Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ սրբազանը՝ Թուրքիայից եկող դրական ազդակների եւ ՀՀ կառավարության մտադրությունների մասին

Սեպտեմբեր 09,2021 18:03 Share

«Եթե դու ճանապարհ ես տալիս ինչ-որ մեկ ուրիշի, դու էլ դրա դիմաց շահ պետք է ունենաս: Փոխադարձ շահից բացի՝ նաեւ անվտանգությունը պետք է կարողանաս ապահովել: Ամեն ինչ ճշգրիտ պետք է հաշվարկված լինի»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ սրբազանը: Հարցը վերաբերում էր Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջեւան ճանապարհի տրամադրմանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայից եկող «դրական ազդակներին», որոնց ՀՀ կառավարությունը ցանկանում է դրական արձագանքել՝ իբրեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված քայլ, Պարգեւ սրբազանն ասաց. «Ես շատ լավ հասկանում եմ Թուրքիայի ախորժակը: Ո՞վ չգիտի, կարծում եմ, ամեն մի հայ գիտի: Թուրքիան իր շահն է հետապնդում, ոչ թե մեր շահը»: Հարցին՝ իսկ մե՞նք ինչ ենք հետապնդում, սրբազանը պատասխանեց. «Մենք էլ մեր շահը պետք է, որ հետապնդենք (քմծիծաղ է տալիս-Ն. Գ.)»:

Հայկական շահ ասելով, Պարգեւ սրբազանը հասկանում է. «Եթե Թուրքիան ցանկանում է ճանապարհները բացել, առանց որեւէ նախապայմանի պետք է գնա դրան»:

Ի դեպ, ժամանակին կար ՀՀ- ՌԴ-Ադրբեջան հոգեւոր դասի առաջնորդների հանդիպումների ձեւաչափ. հարցին՝ այժմ կա՞ հնարավորություն այդ ձեւաչափում գոնե գերիների վերադարձի հարցի քննարկման, Պարգեւ սրբազանը պատասխանեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ հարցով շատ քննարկումներ է ունենում Կիրիլ պատրիարքի հետ՝ ջանալով դրական արդյունքների հասնել: Գերիների վերադարձի ապահովումը, ըստ նրա, սակայն, առավելապես պետք է Ադրբեջանի քաղաքական իշխանության տիրույթում գտնել:

Հարցին՝ արդյոք ՀՀ Անկախության տոնն ավելի «գունագեղ» պետք է նշել, քան Արցախի անկախության տոնն էր, Պարգեւ սրբազանը պատասխանեց. «Ճիշտ է, տխուր ենք, շատ-շատերը սգի մեջ են, բայց տոնը պետք է նշել: Դա հայ ազգի մեծագույն նվաճումներից մեկն է. ինքնուրույն, անկախ պետականություն ունենալը մեր դարավոր երազանքն է: Անկախությունը վտանգված է եւ, ես կարծում եմ, այդ վտանգը դեռ երկար է լինելու: Դրա համար, պետք է ազգովի լինել միաբան»:

Մոտ ապագայում, սրբազանը չի պատկերացնում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ կյանքի հնարավորությունը. «Վերքերն այնքան շատ են, բավական դժվար կլինի: Երկար ժամանակ պետք կլինի: Ճիշտ է, հավերժ պատերազմ չի լինում, ուշ թե շուտ խաղաղությունը պիտի գա, դրացի ենք, կողք-կողքի ենք ապրում, բայց այդ ժամանակը պետք է»:

Սրբազանն այսօր մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին:

«Ցավոք, հին մշակութային ցեղասպանությունը շարունակվում է. գիտեք Արեւմտյան Հայաստանում Թուրքիան որքան վանքեր, եկեղեցիներ քանդեց: Ադրբեջանը նույնն էլ անում էր տասնյակ տարիների ընթացքում: Հիշո՞ւմ եք, Նախիջեւանի հինգ հազար խաչքարերը քանդեցին»,- ասաց Պարգեւ սրբազանը՝ հավելելով, որ այսօր էլ Ադրբեջանը ամեն ինչ անում է՝ հայկական հետքը ոչնչացնելու համար: Նա կարեւոր է համարում միջազգային հանրության արձագանքը՝ Ադրբեջանի բարբարոս կեցվածքին վերջ դնելու համար, քանզի սա միայն մեր խնդիրը չի համարում, այլ ողջ աշխարհի:

44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած վայրագությունների, այդ թվում նաեւ մշակութային, առիթով միջազգային հանրության հնչեցրած ձայնն, ըստ Սրբազանի, «զորեղ չէր», ուստի մենք առավել ջանք պետք է գործադրենք՝ այդ ձայնը ավելի բարձր հնչեցնելու եւ ազդեցիկ դարձնելու համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930