Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվեց լուսահոգի քանդակագործ Ալեքսեյ Պապովյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ներկայացված էին նրա գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները:
Պապովյանն իր քանդակներում կերպարանափոխության միջոցով արտահայտել է դրամատիկ երանգներ, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ: Նրա աշխատանքները պահվում են Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսը զուգորդվեց քանդակագործի մասին պատմող գրքի շնորհանդեսով:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 24-ը:
Նշենք, որ Ալեքսեյ Պապովյանը 1973 թվականի «Քանդակագործություն եւ գույներ» համամիութենական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե շքանշանի եւ 1986 թ. Լատվիայում կայացած միջազգային սիմպոզիումում՝ արժանացել է դիպլոմի:
Ներկաները մեծ ջերմությամբ ու սիրով էին խոսում մեծանուն քանդակագործի ու նրա ընտանիքի մասին: Ներկա էր նաեւ նրա տիկինը՝ Անժելան:
«Ներկայացված աշխատանքները բազմազան են եւ տարբեր թեմատիկաներով, սակայն յուրաքանչյուրում կան նույն ապրումներն ու զգացողությունները, որոնք քանդակագործը փոխանցել է իր գործերին: Հեղինակի մոտ ակնառու է երկու ուղղություն՝ սիմվոլների օգնությամբ գործեր եւ այլաբանության: Երբ սիմվոլը սպառում է իրեն, նույնը չի լինում այլաբանության պարագայում: Մոնումենտալիստի զգացողությունն այնքան է զգացվում նույնիսկ ամենափոքր գործում, որ չի վրիպում եւ կարելի է չնկատել անզեն աչքով»,- ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Եվգենյա Քալանթարյանը:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ





















































