Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ինչ ես ասել եմ, դա հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են»

Սեպտեմբեր 17,2021 23:50

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ զրպարտության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երկրորդ դատական նիստը:

Նիկոլ Փաշինյանը պահանջում է 2 մլն. դրամ փոխհատուցում:

Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ հայցվոր կողմի հետ: «Այս պահի դրությամբ դատարանը պետք է քննության առարկա դարձնի երկու կողմերի ներկայացրած ապացույցները, թե ինչի վրա են հիմնավորում իրենց փաստարկները եւ դիրքորոշումները: Մենք ներկայացրել ենք բավականին ծանրակշիռ ապացույցներ: Այն, ինչ ես ասել եմ, դա նաեւ հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են: Մեր փաստարկները դրա վրա են հիմնված: Իսկ նրանք՝ դեռ չգիտեմ, թե ինչ են ներկայացնելու կամ չներկայացնելու»,-նիստից առաջ Aravot.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:

Երբ դատական նիստն սկսվեց եւ սահմանված կարգի համաձայն լուսանկարելու թույլտվություն խնդրեցինք, դատավոր Նաիրա Ավետիսյանը տեղեկացրեց, որ առաջին նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը առարկել է եւ այդ մասին որոշում արդեն կայացված է: Այսօր հայցվոր կողմի ներկայացուցիչը մեկ անգամ եւս հաստատեց իր այդ դիրքորոշումը եւ տեղեկացրեց, որ իր դիրքորոշումը դժվար թե փոխվի նաեւ հետագայում: Նա նաեւ հրաժարվեց լուսանկարվել դատարանի դահլիճից դուրս:

Նիստում պատասխանող կողմի ներկայացրած երեք միջնորդություններից դատարանը չհասցրեց երկուսին անդրադառնալ եւ կանգ առավ միայն այն միջնորդության վրա, որով խնդրել էին, որպեսզի դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավատեր «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից պահանջի Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ երկու հոդվածների պատճեները: Այդ միջնորդությունները ներկայացրած Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը Aravot.am-ին ասաց. «Մենք դատարանին ներկայացրել էինք ապացույց, որը պարտադիր է այս դեպքում: Ինքներս փորձել էինք մեր ուժերով ապացույցները ձեռք բերել, սակայն դրանք մեզ չեն տրամադրվել: Սա պարտադիր ընթացակարգ է: Այս հարցով հակառակ կողմի մեր գործընկերը կասկած հայտնեց, թե «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն «Հայկական Ժամանակի» իրավատերն է: Սա ժամանակի կորուստ է, որովհետեւ թերթի վերջին էջում այդ ՍՊԸ-ն ներկայացված է, որպես իրավատեր եւ բացի դա, բազմաթիվ դատական վեճեր եւ վճիռներ են եղել, որտեղ դա երեւում է: Այսինքն, մենք կենտրոնացանք տեխնիկական շատ փոքր հարցի վրա եւ ցավոք, լավագույն ժամանակ կորցրինք:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 19-ին ժամը 15:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930