Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար կառաջադրվեն Հակոբ Հակոբյանի եւ Արթուր Մանուկյանի թեկնածությունները

Դեկտեմբեր 27,2021 17:38

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  դեկտեմբերի 27-ին հրավիրած  արտահերթ նիստում  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Մանուկյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Մանվել Բադալյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ԱԺ նիստում ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Մանվել Բադալյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Մանվել Բադալյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, երկար տարիներ ղեկավարել է Քաղաքացիական ծառայության խորհուրդը,  2019 թվականից առայսօր «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն է: Մանվել Բադալյանը նաեւ դասախոսում է  Պետական կառավարման ակադեմիայում:

Մանվել Բադալյանը նշել է, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում, անդրադարձել է ոլորտային այն խնդիրներին, որոնք  լուծման կարիք ունեն: Հանձնաժողովի անդամներից  ոմանք  միանշանակ չեն ընդունել Մանվել Բադալյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա՝ ոլորտի հետ կապ չունենալու  հանգամանքը:  Հանձնաժողովը դեմ է քվեարկել Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար հանձնաժողովն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրմամբ   քննարկել է Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) թեկնածության հարցը: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է թեկնածուի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը՝ նշելով, որ նա մասնագիտությամբ  բանասեր է, թարգմանիչ, բանաստեղծ,  զբաղվել է ուսուցչությամբ, եղել է գրական աշխատող,  խմբագիր, ՀՀ մշակույթի նախարար: Հակոբ Հակոբյանը ներկայացրել է ընտրվելու դեպքում աշխատանքի իր պատկերացումներն ու տեսլականը, անդրադարձել բարեփոխման կարիք ունեցող հարցերին, հանրության վրա հեռուստատեսության ունեցած մեծ ազդեցությանը:  Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությանը:

Երրորդ թեկնածուի՝ Արթուր Մանուկյանի աշխատանքային ուղին եւ կենսագրությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Արթուր Մանուկյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ,  թատրոնի եւ  կինոյի արտիստ, երգարվեստի բնագավառում հեղինակել  է ուսումնական ձեռնարկներ, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում աշխատելու համար թեկնածուն բավարար է համարել ոլորտում աշխատանքի իր փորձը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արթուր Մանուկյանի թեկնածությանը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031