Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԲԴԽ-ի լիազորությունների հստակեցմանը եւ ԲԴԽ դատավոր անդամների ծանրաբեռնվածության նվազեցմանը վերաբերող կարգավորումները

Հունվար 11,2022 17:49 Share

ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում քննարկվել է առաջին ընթերցումով:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ներկայացված է փաթեթի լրամշակված տարբերակը: Առաջարկվող կարգավորումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ է նախատեսվում իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք` վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը:

Առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ` նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 75 տոկոս նվազեցման փոխարեն առաջարկվում է կիրառել 95 տոկոս նվազեցումը, որը կնպաստի նրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հարակից զեկույցում Արթուր Դավթյանը կոչ է արել կողմ քվեարկել: Պատգամավորը հստակեցրել է, որ դատավարության մասնակցի կողմից դատավարական իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքերում է կիրառվելու իրավունքի իրականացման սահմանափակումը: Նրա խոսքով` նախատեսված դատական սանկցիայի կիրառմամբ իրավունքի սահմանափակում չի լինի:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը եւ առաջարկել կողմ քվեարկել:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, դատավարության մասնակցի կողմից դատավարական իրավունքներն իրացնելիս դրանք չարաշահելուն վերաբերող դրույթին, ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 95 տոկոս նվազեցման նպատակահարմարությանը, արդար դատաքննության իրականացմանը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31