Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներ, հաջողակ գործարարներ, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնն ու ճանաչված պարուսույցը․ հայտնի է «Բալասանյան դաշինք»-ի ցուցակը

Սեպտեմբեր 21,2021 22:50

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը մրցակցող 10 քաղաքական ուժերից ամենաշատ թեկնածուներ է առաջադրել, ցուցակը բաղկացած է 42 թեկնածուից։ Ցուցակում տեղ գտած անձանց գերակշռող մասը գյումրեցիներին ծանոթ դեմքեր են՝ քաղաքապետարանի բաժնի պետեր ու աշխատակիցներ են, որոնց հետ բնակիչները աշխատանքի բերումով Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին հասցրել են շփվել։ Ցուցակում կան նաև գործարարներ, մանկապարտեզների վարիչներ, մշակութային կառույցների ներկայացուցիչներ։ Թեկնածուների ցանկում կան նաև Բալասանյան ընտանիքին պատկանող գարեջրի գործարանի աշխատակիցներ, իհարկե, նրանք մեծ թիվ չեն կազմում։

Ցուցակի առաջին համարը գլխավորում է 40-ամյա Վարդգես Սամսոնյանը՝ Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկության տնօրենը։ Նա կուսակցական է․ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից է։

Երկրորդ տեղում Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանն է, որն անկուսակցական է, նա  աչքի է ընկնում իր համեստությամբ ու բացառիկ աշխատասիրությամբ։

3-րդ տեղում  Գյումրու ավագանու անդամ, Բալասանյան ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ փոխտնօրեն Լուսինե Սանոյանն է։ Նա Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է՝  Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը։ Նա ևս կուսակցական է՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության անդամ է։

Ցուցակի 4-րդ տեղում ավագանու գործող անդամ, անկուսակցական Մխիթար Սահակյանն է, որը չի աշխատում։ Նա, ըստ Սամվել Բալասանյանի թիմակցների,  հարգված ու ընդունված անձ է քաղաքում։

5-րդ տեղում Գյումրու ավագանու գործող անդամ, դարձյալ անկուսակցական Վահան Հունանյանն է՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ճարտարագետ-չափագետ է։ Ավագանու գործող անդամներից ընդգրկված է նաև Տիգրան Հովհաննիսյանը «ՌՏ թրեյդինգ» ՍՊ տնօրենը։

«Բալասանյան դաշինք»-ի կազմում ընդգրկված է նաև «Շիրակ» օդանավակայանի  պաշտոնյա․ 8-րդ տեղը զբաղեցնում է Թորգոմ Համբարձումյանը՝ «Շիրակ» օդանավակայանի ՎՔՆ ծառայության վերահսկիչը։

Ցուցակի առաջատար տեղերում են Գյումրու գարեջուր ՍՊԸ-ի հաշվետար Նաիրա Պողոսյանն ու  Գյումրի գարեջուր ՍՊԸ-ի հավաքակայանի վարիչ Գևորգ Պասկևիչյանը։  Տասնյակն ամփոփում է Գևորգ Պասկևիչյանը։

11-րդ տեղում Վարաժյան Խաժակն է՝ «Նովոստրոյ» ՍՊԸ-ի տնօրենը։

12-րդ տեղում Սոնա Հովհաննիսյանն է՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարը՝ Գյումրու ամենակոլորիտային դեմքերից մեկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի դուստրը։

Նրանից հետո սկսվում են քաղաքապետարանի բաժնի պետերի ու աշխատակիցների անունները։

13-րդ տեղում Մեխակ Ղազարյանն է՝ Գյումրու համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետը։ Նա 1986 թվականի 9-րդ ամառային սպարտակիադայի հաղթող է, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Բարի կամքի խաղերի հաղթող, Հայաստանի չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ է։

Թեկնածուների ցանկում ընդգրկված է նաև Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը․ նա 15-րդ տեղում է։

Քաղաքապետարանի պաշտոնյաներից  ու աշխատակիցներից ընդգրկված են Ռոբերտ Անդրիասյանը՝ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալը, բյուջեի եկամուտների հավաքագրման առաջատար մասնագետ Արամ Շաբոյանը, Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Գյումրու քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ  Հարություն Թադևոսյանը ևս ցուցակում է։ Թեկնածուներ են նաև բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Հարություն Մխիթարյանը, ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար  մասնագետ Օլգա Գևորգյանը։

Քաղաքապետարանի բաժնի պետերից ընդգրկված է նաև Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի բաժնի պետ Կնյազ Մանասյանը, նա ցուցակի 22-րդ համարում է, քաղաքապետարանի ամենաճանաչված դեմքերից է, քանի որ աշխատանքի բերումով անընդմեջ  փողոցաշինական աշխատանքների կենտրոնում է։

Թեկնածու է նաև Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, տնտեսագետ Կարեն Բադալյանը, նա ցուցակի 23-րդ տեղում է։

Քաղաքապետարանի աշխատակիցներից ընդգրկված է նաև Արտավազդ Ոսկանյանը՝ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի բրիգադիրը։

Ցուցակում է նաև ճանաչված պարուսույց Սենիկ Խուբեսարյանը՝ Գյումրու համայնքապետարանի մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավարը։ Նա հայկական ազգային պարերի պրոպագանդման ու ազգային մտածելակերպի ձևավորման գործում մեծ դերակատարություն ունեցող անձ է։

Քաղաքապետարանի աշխատակիցներից ցուցակում ընդգրկված են նաև Աննա Մեքինյանը՝  աշխատակազմի քարտուղարության բաժնի պետը, Մկրտիչ Դավթյանը՝ անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը, նաև նույն բաժնի տեղակալ Հովհաննես Գևորգյանը։

Թեկնածուներ են նաև Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Ռուբեն Մարտիրոսյանը, աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ Էմմա Հովհաննիսյանը,  ֆինանսատնտեսական բաժնի պետ Մենուա Մկրտչյանը, աշխատակազմի քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Սամսոնյանը,  բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

Ցուցակում կան նաև  մանկապարտեզների վարիչներ՝ «Զանգակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Մելքոնյանը, «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը, «Անի պարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արփենիկ Արաքչյանը և «Ծիածան» ՀՈԱԿ-ի մեթոդիստ Մելանյան Մկրտչյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930