Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի գյուղապետերը՝ ՔՊ-ի նախընտրական ցուցակում

Դեկտեմբեր 02,2021 18:40

Դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Բնականաբար ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներն արդեն հրապարակվել են։

Արտաշատում ընտրություններին մասնակցում են «Օրենք եւ արդարություն», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունները, ինչպես նաեւ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՅԴ, «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։

Aravot.am-ն ուսումնասիրել է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները։ Առայժմ ներկայացնում ենք Արտաշատում առաջադրված ՔՊ-ի թեկնածուներին։

ՔՊ-ի նախընտրական ցուցակում 71 թեկնածուներից 20-ից ավելին համայնքների ղեկավարներ են կամ պաշտոնակատարներ։ Բացի համայնքի ղեկավարներից, ՔՊ նախընտրական ցուցակում են նաեւ պետական ոլորտի աշխատակիցներ՝ մարզպետարանի աշխատակիցներ կամ մարզպետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների աշխատողներ։

Եվ այսպես, ՔՊ ցուցակով Արտաշատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում են՝ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, Լանջազատ, Նորաշեն, Դալար, Այգեզարդ,  Աբովյան, Մասիս, Ոստան, Վերին Արտաշատ,  Բերդիկ, Բուրաստան, Դեղձուտ, Դիտակ, Կանաչուտ, Հնաբերդ, Արաքսավան, Այգեպատ, համայնքների ղեկավարները։ Ինչպես նաեւ ՔՊ ցուցակում են  Նշավան, Մրգավետ, Նարեկ, Արեւշատ համայնքների ղեկավարների պաշտոնակատարները։

Այս ցուցակում ուշագրավն այն է, որ իշխող կուսակցության՝ Արտաշատի ՏԻՄ  ընտրություններում ավագանու թեկնածուներից ոմանք նախկինում որպես համայնքի ղեկավար են առաջադրվել եւ ընտրվել Հանրապետական կուսակցության ցուցակով, ոմանք էլ ՀՀԿ անդամ են եղել։

Օրինակ՝ Բուրաստան համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը, որն անկուսակցական է, այս համայնքը ղեկավարում է 2012 թվականից,  Դեղձուտի  ղեկավար Յուրիկ Մուրադյանը, որը եւս անկուսակցական է, համայնքը ղեկավարում է 2008 թվականից։ Նա, ինչպես տեղեկանում ենք ՀՀԿ պաշտոնական կայքէջից, Հանրապետական կուսակցության միջոցով է առաջադրվել եւ դարձել համայնքի ղեկավար։ Նույնը Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանի դեպքում է, նա էլ է անկուսակցական, համայնքը ղեկավարում է 2005 թվականից։ Կանաչուտ համայնքի ղեկավար Լեւոն Ասատրյանը, որը եւս անկուսակցական է, համայնքը ղեկավարում է  1996 թվականից, համենայնդեպս այդպես է ներկայացված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքէջում։ Լեւոն Ասատրյանն էլ է ՀՀԿ-ով դարձել համայնքապետ։

Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանն էլ է անկուսակցական, նա էլ համայնքը ղեկավարում է 2012 թվականից։ Պողոսյանը եւս մինչ ՔՊ-ի իշխանությանը գալը, նախկին իշխանությունների ցուցակով է համայնքի ղեկավար դարձել։

Իսկ Արաքսավան համայնքի ղեկավար Ատոմ Թադեւոսյանը, որը ՔՊ նախաընտրական ցուցակում ներկայացված է որպես անկուսակցական,  համայնքը ղեկավարում է 1996 թվականից, իսկ ահա ՏԿԵ նախարարության կայքէջում ներկայանում է որպես Հանրապետական կուսակցության անդամ։

Աբովյան համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը ցուցակում ներկայացված է որպես ՔՊ անդամ։ Սակայն նա էլ նախկինում ՀՀԿ-ի միջոցով եւ ցուցակով է դարձել այս համայնքի ղեկավար;

Հրայր Հակոբջանյանը 2005-ից ղեկավարում է Լանջազատ համայնքը, ՏԿԵ նախարարության կայքէջում ներկայանում է որպես ՀՀԿ անդամ, իսկ դեկտեմբերի 5-ի ընտրություններին ՔՊ ցուցակում ներկայանում է որպես ՔՊ անդամ, նա էլ ՀՀԿ  պաշտոնական կայքէջում ներկայացված է, որպես ՀՀԿ-ից  համայնքի ղեկավար։

Վերին Արտաշատ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանն անկուսակցական է, համայնքը ղեկավարում է 1996 թվականից, մինչ այդ էլ 1994 -1996 թվականներին եղել է Վերին Արտաշատի գյուղական խորհրդի նախագահ։ Աշոտ Ղազարյանը նույնպես նախկինում ՀՀԿ-ի ցուցակով է համայնքի ղեկավար դարձել։

Իսկ Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանն էլ ՔՊ ցուցակում ներկայանում է որպես անկուսակցական, բայց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքէջում ներկայանում է որպես ՀՀԿ անդամ, նա համայնքը ղեկավարում է 2008 թվականից, նաեւ Հանրապետական կուսակցության կայքէջում է ներկայացված որպես ՀՀԿ-ի համայնքապետ։

Արտաշատի ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակով մասնակցում են նաեւ Այրարատի մարզպետի տեղակալի օգնական Գոռ Հովհաննիսյանը, Արտաշատ համայնքի ավագանու անդամ Համլետ Շահնազարյանը, Դիտակ համայնքի ավագանու անդամ եւ «Արեւշատի մանկապարտեզ»-ի դաստիարակչուհի Մարիամ Նիկոլյանը, Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը,  Մասիս համայնքի աշխատակազմի քարտուղար Արփիկ  Կարապետյանը։

Այս ցուցակում են ընդգրկված նաեւ դպրոցի տնօրեն, ուսուցիչներ, գրադարանավար, Արտաշատ» ՋՕԸ-ի պոմպավարը, Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետն ու մի քանի գործազուրկներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031