Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Արցախն այսօր անվտանգության առնվազն երկու երաշխավոր ունի. ՀՀ-ն չի կորցրել իր դերակատարությունը». Ստեփան Սաֆարյան

Նոյեմբեր 09,2021 23:07

«Մեկ տարվա այս տարելիցին արձանագրում ենք, որ գերիների հարցը, հակամարտության կարգավորման հարցը բաց է, պատերազմը նոր խնդիրներ է առաջացրել»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կազմակերպած «Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» խորագրով զեկույցի ներկայացում-քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Հարցին՝ ինչպես՞ կգնահատեք ԵԱՀԿ ՄԽ գործունեության հեռանկարները, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Քանի անգամ ենք լսել միջազգային կազմակերպություններից, թե վերահաստատում ենք մեր մանդատը, բայց հասցեական հայտարարություններ չենք լսում: Իհարկե, կան օբյեկտիվ դժվարություններ, հատկապես, երբ ՀՀ-ն պատերազմից հետո հստակ քանիցս նշեց իր պատրաստակամությունը հասնելու հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս խորապատկերին ուղղակի խղճահարության առնվազն տեսարան են ստեղծում, երբ խոշոր պետությունները նշում են, թե հանձնառու են իրենց մանդատի համար, բայց չեն կարողանում սկսել իրենց մանդատի գործադրումը, էլ չեմ ասում լուծում պարտադրելու մասին»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ պետք են հասցեական հայտարարություններ: Նա այս առիթով մանրամասնեց. «Կարևոր են հասցեական հայտարարությունները, որոնք պիտի անեն առնվազն այն կազմակերպությունները, որոնք ունեն մանդատ հակամարտության կարգավորման համար. օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ: Չեմ կարծում՝ Ադրբեջանի համառությունը կարողանալու են կոտրել անհասցե հայտարարություններով: Պաշտոնական Երևանին պիտի հասկացնենք, որ հասել ենք մի կետի, որտեղ խաղաղասիրական, պարիտետ պահպանող և այլ հայտարարությունները չեն կարող օգնել մանդատի վերականգնման հարցում: Առաջին քայլում միջազգային կազմակերպությունները պարտավոր են հասցեական գնահատականներ տալ, քանի որ Ադրբեջանն իրեն պահում է՝ որպես խանգարող կողմ»:

Խոսելով ԱՄՆ-ից հնչող դիրքորոշումների մասին՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Երեկ էլ Սպիտակ տունն էր դիրքորոշում հայտնել՝ հերթական անգամ իր պատրաստակամությունը հայտնելով համապարփակ լուծման առումով: ԱՄՆ դիրքորոշումը կարևոր եմ համարում: Դա ունի մի քանի բաղկացուցիչ՝ միջադեպերի և հանցագործությունների հետաքննությունը, նրանք ճանաչում են, որ պատերազմի ժամանակ տեղի են ունեցել հանցագործություններ: Դրանով օրակարգի ուրվագիծ է տրվում, մասնավորապես այն խնդիրների առումով, որոնք բխել են հակամարտությունից՝ կարգավիճակ, Արցախի միջազգային անվտանգության խնդիր, պատերազմից հետո հակամարտությունում առաջացած նոր խնդիրների լուծում: Սա ուրվագիծ է տալիս նոր օրակարգի»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ յոթ տարածքների խնդիրը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ լուծված է: Այդ փաստաթղթի իրվական կարգավիճակը համաձայնեցված չէ. ուղղակի քաղաքական կամքի վրա հենվող պարտավորություն է երկրի ղեկավարի կողմից, որը տեղի է ունեցել պատերազմի կանգնեցման համար»:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Արցախի անվտանգության երաշխավորն այս պահին Ռուսաստանն է, Ստեփան Սաֆարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ես չէի անվանի, թե այսօր միայն ՌԴ-ն է դարձել Արցախի անվտանգության երաշխավորը: Կարծում եմ՝ Արցախն այսօր անվտանգության առնվազն երկու երաշխավոր ունի: Հայաստանը չի կորցրել Արցախի անվտանգությունը երաշխավորելու՝ իր երաշխավորումը՝ անկախ նրանից՝ դրա մասին շատ ենք խոսում, թե՝ ոչ: Դա միայն բյուջետային միջոցներին չի վերաբերում. խոսքը հենց նույն անվտանգային համակարգերին է վերաբերվում: ՀՀ ներքաղաքական դաշտում ուղղակի ինչ-ինչ մարդկանց համար նպաստավոր ձևակերպում եմ համարում, թե մենք այդպիսի դերակատարում այլևս չունենք: Բացարձակապես ոչ: Մի կարևոր բան կա. եթե խաղաղության պահպանության հարցը ՀՀ-ի և արցախահայության շահերից է բխում, ապա Ադրբեջանին այս նոր իրավիճակն էլ ձեռնտու չէ: Իրենք արդեն սկսել են դիմել սադրանքների»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՄԱՀՀԻ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930