Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Մեղրիում․ ո՞վ է թելադրելու խաղի կանոնները

Նոյեմբեր 03,2021 12:48

Հոկտեմբերի 17-ին Մեղրիում կայացած ավագանու ընտրություններից հետո ավագանու 15 մանդատներից 6-ը բաժին է ընկել «Հանրապետություն», 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատ էլ «Ազատական» եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին։ Սա նշանակում է, որ բացարձակ մեծամասնություն ոչ մեկը չի ստացել ու համայնքի ղեկավարը պիտի ընտրվի ավագանու առաջին նիստում՝ ավագանու կազմից։

Ավագանու առաջին նիստին դեռ ժամանակ կա, օրը նշանակում է գործող համայնքի ղեկավարը, այս պահին կառավարող ուժի ներկայացուցիչ Արարատ Թումանյանը։ Վերջինս չի թաքցնում՝ բանակցում է բոլոր ուժերի հետ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագրից» լինի համայնքապետը։

«Ազատական» կուսակցությունը սկզբում համաձայնել էր իշխանության օգտին քվեարկելու։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանը «Ազատական»-ի Խաչատուր Անդրեասյանին առաջարկել է հերթով կառավարել համայնքը։ Մասնավորապես, երկու տարի եւ 6 ամիս համայնքի ղեկավար կաշխատի Խաչատուր Անդրեասյանը։ Նույն առաջարկը Բագրատ Զաքարյանն արել է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանին։ Ստացվում է՝ Բագրատ Զաքարյանը Մեղրին ղեկավարելու է 6 ամի՞ս։ «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»,-ասաց Բագրատ Զաքարյանը։ Հարցին, թե ինչո՞ւ՝ «Հանրապետության» թեկնածուն պատասխանեց. «Պարզապես այս պահին այդպես եմ ուզում: Հետո չգիտեմ»։

«Այս պահին նման հարց չի քննարկվել։ Ես տեղյակ չեմ նման առաջարկից։ Իսկ թե ում ենք սատարելու՝ դեռ քաղաքական հստակ որոշում չկա»,-ասաց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը։

«Ազատական»-ի Խաչատուր Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջարկել է «Քաղաքացիական պայմանագրին» իր 5 մանդատներով միանալ իրեն։ «Չհամաձայնեցին, հիմա բանակցությունների մեջ ենք»,-ասաց Անդրեասյանը։ Իսկ այն լուրերի առնչությամբ, թե Սամվել Բաբայանն իրեն այլ բան է ասել, իսկ ինքը այլ բան է անում՝ ասաց․ «Մենք միասին մեկ ուժ ենք, երբեք չեմ շեղվի նրա ասածից»։

Ի դեպ, Խաչատուր Անդրեասյանն ի սկզբանե պիտի առաջադրվեր «Հանրապետություն» կուսակցությունից, սակայն նրան զանգահարել էր Արամ Սարգսյանը եւ ասել, որ կուսակիցներն ուրիշ թեկնածու են ուզում՝ Բագրատ Զաքարյանին, որը «Հանրապետություն» կուսակցությանը սատարել է խորհրդարանական ընտրություններին։ Անդրեասյանն էլ գտնում է «Ազատական»-ին։

Aravot.am-ի աղբյուրներով, Սամվել Բաբայանը համաձայնել էր իշխող ուժի պայմաններին։ Սակայն օրեր անց փոխել է մտադրությունը՝ իր մտերիմ ընկերոջ, արցախցի Էդիկ Վերդյանի (ցեխավիկ Էդո-Ա․Դ․) հորդորով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արարատ Թումանյանը մեր զրույցում ասաց, որ լսելով Բագրատ Զաքարյանի բանակցելու «գայթակղիչ առաջարկների» մասին, ինքն էլ փորձել է գայթակղել Խաչատուր Անդրեասյանին։ «Ասացի՝ որ սատարես մեզ, հետո հրաժարական կտամ ու համայնքը երեք տարի դու կղեկավարես։ Խաչիկն էլ իր տարբերակն առաջարկեց՝ որ առաջին երեք տարին ղեկավարի, այսինքն` ինքը ընտրվի համայնքապետ։ Բնականաբար, չհամաձայնեցի»,-նշեց Արարատ Թումանյանը։

Նա պատրաստվում է դիմել դատախազություն, ասում է՝ «ընտրակարուսել է եղել»։ Մեր այն դիտարկմանը, թե ինչու հենց հիմա, քվեարկության օրվանից անցել է բավականին ժամանակ՝ նկատեց․ «Ես չգիտեի, որ ազդել են իմ վստահված անձի վրա, որպեսզի գործավարության մատյանում բողոք չգրի; Դիմելու եմ, թող օրենքի սահմաններում, հարցին լուծում տան»։

 

Ի դեպ, այսօր երեկոյան չի բացառվում, որ «Հանրապետություն» եւ «Ազատական» կուսակցությունները հուշագիր ստորագրեն։ Սա, սակայն, ըստ տեղաբնակների՝ ոչինչ չի ասի։ «Անձնական շահերից դրդված են քվեարկելու այս կամ այն թեկնածուին, ախր կուսակցությունը ինչ գործ ունի, որ խառնվում է համայնքի գործերին։ Նախկինի նման լիներ, ընտրեինք ում ուզում էիք։ Հիմա գուցե ես ուզում եմ տվյալ թեկնածուին, բայց կուսակցությանը չեմ ուզում»,-նշեց մեր զրուցակիցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետի ԺՊ Արարատ Թումանյանը «Հրապարակին» ասել է. «Տեղեկացնեմ, որ առաջին բանակցությունը, Արամ Սարգսյանի առաջարկով, եղել է հետեւյալ բովանդակությամբ՝ մեր քաղաքական էլիտային Սարգսյանն առաջարկել է սատարել իրենց, քանի որ մեկ մանդատով ավել են: Քաղաքական էլիտայի հետ քննարկումների ժամանակ ես դեմ չեմ եղել, իհարկե, որքանով էլ որ մեր մեջ նախապես տարաձայնություններ են եղել։ Թեկնածու Բագրատ Զաքարյանի մասով խորքային անհամաձայնություններ կան, որովհետեւ խորհրդարանական ընտրություններից առաջ Բագրատ Զաքարյանը փորձեց մեր ադյալի տակ տաքացնել իր գլուխն ու մեջքը եւ հետո փորձեց մեր մեջքից հարվածել։ Իր վաղեմի ընկեր, մեր գործընկեր, ՔՊ նախկին անդամ Կարեն Կանդազյանի հետ հրաժարվեցին խորհրդարանական ընտրություններին որեւէ կերպ ՔՊ-ին աջակցել՝ պատճառաբանելով, որ վախեցած են Ռոբերտ Քոչարյանի վախի սարդոստայնի կապանքներից եւ այլն։ Վախեցան, ու ինձ՝ մենակիս, մնացին բոլոր կազմակերպչական աշխատանքները` ե’ւ Մեղրիի գրասենյակների բացումը ե՛ւ Ագարակում, ե՛ւ գյուղական համայնքներում բոլոր տեղամասերը: Իրենք անգամ վախեցան եւ մեկ վայրկյան անգամ չայցելեցին Մեղրիի, Ագարակի գրասենյակներ։ Բագրատ Զաքարյանը ցույց էր տալիս, թե իբր մեզ հետ է, բայց ներողություն էր խնդրում, թե չի կարողանում բացեիբաց հանդես գալ եւ ելույթ ունենալ»:

Հարցին՝ հիմա այսքանից հետո ձեր էլիտան ինչպե՞ս է համաձայնել Զաքարյանին ընտրել քաղաքապետ՝ պատասխանել է. «Որպես առողջ տրամաբանության տեր մարդիկ, հաշվի առնելով մեր հարգանքն Արամ Սարգսյանի հանդեպ եւ մեկ մանդատի առավելությունը, համաձայնել ենք՝ պայմանով, որ մեզ տալիս են համայնքի ղեկավարի տեղակալի եւ կոմունալ ծառայության պետի պաշտոնները։ Արամ Սարգսյանն ուրախացել էր, շատ էր ուրախացել Երեւանում գտնվելով, զանգում է Բագրատին, Բագրատենք մերժում են ու ասում՝ ինչի՞ պետք է իրենք մեր կուխնյային խառնվեն։ Բայց հարց է առաջանում՝ դա ո՞ւմ խոհանոցն է՝ իրե՞նց, թե՞ պետության։ Եթե դու կոմունալ ծառայությունով միտք չունես փողի լվացումներ, դուրսգրումներ անել՝ վառելիք եւ այլն, ի՞նչ խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930