Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի եղբայր. «Նաիրի Սարգսյանը սուտ տեղեկություն է տարածել»

Սեպտեմբեր 19,2021 00:04 Share

«Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել էր, թե զոհվածների 16  ծնողներ գնացել են իրենց մոտ, որոնց ներկայացրել են գունագեղ կոչվող միջոցառման փոփոխված ծրագիրը եւ այդ ծնողները տվել են իրենց հավանությունը; Բայց ինձ զանգահարել է  այդ հանդիպմանը մասնակցած երկու ծնող եւ տեղեկացրել, որ նման բան չի եղել, որ, իրոք, հանդիպել են, իրենց ներկայացրել են ծրագիրը եւ վերջ, որ իրենք հավանություն չեն տվել: Նրանք չեն ասել, թե նորմալ է, կարելի է միջոցառումն անել: Այնպես որ,  դա սուտ է: Ես էլ նրանց խնդրել եմ, որ այսօր գան կառավարության շենքի առջեւ եւ հրապարակային հայտարարեն, որ Նաիրին ստել է»,-այսօր Հանրապետության հրապարակում Aravot.am-ին ասաց «Հույսի ճրագ» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ, զոհվածի եղբայր եւ անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:

Մեր հարցին, թե այսօրվա բողոքի ցույցի ընթացքում ինչ են նախատեսում անել զոհված տղաների ծնողները, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Մնալու ենք այստեղ, պետք լինի, երեք օրն էլ կմնանք, որ այս միջոցառումը չեղարկվի: Վերջապես, պետությունը պետք է հասկանա, որ այս համերգը այս պահին անթույլատրելի է, չի կարելի: Ուղղակի պետք է հարգել մարդկանց: Մենք հասարակ հարգանք ենք պահանջում մեր երեխաների, մեր զոհվածների հիշատակի համար: Պահանջում ենք, որ այս համերգը տեղափոխվի, ասենք, նոյեմբերի 10-ից հետո: Դժվար բան չենք ասում: Եթե Տոկիոյի օլիմպիական խաղերը հնարավոր է մեկ տարի հետաձգել, եթե անցած տարի ապրիլի 24 թույլ չտվեցին: Ստացվում է, որ Հայոց Մեծ Եղեռնի օրը կարող են տեղափոխել, իսկ այս համերգը ո՞չ: Թող չասեն, թե անկախության 30-ամյակն է:

Կամ, այս գումարների վատնումը, երբ այսօր լիքը վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ կան: Թող այդ գումարները տղաների բուժմանը տրամադրեն, այլ ոչ թե ակրոբատները այսօր ճոպանների վրա ինչ-որ անհասկանալի շարժումներ ու պտույտներ կատարեն»,-պատասխանեց նա:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930