Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. 8-10 ամիս է՝ իմ այդ հեռախոսը օգտագործվել է լսող մարդկանց բան փոխանցելու համար

Նոյեմբեր 25,2021 14:52

«Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է «Pegasus» ծրագրով»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վերահաստատեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա, այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներ իրականացրել են իր հեռախոսի զննում, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իր հեռախոսի մեջ տեղադրված է «Pegasus» ծրագիրը։ Սակայն չի ուզել այդ մասին բարձրաձայնել. «Երեկ, երբ ստացա նամակը, որոշեցի այդ մասին բարձրաձայնել։ Եվ հանրայնացնել այն տեղեկությունները, որոնք մեզ հասու են դարձել դեռևս այս տարվա սեպտեմբերին»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ ծրագրի միջոցով ստացված տվյալները ոչ թե պահպանվում են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում, այլ՝ իսրայելական NSO Group-ի կենտրոնական գրասենյակում։ Դրանից հետո ընկերությունը տրամադրում է պատվիրատուին. «Եթե պետությունը չթույլատրի մուտք գործել մեր բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ, որ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում»։

Նա նկատեց, որ ծրագրով ստացված տեղեկությունները չեն հանրայնացվում և չեն օգտագործվում քրեական գործերի քննության ժամանակ. «Այդ տեղեկությունները ապօրինի են ստացվում։ Եվ իշխանությունները այդ ծրագիրը օգտագործում են բացառապես իրենց ոչ հաճո լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու և հետապնդելու համար»։

Արթուր Վանեցյանը հավանական է համարում, որ այդ տեղեկատվությունը կարող է վաճառվել Ադրբեջանին. «Եվ երբ դրա մասին իմացել եմ մոտ 8-10 ամիս առաջ, այդ ժամանակից այդ հեռախոսը օգտագործվել է բացառապես լսող մարդկանց բան փոխանցելու համար»։

Բացի նրանից, որ գաղտնալսում են իր և իր ընտանիքի անդամների հեռախոսները՝ Արթուր Վանեցյանը ասում է, որ իր տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որտեղից հետևում են տան անցուդարձին և իր հյուրերին։ Նույնն էլ՝ «Հայրենիք» գրասենյակի մուտքի մոտ. «Իմ հետևից մշտապես շրջում էին, այսպես կոչված, արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները։ Ամենազավեշտը այն է, որ իմ հետևից արտաքին դիտարկում են դնում, իրենք մտածում են, որ ես դրա մասին չեմ իմանալու կամ չեմ նկատելու։ Հա՛մ այդ տղաներին եմ ճանաչում, հա՛մ էլ մեքենաները գիտեմ, հա՛մ աշխատանքի մեթոդները և միջոցները գիտեմ։ Այդ տղաները իրենք էլ են իրենց վատ զգում»։

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները իրենց քայլերով փորձում են պահել իրենց իշխանությունը. «Նրանք որևէ ուրիշ գործողություն չեն իրականացնում։ Իրենք իրենց իշխանությունը պահելու համար անգամ հանձնեցին մեր հայրենիքի 75 տոկոսը, զոհեցին հազարավոր տղաների, այսօր ՀՀ սահմանները վտանգված են, այսօր Հայաստանի Հանրապետությունը ամեն օր փոքրանում է, գրեթե ամենօրյա ռեժիմով ունենում ենք զոհեր, գերիներ, վիրավորներ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930