Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր. «Այս պատերազմի պարտությունը սկսել է 94-ի սխալ քաղաքականության հետեւանքով». Հակոբ Ասլանյան

Հունվար 28,2022 13:55

«Նապոլեոնն ասում էր՝ այն ժողովուրդը, որը չի ցանկանում կերակրել սեփական բանակին, կերակրում է թշնամու բանակին: Մենք բանակի վրա ոչինչ չպետք է ափսոսանք, պետք է մեր ռազմարդյունաբերական պոտենցիալը հզորացնենք: Հայ ժողովուրդն ունի իր ուղեղի պոտենցիալը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

Շնորհավորելով բանակի տոնը՝ նա նշեց. «Կուզենայի, որ մեր բանակը դառնար այն, ինչ պետք է երկրին ու մեր ժողովրդին: Ներկայիս դրությամբ ամեն ինչ արվում է, որ վերականգնվի, բայց իրավիճակն ու ժամանակահատվածը շատ բաներ թույլ չեն տալիս, հնարավորություններ այդքան չկան: Բայց ես կարծում եմ, որ ի վերջո մենք մեր մեջքը կուղղենք, իսկ դա կլինի առաջին հերթին բանակի մեջքի ուղղումը»:

Հարցին՝ Անկախությանն 30-ամյակը նշվեց եւ կորոնավիրուսային համավարակը պատճառ չէր, որ չեղարկվեր միջոցառումը, իսկ Բանակի տոնը մենք չենք նշում, այստեղ միտում են շատերը տեսնում ձեր իշխանությունների կողմից՝ Ասլանյանը պատասխանեց. «Որեւէ միտում չկա: Այսօր իրավիճակն այդպես է, վարչապետը հիվանդ է, մի խոսքով, ստացվել է իրավիճակ, որ այդպես է: Մենք ԱԺ նախագահի եւ փոխվարչապետի ուղեկցությամբ մեր տուրքը մատուցեցինք եւ կարիք չկա հասարակ բաները մանիպուլացնել: Այսօր, այո՛, մեր բանակի 30-րդ տարեդարձն է ու պետք է կարողանանք հասկանալ՝ մեզանից յուրաքանչյուրը ի՞նչ ձեւով կարող է օգնել, որ շատ արագ վերականգնվենք: Մեր երկիրը շատ բանի կարիք ունի, չենք կարողանում երկրի ցավերից խոսել դեռեւս: Գուցե դեռեւս չենք հասել այն մակարդակին, որ ավելի շատ մեր հայրենիքը սիրենք, քան մեր ընտանիքը…Երկիրը հզորանում է այն դեպքում, երբ հատկապես այն մարդիկ, ովքեր պատասխանատու են երկրի համար, երկիրն ավելի սիրեն, քան իրենց ընտանիքը»:

Մեր հարցին՝ 44-օրյա պատերազմից ի՞նչ դասեր ենք քաղել մենք, դուք ունե՞ք այս հարցի պատասխանը՝ դա բանակի՞ պարտությունն էր, թե՞ ապաշնորհ կառավարման՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Բանակը չի պարտվել: Այդտեղ շատ ու շատ հանգամանքներ կան, որ ոտի վրա չի կարելի ասել: Նախ, պարտությունը չէ, դա մեր բոլորի սխալի հետեւանքով է: Մեզանից յուրաքանչյուրն իրեն հարց տվե՞լ է, թե այդ 26 տարվա ընթացքում ի՞նչ է արել, որ երկիրը չգնա դեպի պարտության: Մեր պարտության հիմքերը իրականում դրվել են 94-ի մայիսին, մեր պարտությունը նոր չի սկսել, սիրելի ժողովուրդ: Մեր պարտությունը սկսել է այն րոպեից, երբ որ մենք՝ պատերազմի դաշտում հաղթանակած մարդիկ, հաղթանակած կողմը չկարողացավ քաղաքական այնպիսի օրակարգ բերել, որ թշնամուն ստիպեր պայմանագիր կնքելու: Եվ զինադադար կնքվեց, հասկանո՞ւմ եք, տարբերությունը սա է»:

Ճշտեցինք՝ այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է մեղավոր պարտության համար՝ նա պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մեղավոր: Կյանքում ամեն ինչ ունի իր պատճառահետեւանքային կապը: Երբ որ դու պատճառը դարձնում ես հետեւանք, դու կորցնում ես»:

Հարցին՝ Նապոլեոն եք մեջբերում, բայց Նապոլեոնը եթե տեսներ պատերազմող երկրում ԱԺ նախագահը 90 մլն-անոց մեքենա է առնում, ի՞նչ կասեր՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Գիտե՞ք ինչ կա, նախ հենց այդպես միանգամից դուք տարաք ուրիշ դաշտ: Ես ասացի, որ այս պատերազմի պարտությունը սկսել է 94-ի սխալ քաղաքականության հետեւանքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31