Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքապետի աթոռը վաճառել են»․ Ամասիայի ՔՊ-ականներն ու համախոհները բողոքով Շիրակի մարզպետարանում էին

Դեկտեմբեր 17,2021 19:00

Քիչ առաջ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում Ամասիայի ՏԻՄ ընտրություններն մասնակցած, ձայների քանակով առաջին տեղը զբաղեցրած, սակայն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած ՔՊ-ականներն ու նրանց համախոհները։

Վերջիններս պահանջում էին նոր ընտրություններ անցկացնել Ամասիայում, քանի որ, նրանց ձևակերպմամբ, իրենց «հաղթանակը ծախել են»։ Նրանք պնդում էին, որ համայնքապետի աթոռը վաճառել են։

Ցուցարարների մեկնաբանմամբ, ըստ օրենքի, նոր ընտրություններ պիտի անցկացվեն, քանի որ 9 մանդատով չի կարող ձևավորվել ավագանի, Ամասիայում դեպքում առնվազն 10 մանդատ պիտի լինի։

Հիշենենք, որ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ խոշորացված Ամասիայի համայնքապետի պաշտոնը պիտի լինի ՔՊ-ինը, քանի որ իրենք են առաջատար։

Այստեղ մրցակցում էին երեք ուժեր․ ՔՊ-ն, որի թեկնածուն 38-ամյա Մերգել Ղարիբյանն էր՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը, «Արփի- Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որի թեկնածուն Ամասիա խոշորացված համայնքի 71-ամյա ղեկավար Ջեմմա Հարությունյանն էր և ՀՀԿ-ն, որի թեկնածուն էլ վերջինիս տեղակալն էր՝ Արթուր Մկրտումյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Արփի Ամասիա» դաշինքին հասնում էին հավասար քանակով մանդատներ՝ վեց մանդատ, սակայն ՔՊ-ն, համաձայնության չգալով համայնքապետի պաշտոնի շուրջ, ինքնաբացարկ էր ներկայացրել՝ իհարկե, ակնկալելով, որ նոր ընտրություններ կնշանակվեն։

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ Ամասիայում 9 մանդատ են հանձնել․ 6 հատը՝ «Արփի Ամասիա» դաշինքին, 3 հատը՝ ՀՀԿ-ին, իսկ նոր ընտրություններ միանշանակ չեն լինելու։

Հենց այդ պատճառով էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի անդամներն ու համախոհները եկել էին մարզպետարան՝ պարզաբանում պահանջելով։

«Մենք մեզ թույլ չենք տա անշնորհքություն անել ոմն մարդկանց պես, ասենք՝ փողով ձայներ առնել, գյուղերում ասֆալտապատում անել ու այսպես լիքը բաներ։ Մենք շնորհք ունենք, հարգանք ունենք, էսօր չենք էլ պահանջում, որ վարչապետը գա էստեղ, մեր հարցը լուծի, բայց ուզում ենք այս հարցը հասնի վարչապետին, որպեսզի նա տեսնի իրեն ենթակա ինչ աշխատողներ կան։ Չենք հեռանա այնքան ժամանակ, մինչև մեր պահանջը չհասցնեն Փաշինյանին, վարչապետի թիկունքից ինչ ասես, անում են », -ասում էին բողոքավորները։

Նրանք նաև նշում էին, որ իրենք վարչապետի կողքին են, սակայն նման հանգուցալուծում տալու իրավունք ոչ մեկը չունի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն ձայներով է առավել, այլ համայնքների քանակով է առավել ձայներ տարել, նույնիսկ իրենց կառավարած գյուղերից են մեզ են ձայն տվել։ Սակայն այսօր ՔՊ-ի մարզային կառույցի, կուսակցական ղեկավարությունից ոչ մեկը չի արձագանքում, թե ինչո՞ւ մեր վարչապետի կուսակցությունը իր տարած ձայներով այսօր իշխանության չէ։ Մեզ հետաքրքրող թեման դա է, մենք ուզում ենք պարզել, քանի որ օրենքի կետեր կան, որոնք չեն պահվում», -ասաց Զարիշատի բնակիչ Բադասյան Ռուբենը։

Բողոքի ցույցին մասնակցող Կարեն Աղացացյանն էլ պարզաբանեց․ «Օրենքը մաս ունի, ինչքան հիշում եմ՝ 135 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետն է, այնտեղ ասվում է՝ ավագանու 2/3-րդ չձևավորվելու դեպքում, ավագանի չի ձևավորվում։ Այսինքն՝ մեր դեպքում 15 մանդատի 2/3-ը 10 մանդատ է լինում, հիմա ուզում ենք հասկանանք էդ ո՞նց է լինում, որ 9 մանդատով ավագանի են ձևավորում։

Երկրորդ՝ Ամասիա խոշորացված համայնքն ունի 19 բնակավայր, որից 12-ում մենք բացարձակ հաղթանակ ենք տարել՝ առաջին տեղում ենք։ Մնացած 7 գյուղերից 4-ում հաղթանակ է տարել «Ամասիա-Արփի» դաշինքը, որը ներկայումս 6 մանդատ ունի, էն մյուս երեքում էլ «Հանրապետական» կուսակցությունը։

Այսօր Արփի համայնքի բնակչությունը կեսից ավել փոքր է Ամասիա համայնքի բնակչությունից, բայց այսօր մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ամասիա համայնքի ղեկավարին կրել է 18 ձայնով։ Էդ ամեն ինչը դնենք մի կողմ, միայն էն փաստը, որ տիկին Ջեմման 71 տարեկան է, պիտի լինի համայնքի ղեկավա՞ր, դա արդա՞ր է։ Դեմ չեմ՝ օրենք է, բայց եկեք յուրաքանչյուր ձայն տվողին բացատրեք օրենքը»։

Նրանք նշում էին, որ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ նոր ընտրություններ անցկացնելու նպատակով։ Նրանք հանդիպեցին Շիրակի մարզպետի Նազելի Բաղդասարյանի հետ, փոխանցեցին, որ իրենց մեկնաբանվել է օրենքը, սակայն դժգոհ հեռացան՝ ասելով՝ «Բա մենք իրեն այսպե՞ս չէինք դիմավորել Ամասիայում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031