Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրել սկսեցի հոգեբանական բարդ սահմանագծում»

Հոկտեմբեր 13,2021 13:00

Հարցազրույց ամերիկաբնակ հայ արձակագիր Մարգարիտ Դերանցի հետ

– Տիկին Մարգարիտ, ձեզ ճանաչում է հայ ընթերցողը եւ արդեն ձեր գրքերը նաեւ սիրո են արժանացել։ Ե՞րբ զգացիք, որ կարող եք ստեղծել տող, որին սպասում է ընթերցողը։

– Գրել սկսեցի հոգեբանական բարդ սահմանագծում, երբ լքեցի կյանքիս հարմարավետ գոտին, որը Հայրենիքն էր, թեկուզ դժվարություններով հանդերձ, հայտնվելով Միացյալ Նահանգներում՝ զավակներիս հետ։ Այն հայտնագործություն էր ինձ համար այնպես, որքան Քրիստափոր Կոլումբոսի համար նոր հայտնագործած «հնդկաստանը»։ Տարագրության անքուն գիշերներում լույս ծագեց` դա իմ գրելն էր։ Այն ինքնաբացահայտում էր, ինքնաճանաչում եւ կյանքիս կարեւորագույն հրաշքներից մեկը։ Չնայած դրան, այդ ժամանակ մտքիս ծայրով էլ չէի երազում ո՛չ գրքերի, ո՛չ ընթերցողների մասին։ Այդ ամենը իրականություն դարձան շատ տարիներ հետո։

– Վերջերս լույս է տեսել ձեր «Սեր Լուսնեզրին» վեպը։ Ինչպե՞ս ծնվեց այն եւ ո՞րն է վեպի ասելիքը։

– «Սեր Լուսնեզրին» վեպը քառասնամյա կնոջ կյանքն է մինչեւ 2020 թվականի մայիսը, ԽՍՀՄ-ի քայքայման, դրա հետեւանքով այնտեղ ապրող մարդկանց հոգեւոր ցնցումների համատեքստում, մասնավորապես՝ պատերազմ, բլոկադա, սոցիալական թշվառություն անկախացած Հայաստանում, գոյության պայքար, զանգվածային տեղաշարժեր։ Վեպի գլխավոր հերոսուհին միլիոնավոր մարդկանց պես դեռահաս տարիքում ընտանիքի հետ արտագաղթում է Ռուսաստան, այնուհետեւ երիտասարդ տարիքում այնտեղից մեկնում է ԱՄՆ՝ բախտ որոնելու։ Վեպը սոցիալ-հոգեբանական բովանդակություն ունի, որը հերոսուհու կյանքը դարձնում է գեղարվեստական անդրադարձ այն ցավոտ իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել աշխարհում այդ թվերին։ Այն պատմում է Նահանգներում գլխավոր հերոսուհու եւ նարցիստական բնավորությամբ տաղանդավոր գրող-տղամարդու տասը տարի տեւող սիրո ու ատելության հարաբերությունների մասին։ Կարելի է ասել, որ վեպը խոսում է սիրո մասին «ամբողջի», համայն աշխարհի ոսպնյակի միջով։

Գրավիչ, հետաքրքիր, բուռն գործողություններին զուգահեռ վեպում ընթանում է նաեւ երիտասարդ կնոջ անցած կյանքի խոհափիլիսոփայական հիշողությունները Հայաստանի, Ռուսաստանի մասին, ուր ընթերցողին ներկայացնում է հերոսուհու մանկությունը, նրա ընտանիքի, հարազատների պայքարը օտարության մեջ գոյատեւելու, չկործանվելու մասին, սեփական ինքնության տքնաջան որոնումը։
«Սեր Լուսնեզրին» վեպը սիրային, բազմաշերտ հոգեբանական վեպ է աշխարհում տղամարդ-կին ճակատագրական հարաբերությունների, մարդու եւ Հայրենիքի բարձր իդեալների, նաեւ ժամանակակից արագընթաց աշխարհում անհատի օտարացման, անկումների, կործանման մասին։ Աստծո արքայությունն իր մեջ կրող մարդը նաեւ կրողն է չարիքի եւ արատների, ուստի աշխարհը փոխելու առաջին քայլը մարդու ինքնահաղթահարումն է հավերժական արժեքների միջոցով, որն է Սերը, Կարեկցանքը, Գթասրտությունը։

– Սիրո գիծը ձեր ստեղծագործություններում տարբեր ուղղություններով է ընթանում։ Ինչպե՞ս է ստացվում, որ այն դարձնում եք իրական, շոշափելի, բայց միեւնույն ժամանակ՝ համեստ ու չափավոր։

– Չափավորությունը եւ համեստությունը մարդկային այն հատկություններն են, որ բարձր եմ գնահատում կյանքում, բայց այս հատկությունները հակացուցված են ճշմարիտ, բարձր գրականության համար։ Այն նշանավորը եւ հետաքրքիրը, ինչ վիճակվել է դիտել կյանքում, «անչափի»-ն է, տղամարդու եւ կնոջ սիրո իրարամերժ, տարօրինակ դրսեւորումներն են։ Ամենավեհ արժեքների մասին կարելի է գրել շինծու, կեղծ, գռեհիկ։ Եվ մարմնի սիրատենչ կանչի, կրքի մասին կարելի է գրել ոչ միայն գեղագիտորեն բարեկիրթ կամ անկեղծ, այլեւ կարելի է այն վերածել գեղարվեստական ոգեղենիկ, բառային կերտվածքի։ Մեր փառահեղ հայոց լեզուն անսպառ հնարավորություններ է տալիս։ Սա գրողի ձգտումն ու ըղձանքն է։

Սիրուց ատելության ուղին շրջադարձն է դրախտից դեպի դժոխք։ Ատելությունը խելագարության պոռթկումն է, ոչնչացումն ու ինքնաոչնչացումը, նրա մագիլներում մեռնում է Սերը։ Այնուհանդերձ գրքերիս մեջ լույսով ծածկվում է մութը, ատելության փլատակների վրա բացվում հույսի ծաղիկը։ Օրինակ` «Սեր Լուսնեզրին» վեպի հերոսուհին` Մեգգի Սամուլյանն անգամ առերեւույթ ու ակնառու պարտությամբ կարողանում է հաղթել ինքն իրեն ու հետեւաբար կյանքին ու ճակատագրին։

– «Այս արագընթաց աշխարհում կինը շատ բան ունի անելու». հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք դուք։ Ամենաշատը ո՞ր հարցերում է թերանում կինը։

– Կինը մայր է, դուստր, տատիկ, քույր, բարեկամուհի, աշխատակցուհի, մասնագետ, քաղաքացի։ Փորձում ենք չթերանալ ոչ մի կոչման մեջ, որը թերեւս անհնար է…
44-օրյա պատերազմին, հատկապես պարտությունից հետո, մեր կանայք, մայրերը ծանրագույն օրեր են անցել։ Թող ապրելու զորությունը իշխի մեր ժողովրդի վրա, ապավինենք Տիրոջ գթառատությանը, ամեն բացվող օր ընդունենք որպես շնորհատու քաղցրություն։ Այս դժնդակ օրերում, իրարամերժ աղմուկի մեջ այնքան կարեւոր է կանանց ներքին լույսը, սերն ու կարեկցանքը, որ սպեղանի եւ մխիթարություն կբերի խառնաշփոթ, քաոսային մեր հասարակությանը։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031