Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը տեղյակ չէ, թե Փաշինյանն ու Էրդողանն ինչ դրական ազդակներ են միմյանց փոխանցում

Սեպտեմբեր 27,2021 11:30

«Մեկ տարի անց ես որեւէ զգացողություն չունեմ, որ դասեր են քաղվել, զգացողություն չունեմ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի այնպիսի հուն, որտեղ անկեղծ բոլորն ասում են, թե ինչու է այս ամենը եղել»,-այսօր այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա «Եռաբլուր» էր այցելել 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:

Նրա խոսքով, հանրային-քաղաքական քննարկումներից անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է. «Դա նշանակում է, որ մեկ տարի անցել է եւ դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարձակումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առաջ եւ այդ սպառնալիքները, որոնք կան ուղղված մեր պետականության, մեր ինքնիշխանության, մեր տարածքային ամբողջականությանն, այսօր էլ չեն վերացել եւ կանգնած են մեր երկրի գլխին»:

Ըստ Մարուքյանի, տեղեկություններ չունի, թե Փաշինյանն ու Էրդողանն ինչ դրական ազդակներ են միմյանց փոխանցում: Նրա խոսքով, հարեւանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունը ամրացնելը՝ մեկ այլ բան. «1915թ-ին ցեղասպանություն է եղել, 1918 թ-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել։ Հետևաբար պետք չէ այս երկուսը խառնել իրար»։

Ասաց նաեւ, որ պետք է խոսել խաղաղությունից, քանի որ Ադրբեջանը տարբեր ատյաններում խոսում է, որ Հայաստանն է պատերազմի նախաձեռնողը. «Ներկայացվում է, որ Հայաստանն է  սադրիչը, հարձակվողը եւ, հետեւաբար կարեւոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով, դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու եւ պետք է տանել. «Մեր ունեցած բոլոր հարթակներով մենք շարունակում ենք ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Հայաստանի ու Արցախի դեմ, եւ, եթե լավ կազմակերպված ու հետեւողական լինենք, կարող ենք պատասխանատվության հարցը բարձրացնել միջազգային, քրեական ատյաններում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930