ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Եռաբլուրի պանթեոնում Բանակի կազմավորման 30-ամյակի օրը իր պահվածքի համար ներողությունները չեն բավարարել հանրության մի հատվածին:
Այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել՝ պահանջելու պատգամավորից ներողություն խնդրել: Բայց Լուսինե Բադալյանը ցույցից առաջ հայտարարություն էր տարածել՝ ասելով. «Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա»:
Այս բացատրությունը ընդունելի չէ 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քրոջ՝ Գոհար Խանումյանի համար: Նա եկել էր ԱԺ շենքի մոտ ու պահանջում էր, որ Լուսինե Բադալյանը իջնի ու բացատրություն տա: Ընդունարանից զանգահարեց, պատասխանող չեղավ. «Տիկին Բադալյանը տեսախցիկի առաջ կանգնած անպարկեշտ վարքով, երեւի չգիտեր՝ ուր է ինքը գտնվում, ինքը կանգնած էր այն վայրում, որտեղ հարազատները պատգարակների վրա իրենց որդիներին վերջին հրաժեշտն են տալիս: Այդ վայրում ինքը կանգնել էր ու շատ ջերմ պատմությո՞ւն էր հիշել»:
Կարդացեք նաև
Գոհար Խանումյանը զարմացած էր, որ Բաղրամյան պողոտայում իրենց հայտարարած ցույցին չեն միացել Եռաբլուրում թաղված բոլոր զոհերի հարազատները. «Պայքարը սկսված է, չենք հիասթափվում: Հուսով եմ, մյուսներն էլ չեն թողնի, որ Եռաբլուրը փորձեն պղծել»:

Ըստ Գոհար Խանումյանի, եթե Լուսինե Բադալյանը պատժվի, դա ուղերձ ու դաս կլինի, որ որեւէ մեկը այլեւս չհանդգնի իրեն Եռաբլուրում այդպես պահել. «Նրա նմանները առաջին հերթին չպետք է գտնվեն Եռաբլուրում, եթե չգիտի՝ որտեղ է գտնվում, ուրեմն դա իր վայրը չի: Իրենից բացի այնտեղ կային ծամոն ծամող պատգամավորներ, բարձրաձայն խոսող: Պարոնայք, տիկնայք, հասկանալի է, որ դուք Եռաբլուրում հարազատներ չունեք կորցրած, լավ, ինչի՞ համար եք եկել այնտեղ…Իրենք դագաղներով եկան իշխանության, սիմվոլների հեղափոխություն արեցին, հիմա տիկինը եկել կանգնել էր այնտեղ, ո՞ւմ էր այդ մեսիջն ուղարկում»,- ասաց Գոհար Խանումյանը:
Նա հորդորեց, որ Լուսինե Բադալյանը գնա նայի զոհերի մայրերի աչքերի մեջ ու ներողություն խնդրի նրանցից, եթե կհամարձակվի. «Տիկնոջը խորհուրդ եմ տալիս այսուհետ Եռաբլուր չմտնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ























































