Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա եկել է մեր հերթը նրանց համար ինչ-որ բան անելու. «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական միջոցառումը

Սեպտեմբեր 09,2021 18:15

Սեպտեմբերի 7-ին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» նախագծի շրջանակում՝ ի դեմս Դավիթ Բաբայանի, նախաձեռնել էր զինծառայողների մեծարման երեկո:

«Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» նախագծի գաղափարի ու կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների հեղինակը Best friends tour–ի հիմնադիր Դավիթ Բաբայանն է, որը կազմակերպում է մշակութային, ճանաչողական այցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի մասնակից տղաների առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով: Այս անգամ կազմակերպվեց կենտրոնում բուժում ստացող զինծառայողների մեծարման երեկո: Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր: Ազգային երգերի բարձրարվեստ նմուշները յուրատեսակ կոչ ու գոհաբանության աղոթք էին հայորդիներին ու առ Աստված՝ պահպանելու հայոց հողն ու նրա պահապաններին դարանակալ թշնամուց:

Մեծարման երեկոյի հատուկ հյուրն էր Գուսան Հայկազունը, որն իր խոսքում նշեց. «Ես կոչ եմ անում մեր ժողովրդին չընկճվել և երբեք չընկրկել: Բոլոր ազգերն ու պետություններն էլ տեսել են պատերազմներ, պարտություններ, հաղթանակներ: Մենք այդպիսի հազարամյակներ ենք ունեցել ու ապրել, արարել ենք: Ստեղծել ենք, հաղթանակել ենք այն ուժով ու ոգով և այն գաղափարներով, որ լինենք միասնական: Միասին լծվենք պետականաշինության գործին այնպես, ինչպես պետք է անել հզոր ու լավագույն երկիր կառուցելու համար. դրա համար գիտնականն իր գործով պիտի զբաղվի, շինարարն՝ իր: Ամեն մեկն իր գործում հաջողություններ արձանագրելու դեպքում կդնենք մեր ամուր պետության հիմնաքարը»,- ասաց նա:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Նուբար», «Արտակարգ տրիո» համույթները, «Միլենա շոու-բալետը», Արմեն Հայրապետյանը, Լիլիթ Ալթունյանը: Երեկոյի բացահայտումն էր զինծառայող Աշոտ Թադևոսյանը, որն իր երաժշտական կատարմամբ յուրատեսակ շունչ հաղորդեց ու հերոսական ոգով տոգորեց միջոցառման ներկաներին: Դավիթ Բաբայանը շնորհակալագրեր հանձնեց միջոցառման աջակիցներին:

«Միասնություն հանուն հայության բարեգործական կազմակերպություն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Իսահակյանը շնորհակալագրեր հանձնեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի աշխատակիցներին, բուժում ստացող, ինչպես նաև ապաքինված զինծառայողներին: Ս. Իսահակյանը Դավիթ Բաբայանին պարգևատրեց «Միասնություն հանուն հայության բարեգործական կազմակերպության» մեդալով:

«Արդեն 4 ամիս է, ինչ սկսել եմ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաների համար իրականացնել ճանաչողական էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։ «Բացահայտենք Հայաստանը զինվորի հետ» ծրագրի նպատակն է տղաներին հանգստի ժամանց ապահովելը, որպեսզի նրանք մի փոքր մոռանան իրենց ապրումները։ Բացի էքսկուրսիաներից կազմակերպում ենք նաև երևանյան միջոցառումներ, այցելություններ համերգներ, թանգարաններ, տարբեր միջոցառումներ։ Սեպտեմբերի 7-ին կայացավ մեր երևանյան միջոցառումներից մեկը «Մամիկ» հյուրատանը։ Ունեցանք հագեցած և շատ գեղեցիկ երեկո՝ երգիչների և պարային խմբերի մասնակցությամբ։ Տղաների դեմքին ժպիտ տեսնելը ինձ համար ամեն ինչից վեր է։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրինությանը՝ վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ է տղաների հետ ճանապարհորդելը։ Սա ամենաչնչին բանն է, որ ես կարող եմ անել նրանց համար: Նրանք իրենց կյանքի գնով մեզ կյանք են տվել: Հիմա եկել է մեր հերթը նրանց համար ինչ-որ բան անելու։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցում են նախագծին: Եվ, իհարկե, խորին շնորհակալություն այն մարդկանց, որոնց ինչ-որ հարցով եմ դիմել և մերժում ստացել։ (Այո, հավատացեք, կան նմանները)։ Դա ինձ ավելի է թևեր տալիս, որ ես պետք է անեմ ավելին ու ավելին։ Փառք հայոց բանակին, փառք մեր զինվորներին, հավերժ փառք մեր նահատակված տղաներին»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930