Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ից առաջ և հետո

Հոկտեմբեր 31,2021 22:33

Չորս օր առաջ հոկտեմբերի 27-ն էր՝ 22 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը։ Եվ, ինչպես միշտ, սկսվեցին այդ ողբերգական օրվա հետ կապված քաղաքական մեկնաբանությունները։ Տարիներ ի վեր տրվող հարցերը հետևյալն են․

-Ո՞ր քաղաքական ուժին, կամ ո՞ր գործչին էր ձեռնտու ոճրագործությունը։

-Միայնա՞կ են գործել արդյոք ահաբեկիչները։ Եթե ոչ, ապա ո՞ր քաղաքական ուժերն են կանգնած եղել նրանց թիկունքին։

-Աշխարհաքաղաքական ո՞ր ուժերին էր ձեռնտու տվյալ ոճրագործությունը։

-Որքանո՞վ էր այս ոճրագործությունը կապված Արցախի հարցի կարգավորման հետ՝ նկատի ունենալով, այսպես կոչված, «Մեղրիի»  տարբերակը։

Փորձեմ նաև իմ տեսակետը հայտնել այս հարցերի շուրջ։

1. Առաջինը կուզեի քննարկել անկախ Հայաստանի ողջ շրջանում ահաբեկչական գործողություններն ու չբացահայտված սպանությունները, քանի որ Հոկտեմբերի 27-ը, ցավոք, ո՛չ առաջին, ո՛չ վերջին ահաբեկչության դեպքն է եղել։

Այսպես, դեռևս, մինչև 1991թ․ դեկտեմբերը, երբ Հայաստանը ճանաչվեց անկախ հանրապետություն, արդեն 1990 թ․ մայիսին Հայաստանում իշխանության էր եկել ՀՀՇ-ն։

Այնպես որ մեկնարկը պետք է սկսել 1990 թ․ մայիսից։ Նույն թվականի օգոստոսին «Հայ Ազգային բանակ» (ՀԱԲ) զինված խմբավորման զինաթափման գործողությունների ժամանակ զոհվեցին Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը։ ՀԱԲ-ը զինաթափվեց, անդամները կալանավորվեցին, բայց այդպես էլ չպարզվեցին և չդատապարտվեցին սպանություններ կատարողները։ Տարիներ անց զոհվածներին շնորհվեցին Հայաստանի ազգային հերոսի կոչումներ՝ թերևս նրանց հարազատներին այս կերպ սփոփելու համար։

Հետագայում 1992 թ․ ահաբեկչության զոհեր դարձան Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը, նրա վարորդ Վարուժան Աբրահամյանը, երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանը, նրա մտերիմ պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը, Կարեն Ռաֆայելյանը, Արթուր Հովհաննիսյանը, մահափորձ իրականացվեց դատախազի տեղակալ Վլադիմիր Գրիգորյանի դեմ։ Այս սպանությունները և մահափորձ իրականացնողները 1998թ․ իշխանափոխությանը զուգահեռ բացահայտվեցին, որին անմիջապես հետևեց ՆԳ նախկին նախարար, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հրաժարականը։ Պարզվեց, որն էլ որևէ մեկի կողմից չհերքվեց, որ սպանություններ կատարողները նախկինում եղել են ՆԳՆ աշխատողներ։

Վերջերս իմ հոդվածին «թունդ» արձագանքեցին Վանո Սիրադեղյանի կողմնակիցները, իհարկե, միայն հայհոյանքներով, առանց հոդվածում բերված փաստերը հերքելու։ Արդ, ընդունենք, որ նախարարը տեղյակ չի եղել, որ իր համակարգ իր իսկ կողմից ընդունված աշխատողները ահաբեկչություններ են իրականացնում։ Լավ, մեկ անգամ, երկու, երեք․․․ հետո՞․․․

Լավ, այդ սպանությունները պատվիրատու ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչն է խանգարում այսօր պարզել նրանց ինքնությունը։Այդ տարիներին սպանվեցին նաև ՊԱԿ նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, Գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը։ Այս անգամ արդեն չհայտնաբերվեցին նույնիսկ սպանություն կատարողները, էլ չասած պատվիրատուների մասին։ Եվ այս անգամ էլ, Համբարձում Գալստյանի հարազատներին որպես սփոփանք, Երևանի դպրոցներից մեկն անվանակոչվեց նրա անունով։

Հիշում եմ, 1997 թ․ աշնանը հանդիպում ունեցանք նորանշանակ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև փաստաբան Տիգրան Ջանոյանը և Գրեզելդա Ղազարյանը։ Զրույցի ընթացքում Հենրիկ Խաչատրյանն ասաց, որ արդեն դատախազությունը հետքի վրա է, և շուտով կբացահայտվի Համբարձում Գալստյանի սպանությունը։ Սակայն հետագայում նույն ահաբեկչության զոհ դարձավ արդեն Հենրիկ Խաչատրյանը։ Անհայտ հանգամանքներում զոհվեցին նաև Վահրամ Խոռխոռունին և Արծրուն Մարգարյանը։ Սրանք թերևս ամենաաղմկահարույց ահաբեկչական գործողություններն ու սպանություններն էին, մինչև 2016թ․։

2016 թ․ «Սասնա Ծռեր» զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը, որի արդյունքում զոհվեցին երեք ոստիկաններ։ Դեռևս հստակություն չկա, թե իրականում ովքեր են կատարել սպանությունները։ Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում․ իսկ ո՞վ կամ ովքե՞ր էին կազմակերպիչները և արդյոք նրանց թիկունքում չկա՞ր աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հրահանգ։

Այսօրվա իշխանությունը խոստանում է բացահայտել «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուներին։ Հերթական պարզունակ քաղաքական քարոզչահնարք, ինչպես «բացահայտվեց» «Մարտի 1-ը»։

Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ին» հաջորդած օրերին և՛ գործադիր, և՛ իրավական համակարգը շուրջ մեկ տարի գտնվում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի ձեռքում։ Քննությունն իրականացնում էր նրա մտերիմ Գագիկ Ջհանգիրյանը։ Թե ինչ մեթոդներով էր իրականացվում նախաքննությունը, կարող եք կարդալ առնվազն Նաիրի Բադալյանի հուշերում։ Եվ եթե աներևակայելի խոշտանգումների արդյունքում Ջհանգիրյանի խումբը չի կարողացել մեղադրյալներից կորզել ցանկալի ցուցմունքներ, ապա այդ ինչպիսի նոր ժողովրդախոշտանգման մեթոդներ են կիրառվելու այժմ։

Այսպիսով, արձանագրենք, որ բացի «Հոկտեմբերի  27»-ից, անկախության տարիներին բազմաթիվ են ինչպես չբացահայտված սպանությունները, այնպես էլ դրանց հավանական պատվիրատուները։ Ի դեպ, այդպես էլ չբացահայտվեցին 2008թ․ մարտի 1-ի սպանություններն ու հրաման տվողները, ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների օրոք։ Այստեղից ի՞նչ կարելի է եզրակացնել, որ կամ մեր իրավապահ մարմինները՝ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, իրենց ողջ քննչական կազմով ոչ պրոֆեսիոնալներ են, ուստի՝ մասնագետներ չեն, կամ գործել են վերին իշխանության ցուցումով։ Կարծում եմ՝ և՛, և՛։

Եվ հոդվածի առաջին մասի ավարտին, հնչեցնեմ հռետորական հարց․ չէ՞ որ, վերոնշյալ բոլոր գործերը, անկախ օրվա իշխանությունից, քննել, «որոշումներ» կայացրել են նույն ոստիկանները, քննիչները, դատախազները, սկսած 90-ականներից մինչև այսօր (իհարկե, տարիների ընթացքում եղել է նաև սերնդափոխություն, բայց «պրոֆեսիոնալ» շարունակականությունը պահպանվել է)։

Անկախ այն բանից,  թե ով է օրվա իշխանությունը, չեն բացահայտվել և չեն բացահայտվելու, օրինակ, խոշտանգումների դեպքերը։ Այսպես, Հայաստանի նոր՝ «ժողովրդի» իշխանության տարիներին, ՀՔԾ-ն կարճեց, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» հավաքների ժամանակ լրագրողների նկատմամբ կատարված վայրագությունները, այնպես էլ դատարանում «Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ ծեծ ու ջարդը։ Այստեղ կա մեկ բացատրություն՝ ոստիկաններին պատժելու դեպքում, արդեն այդ նույն և այլ ոստիկաններ այլևս կմտածեն, թե արժե՞  արդյոք իշխանության հրահանգով, օրինակ , մարդկանց պառկեցնել ասֆալտին։ Իսկ օրվա իշխանությանը, անկախ «նախկին», թե «ժողովրդի», պետք է հլու-հնազանդ, իր հրահանգները կատարող ոստիկանություն և այլ իրավապահ մարմիններ։

Ցավոք, Հայաստանի քաղաքական, հասարակական գործիչները, ոչ թե մտածում, խոսում և գործում են, որ Հայաստանը դառնա իրավական պետություն՝ տարանջատելով գործադիր և դատաիրավական ճյուղերը, այլ ելնելով իրենց քաղաքական-կլանային շահերից, շարունակում են շարժվել միայն իրենց կլանա-աղանդավորական շահերից ելնելով։

2. Այժմ, փորձեմ անդրադառնալ «Հոկտեմբերի 27-ի» բուն քաղաքական «վերլուծություններին»։

Ահաբեկչությանը անմիջապես հետևեցին տարբեր գործիչների վստահ հայտարարությունները, թե այն ո՞ւմ էր ձեռնտու։ Հիմնական թիրախն, ինչպես անցյալում, այսօր էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Հիմնական փաստարկը հետևյալն է․ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը սասանվել էր 1999թ․ խորհրդարանական ընտրություններից հետո, և «Հոկտեմբերի 27-ը» նրան հնարավորություն տվեց մենիշխանություն հաստատել։ Այս հարցադրման մեջ, իսկապես տրամաբանություն կա։ 1999 թ․ ընտրություններից հետո առաջին անգամ Հայաստանում գործեց այսպես ասած կիսանախագահական համակարգը։ Ունենալով ԱԺ-ում մեծամասնություն՝ գործադիր իշխանությունը հիմնականում գտնվում էր վարչապետ Վազգեն Սարգսյանի վերահսկողության տակ։ Հետևաբար, ո՞վ էր կազմակերպել ահաբեկչությու՞նը․․․

Բայց այդպես մտածողները պատկերացնո՞ւմ են, թե Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի անհավանական, համարձակ քայլի պետք է գնար։ Նախ, հնարավոր է՝ ահաբեկչությունը ձախողվեր։ Երկրորդ, ԱԺ-ում չունենալով մեծամասնություն՝նաև կուսակցություն, ի՞նչ երաշխիք պետք է ունենար հանցագործությունը կոծկելու համար։ Եվ վերջապես, ինչպես վերը նշեցի, շուրջ մեկ տարի ողջ գործադիր և իրավական մարմինները նրան չէին ենթարկվում, որոնք էլ ոչինչ չապացուցեցին։

Հակառակ կողմից էլ հնչում են կարծիքներ, թե ահաբեկչությունը կազմակերպել էին այն ժամանակվա նախկինները, այն օգտագործելու, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու և իշխանությունը վերցնելու համար։ Որպես ապացույց բերվում է Վահան Շիրխանյանի, Անդրանիկ Քոչարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին տրված վերջնագիրն ու կառավարական ցուցակը։ Սա նույնպես որևէ քննություն չի բռնում, քանի որ այդ մարդկանցից ոչ մեկը, չուներ ո՛չ համարձակություն, ո՛չ էլ  առաջնորդին հատուկ հաստատակամություն և վճռականություն։

Հնարավո՞ր է, որ Նաիրի Հունանյանի խումբն ինքնուրույն է գործել։ Դժվարանում եմ ասել, սա նույնպես քիչ հավանական է։

3. Ահաբեկչությունից անմիջապես հետո տարբեր «մասնագետներ», կախված իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումներից, այն կապում էին կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԱՄՆ-ի, նույնիսկ Ֆրանսիայի շահերի, բնականաբար այդ երկրների կողմից կազմակերպված լինելու մեջ։

Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը հակառո՞ւս։ Միայն ծիծաղել կարելի է։ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները միշտ հպարտությամբ են նշում  նրա և ՌԴ նախկին ՊՆ նախարար Պավել  Գրաչովի բարեկամական հարաբերությունները։ Ռուսական տարբեր գործիչներ հիշում են Վազգեն Սարգսյանի խոսքերը Հայաստանը Ռուսաստանի համար Իսրայել դարձնելու մասին։ Իսկ Կարեն Դեմիրճյանի մասին հակառուս ասելն, ընդհանրապես որևէ քննություն չի բռնում։ Ծիծաղելի են նաև ահաբեկչությունը կապել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ։Միակ քիչ թե շատ հավանականը թուրքական գործոնն է, եթե  Նաիրի Հունանյանը Թուրքիայում իսկապես հանդիպումներ է ունեցել տարբեր թուրքական շրջանակների հետ։

4. Շատ «լուրջ» վերլուծաբաններ ահաբեկչությունը կապում են արցախյան բանակցությունների հետ։

Որպես հիմնական «փաստարկ» բերվում է, այսպես կոչված, «Մեղրիի» տարբերակը։ «Վերլուծաբանները» պնդում են, որ նախատեսվում էր Մեղրիի տարածաշրջանի փոխանակումը Արցախի հետ, որին դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Այսպիսով, ահաբեկչությունը վերացրեց այդ խոչընդոտը։ Լավ, խոչընդոտը վերացավ, բա ինչու շուրջ 19 տարիների ընթացքում փոխանակումը չկայացավ։

Վախեցա՞ն․․․ Ուրեմն, ահաբեկչություն իրականացվեց Մեղրին հանձնելու խոչընդոտը վերացնելու համար, բայց հետո վախեցան այն իրականացնել, և բանակցությունների սեղանին դրվեցին Մադրիդյան սկզբունքները։ Իսկապես, երկաթյա տրամաբանություն։ Չեմ ժխտում, որ արցախյան բանակցությունների ժամանակ եղել են տարբեր առաջարկություններ՝ «Փուլ առ փուլ» Արցախը հանձնելուց, «Ընդհանուր պետություն»-ով և «Մադրիդյան սկզբունքներով» շարունակած։

Շատ հնարավոր է, որ, օրինակ ադրբեջանական կողմը, կամ Մինսկի խմբի կողմից առաջարկված լինի նաև Մեղրին փոխանակելու տարբերակը։ Եվ ի՞նչ։ Արդյոք, դա նշանակու՞մ է, որ հայկական կողմը դրան համաձայնվել է։ Ըստ որոշ լուրերի, բանակցությունների ընթացքում առաջարկվել է նաև Արցախի փոխանակումը Արարատ լեռան հետ և որը մեծ ոգևորություն է առաջացրել քաղաքական որոշակի շրջանակներում (հը՞, Վահան Շիրխանյան)։

Հարգելիներս, փաստն այն է, որ մենք Արցախը կորցրեցինք ստի և կեղծիքի հեղափոխական իշխանության ժամանակ։ Եվ Արցախի կորստի միակ մեղավորն ու պատասխանատուն վարչապետն է։ Այսօր վտանգված է նաև Սյունիքը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելու դեպքում։ Եվ նորից և՛ վարչապետը, և՛ նրա արբանյակները բերում են նախկինում բանակցությունների ժամանակ բերված առաջարկությունները Մեղրիի մասին։

Համենայն դեպս, Հայաստանի  նախկին ոչ մի ղեկավար չի խոսել Մեղրիի  փոխանակման մասին։ Բայց այդ մասին 2001 թ․ ակնարկել է այսօրվա վարչապետը․ «Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում»։

Ամփոփում․

Իրականում և՛ մինչ 1999 հոկտեմբերի 27-ը, և՛ դրանից հետո տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր ազգը, ժողովուրդը, հասարակությունը,  քաղաքական ուժերը, բոլորս չկարողացանք ստեղծել իրական պետություն՝ իր արդյունավետ աշխատող պետական կառույցներով, ապահովելով պետական անվտանգությունը։ Եթե այս ամենին գումարենք նաև այն, որ ընտրությունների միջոցով Հայաստանում անհնար է իրականացնել իշխանափոխություն, և թերևս վերը նշված բոլոր իրադարձությունները նաև դրա հետևանքներն են, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Եթե, այսպես կոչված, քաղաքական ուժերին հետաքրքրում է միայն իրենց անձնական, կլանային շահը, և ոչ պետությունը, ապա ցանկացած ողբերգություն դիտարկվելու է այդ տեսանկյունից և ոչ պետական անվտանգության։

Եվ վերջապես, այս ամենի հետևանքը եղավ 2018թ․ կեղծիքի և ստի հեղափոխությունը, որը վերջնականապես բերեց պետության տապալմանն ու Արցախի կորստին։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031