Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հնարավոր չեղավ իրականացնել տարածաշրջանում 44-օրյա պատերազմի արդյունքում, Թուրքիան փորձում է իրականացնել այլ եղանակներով. Արմեն Պետրոսյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 25,2022 11:13

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ

-Ղազախական դեպքերը կարո՞ղ են ազդել Հայաստանի հանդեպ ունեցած թուրքական տրամադրվածության վրա, քանի որ ակնհայտորեն Ղազախստանում Թուրքիան իր դիրքերը որոշակիորեն զիջեց Ռուսաստանին:

-Ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունները, բացի երկկողմ հարթությունից, պետք է դիտարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Այսինքն, մի բան ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնումը Թուրքիայի կողմից իր համար հավելյալ հնարավորություն է եւ նպատակ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու առումով: Պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց ուղղակիորեն մասնակցություն ունենալ հրադադարի ռեժիմի վերահսկման գործընթացին` ի դեմս Ակնայում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի: Զուգահեռաբար քաղաքական հարթությունում ականատես ենք լինում Թուրքիայի կողմից բարենպաստ դիրքավորման ձգտման եւ դրան միտված համակողմանի փորձերին, ինչի վառ ապացույցն են «3+3» ձեւաչափի առաջ մղման եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղեգծերը: Վստահաբար կարելի է պնդել, որ Թուրքիան ներկայումս աշխատում է փափուկ ուժի միջոցով` քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանական լծակների կիրառմամբ ամրապնդել սեփական դիրքերը: Այսինքն, ինչ հնարավոր չեղավ իրականացնել տարածաշրջանում 44-օրյա պատերազմի արդյունքում, ներկայում Անկարան փորձում է իրականացնել այլ եղանակներով:

-Հաշվի առնելով հետխորհրդային երկրների խոցելիությունը, հնարավո՞ր է Ադրբեջանը լինի հաջորդ երկիրը, որին կարող է ղազախական սցենար սպառնալ:

-Առհասարակ, հետխորհրդային տարածքի ավտորիտար երկրներում, որտեղ տասնամյակներ շարունակ անձինք ու կլաններն են իշխում, ինչպես օրինակ՝ Ադրբեջանում, չի կարելի բացառել նման բնույթի ներքին ընդվզումները: Չնայած 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը որոշ չափով ամրապնդել է Ալիեւի դիրքերը սեփական երկրում, այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման ներքին գործընթացներն ունեն առավելապես սոցիալ-տնտեսական, սոցիալական արդարության վերականգնման հիմքեր, մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու եւ ազատությունների վերականգնման պահանջներ: Պետք է նշել, որ թվարկված նույնանման պահանջներ կան հետխորհրդային գրեթե բոլոր ավտորիտար վարչակարգերից: Իրենց հերթին, ներքին ընդվզումներն էլ հնարավորություն են արտաքին դերակատարների համար ազդելու տվյալ երկրի ներքին կարգի վրա: Դրանք ուղղորդվելու ու արտաքին միջամտության դեպքում կարող են վերաճել տարբեր ծավալների ներքին ճգնաժամի եւ տարածաշրջանում փորձադաշտ դառնալ Ադրբեջանում տարբեր շահեր ունեցող դերակատարների վերադիրքավորումների ու սեփական շահի իրացման համար:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31