընդ որում՝ չէր հիշում այսօրինակ տեղեկատվության հստակ աղբյուրը։ Մեկ որպես սխալ ինֆորմացիայի աղբյուր նշեց տուժողի ընկերներ, մեկ՝ շտապօգնությանը։
Մեղադրող դատախազի դիտարկմանը, որ տուժող կողմը և մի քանի վկաներ պնդել են, որ Տրդատ Սարգսյանին տեսել են դեպքի վայրում՝ Սարգսյանը պնդեց, թե ինքը դեպքի վայրում չի եղել։

«Այն շենքում, որտեղ բնակվել եմ, առաջին հարկում գործել է ատամնաբուժարան, տեսախցիկը դռան մուտքը նկարահանում է, և ակնհայտ երևում է, թե ես երբ եմ մտնում բնակարան և երբ եմ դուրս գալիս։ Ես դեպքի վայրում չեմ եղել, ցուցմունքները սուտ են, թե ինչ մոտիվ ունեն ցուցմունք տվողները, կարծում եմ, որ հետամուտ կլինեք և կբացահայտեք՝ արդյոք հրաման են կատարել, վախից ելնելով են ասել, թե փորձել են արդարանալ տվյալ վիճակում հայտնվելու համար, որ չեն օգնել իրենց ընկերոջը»,- հայտարարեց Սարգսյանը՝ նշելով, թե գործը փորձ է արվում քաղաքականացնել։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրն էլ արձագանքեց՝ նշելով, որ եթե վերջինս մեղավոր չէ, դեպքի վայրում չի եղել, դեպքից երկու տարի է անցել՝ գոնե մեկ անգամ զանգեր։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ
Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930