Լրահոս
Օրվա լրահոսը

«Անշառ դատական ակտ»՝ Վարդենիսի ընտրությունների գործով

Փետրվար 02,2022 17:39

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մասնակի բավարարեց Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամների հայցը՝ անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի առաջին որոշումը՝ համայնքապետի ընտրության վերաբերյալ եւ որպես հետեւանք, անվավեր ճանաչել Վարդենիսի ավագանու ընտրությունները: Այսինքն, դատարանն անվավեր է ճանաչել Վարդենիսի ավագանու նիստի արձանագրությունը՝ համայնքի ղեկավարի ընտրության մասով, իսկ ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու մասով՝ հայցը մերժել է:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում այս որոշումը անվանեց «անշառ դատական ակտ», որն իրենք կանխատեսել էին՝ դատարանի վրա առկա ճնշումների պարագայում: «Բայց, դատական ակտն ինքնին անհասկանալի է. բուն արձանագրային որոշումը, իրավաբանական հետեւանքների տեսանկյունից, նշանակություն չունի, քանի որ արձանագրում է ընտրությունների արդյունքները: Ահարոն Խաչատրյանին ընտրելու գործընթացը անվավեր չի ճանաչվել, այն չի էլ վիճարկվել: Այսինքն, մենք հիմա ունենք մի դատական ակտ, որով այդ արձանագրային որոշումն է անվավեր ճանաչվել եւ, ընդհանրապես, անհասկանալի է մնում՝ բա բուն ընտրությո՞ւնը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք այս «անհեթեթ» դատական ակտը բողոքարկելու են:

Նա պնդեց իրենց տեսակետը, որ այս գործն ի սկզբանե ուղեկցվել է իրավական նորմերի կոպիտ խախտումներով եւ իրենց գնահատմամբ, դատարանն այժմ ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել: Այս հիմքով դատական ակտի բողոքարկումը կուսումնասիրեն դատարանի որոշումը ստանալուց հետո:

«Մենք գտնում ենք, որ մեր վեճը չի քննվում եւ չի լուծվում օրենքի ուժով ստեղծված դատարանում: Այս գործի քննության ընթացքում դատարանն իր գործողություններով ցույց տվեց, որ անում է այն, ինչ պետք է ՔՊ-ին: Մենք վստահ ենք, որ դատավորի նկատմամբ կա ներհամակարգային լուրջ ազդեցություն, որը թույլ չի տալու այս դատավորին, որ նա անաչառ որոշում կայացնի»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Վարազդատ Հարությունյանի գնահատմամբ, այս ակտից ՔՊ-ն էլ շատ բան չի շահել, քանի որ իրենց հիմնական պահանջը՝ Ահարոն Խաչատրյանին ընտրելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասով, մերժվել է, ընդամենը ավագանու նիստի արձանագրությունն է անվավեր ճանաչվել:

Այս գործով, ըստ պաշտպանի, դատարանն անցել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրայով:

Իր գնահատմամբ, իրավունքի գերակայությունը Հայաստանում, առհասարակ, դարձրել են «դռան դիմացի շոր», «մեր աչքի առաջ բռնաբարվում է արդարադատությունը»: Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն իրողությանը, որ մեր երկրում, հաջորդ իսկ օրը քրեական հետապնդում է սկսվում Աշոտ Մինասյանի կալանքը վերացնելու որոշում կայացնող դատավորի նկատմամբ, ԲԴԽ-ն միաձայն, այդ թվում իրավաբան-գիտնական անդամները տալիս են թույլտվություն, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: «Սա նշանակում է, որ այն գործերով, որոնցով իշխանությունները հետաքրքրվածություն եւ շահ ունեն, դատավորները մեծ ճնշման տակ են: Իսկ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ կատարվողն ուղերձ է բոլոր այն դատավորներին, ովքեր կքննեն իշխանություններին, նրանց այդրոպեական շահերը շոշափող գործեր»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ չի արդարացնում իշխանության ճնշումներին տրվող դատավորներին, քանի որ անընդունելի է համարում «արդարադատության խրամատը» լքելը:

Իր գնահատմամբ, այն դատավորները, ովքեր համարձակություն չեն ունենում դիմադրելու այդ ճնշումներին, գոնե բարոյականություն պետք է ունենան եւ դիմում գրեն ու դուրս գան համակարգից, որովհետեւ իրենց իրավունքների պաշտպանությունն ակնկալող քաղաքացիները «կրակը չեն ընկել», որ այդ դատավորների վրա կոմպրոմատներ կան, նրանք դյուրագրգիռ են, ճնշումների չեն դիմանում եւ այլն:

Վարդենիսի ավագանու գործով նիստի ժամանակ, ըստ Վարազդատ Հարությունյանի, ՔՊ-ի ներկայացուցիչն անգամ չի կարողացել ձեւակերպել պահանջը, իսկ լրացուցիչ պահանջն ասել է, որ չի պնդում: Լրացուցիչ պահանջը վերաբերվում էր Վարդենիսի ավագանու ընտրությունը անվավեր ճանաչելուն:

Ի դեպ, համայնքապետի աշխատասենյակի բանալիների եւ կնիքի հարցը դեռ անհասկանալի է, պաշտպանի գնահատմամբ, ոստիկանությունն անգործության է մատնված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28