Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ո՞վ սպանեց Ավետիսյանների ընտանիքին․ 7 տարի անց գյումրեցիներն այդպես էլ չստացան այս հարցի պատասխանը

Հունվար 12,2022 20:40

Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից անցել  է 7 տարի, սակայն  այս քաղաքի բնակիչներին  այդպես էլ անհայտ մնաց՝ իրականում ո՞վ սպանդի ենթարկեց  7 հոգանոց այս ընտանիքը՝ չխնայելով անգամ երկու փոքրիկներին, ո՞րն էր շարժառիթը, ո՞վ էր պատվիրատուն։

Ռուսական ռազմաբազայում քննված քրեական գործը ոչինչ  չբացահայտեց,  հակառակը՝ նոր հարցեր առաջացրեց, խորացրեց գյումրեցիների կասկածները։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների  իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ այն իր համար չբացահայտված սպանություն է, քանի որ  անհայտ է  թե՛ շարժառիթը, թե՛ իրական հանցագործություն կատարած անձը․ այս ամենը բացահայտելու ուղղությամբ օբյեկտիվ, բազմակողմանի  քննություն չի ընթացել։

Ըստ նրա, եթե սպանության շարժառիթը հայտնի չէ, ինչպես կարելի է հանցագործությունը համարել բացահայտված։

Արթուր Սաքունցը նաև  տեղեկացրեց, որ որպես Ավետիսյանների հարսի և երեխաների իրավահաջորդի ներկայացուցիչ՝ իրենք  դիմել  են Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։ Դիմումը ուղարկված է,  սակայն դեռ նորություն չկա, սպասում են Եվրոպական դատարանի վճռին։

Ավետիսյանների սպանության մեջ մեղադրված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովից ևս նորություն չունեն, նրան տեղափոխել էին Ռուսաստանի Դաշնություն՝ պատիժը կրելու, սակայն անհայտ է՝ որտե՞ղ է կրում պատիժը կամ կրո՞ւմ է, թե՞ ոչ։

«Մենք մի անգամ դիմել էինք, ոչինչ չէին ասում, հայտնի չէ՝ պատիժ կրո՞ւմ է, չի՞ կրում, ողջ է, թե ոչ, ոչ մի բանից տեղյակ չենք, նրան տեղափոխեցին Ռուսաստան, միայն այսքանը գիտենք»,-ասաց Արթուր Սաքունցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31