Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաշխավորել ենք, որ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ընդհանրապես ջրի գինը չի փոխվելու». Փաշինյանը՝ գնաճի մասին

Հունվար 24,2022 22:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ հարցրեցին իր տված խոստումների մասին: Հարցին՝ խոստացել էիք, որ մինչեւ 2024-ը ջուրը չի թանկանալու, բայց թանկացել է մոտ 20 դրամով, թանկանում է նաեւ գազը, երկրում գնաճ է, արտագաղթի ալիք, այսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես հրաժարական տվել եմ երկու անգամ, մեկը՝ 2018-ին, մյուսը՝ 2021-ի ապրիլին»:

Ինչ վերաբերում է թանկացումներին, Փաշինյանն ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում է գնաճը: 2019-ին ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել, սա ինչի՞ շնորհիվ, որ մենք 2018-19-ին մենաշնորհների հարցը լուծել ենք: Այսօր այն գնաճային երեւույթները, որ կան, գլոբալ գնաճային երեւույթների արձանագրում է»:

Իսկ ջրի գնի փոփոխության հետ կապված Փաշինյանի պարզաբանումը հետեւյալն է. «Նախ, սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել: Երկրորդը՝ մենք տեսել ենք, որ կարող ենք պահել թիվը մինչեւ 2024 թիվը, որից հետո շատ էականորեն կբարձրանա: Բայց մենք հիմա այս կարգավորումով երաշխավորել ենք, որ 10 տարի, եթե ինչ-որ բան տեղի չունենա, սոցիալապես անապահով խավի համար ընդհանրապես ջրի գինը չի փոխվելու: Այդպիսի բան Հայաստանում երբեք չի եղել»:

Իսկ մյուսների համար, ըստ Փաշինյանի, ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական ու շոշափելի, կարող է 1, 2, 3 դրամի տարբերություն լինի: Իրենք խնդիր ունեին՝ տառի հետեւի՞ց գնալ, թե՞ ոգու, իրենք որոշել են ոգու հետեւից գնալ ու տառի հետեւից չընկնել:

Փաշինյանի խոսքով՝ 2024-ին, եթե այլ որոշում ընդունեին, այնպես կբարձրանար ջրի գինը, որ բոլորը կասեին՝ ավելի լավ չէ՞ր այն ժամանակ մի քիչ բարձրանար եւ երկարաժամկետ այդպես մնար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31