Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային ծառայություն մատուցողները կհարկվեն, բայց այդքան էլ հեշտ չի լինելու հարկ չվճարողներին հայտնաբերել. ՊԵԿ պաշտոնյա

Նոյեմբեր 11,2021 15:04 Share

Հայաստանում գտնվող թվային մարքեթինգի ընկերությունը, որը մեր երկրում վճարում է հարկ, եթե կրթական ծրագիր է իրականացնում Հայաստանից դուրս լսարանի համար` հարկ չի վճարելու: Սա նախատեսված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ, որով հարկվելու են էլեկտրոնային ծառայությունները: Այն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Ասանեթ Ալոյան

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՊԵԿ հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը ներկայացրեց՝ էլեկտրոնային ո՛ր ծառայություններն են հարկվելու: Ասաց, որ այս պահին գործող Հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայությունները հարկելու կարգավորումներ չունենք:

Նշենք, որ նախագիծն Ազգային ժողովում է, առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Նախատեսվող փոփոխությամբ ավելացված արժեքի հարկով՝ ԱԱՀ-ով կհարկվեն տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցերի միջոցով գովազդային ծառայություններ մատուցողները, հարթակներ տրամադրողները, էլեկտրոնային գրքերից օգտվելու իրավունք տրամադրողները, ֆիլմերի դիտման ծառայությունները:

Օրենքի դրույթները, սակայն ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին կառնչվեն տարբեր կերպ: Ըստ Ասանեթ Ալոյանի, ի տարբերություն ոչ ռեզիդենտի, մեր երկրում ռեզիդենտի համար ավելի բարենպաստ միջավայր է ստեղծվելու:

Նա նաեւ նշեց, որ էլեկտրոնային ծառայությունների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ:

«Այս նախագծով նախատեսված չեն էլեկտրոնային առեւտրի կարգավորումները»,-ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Լուսինե Այվազյան

ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման եւ ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանն ասաց, որ նման համակարգեր գործում են մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Բելառուսում, որոնք ԵԱՏՄ անդամներ են: Նրա խոսքով, ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ քննարկումների ժամանակ, նրանք խնդիրներ են մատնանշել, որոնց լուծում է տրվել:

Նրանց մտահոգող հարցերից մեկը եղել է հաշվետվության ամենամսյա ներկայացումը, ինչը նրանց համար նպատակահարմար չէ: Ըստ Լուսինե Այվազյանի, ոչ ռեզիդենտների համար հաշվետվության հաշվետու ժամանակահատվածը սահմանվել է եռամսյակը մեկ տարբերակը: Ասաց, որ որեւէ ոչ ռեզիդենտ կազմակերպություն չի առարկել եւ պատրաստակամ է հարկերը վճարել: Նրա խոսքով, նախագիծը քննարկվել է «Google», «Facebook», «Amazon», «Netflix», «Booking» եւ նման կազմակերպությունների եւ էլեկտրոնային ծառայությունների մատուցման գծով միջազգային փորձագետների հետ:

Ասանեթ Ալոյանի խոսքով՝ չնայած էլեկտրոնային ծառայությունների հարկումը պարտադիր է, նախատեսված է օրենքով, այդուհանդերձ՝ վերահսկողական մեխանիզմները թույլ են եւ որոշ ծառայությունների դեպքում այդքան հեշտ չի լինելու հայտնաբերել հարկ չվճարողին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930