Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Հայաստանում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել»

Փետրվար 03,2022 12:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց աշխատատեղերի ու աշխատավարձերի ցուցանիշներ։ 2021 թվականի դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչն, ըստ վարչապետի, կրկին բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում։ «Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թվականի դեկտեմբերին։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ 70 977-ով։ Ուզում եմ ընդգծել, որ այստեղ որեւէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետեւ այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ, անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել»,- ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ էապես աճել է նաեւ միջին ամսական աշխատավարձը․ 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12%- ով, 2019 թվականի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18%-ով, 2018 թվականի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24․6%-ով։

Շարունակելով ներկայացնել ցուցանիշները, Փաշինյանն ասաց, որ անցյալ տարի հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15․7 մլրդ դրամով, 2018 թվականի համեմատ ավելի է 38․7 մլրդ դրամով կամ 38%-ով․ «Այս փաստերի բերումով նաեւ պիտի արձանագրեմ, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը 2018 թվականի համեմատ նվազել է մոտավորապես 9%-ով։ Խոսքը մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է, եւ 60․4% – ից դարձել է 51․45%։ Անգամ կորոնավիրուսի, պատերազմյան ցնցումների պայմաններում միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտավորապես 55 հազար դրամի չափով։ Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետեւ 2021 թվականի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ ավելի է 7․7%-ով, Իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով։ Գնաճը գլոբալ խնդիր է, եւ Հայաստանում առանձին վերցված որեւէ գործընթաց տեղի չի ունենում, այլ սրանք գլոբալ ազդեցություններ են։ Ընդհակառակը, մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար, հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի։ Եվ եթե սրան զուգահեռ մեզ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 % տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»։

Վարչապետի խոսքով՝ նախնական ցուցանիշներով՝ 2021 թվականին 5․8% տնտեսական աճ է արձանագրվել, որն ավելին է, քան ծրագրվել էր 2021 թվականի համար, բայց պակաս է կառավարության ցանկություններից․ «Կարծում եմ՝ այս առումով մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»։

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն ասաց՝ մենք շատ դեպքերում չգիտենք, թե Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը եւ միտումներն ինչպիսին են․ «Այստեղ բոլորս խնդիր ունենք։ Կարելի է մտածել, թե ինչպես դա կազմակերպել, մասնագիտական շրջանակների միջոցով դա անել, կամ կառավարության համապատասխան կառույցների հետ ուղղակի ներկայացնել, որովհետեւ գնաճի առումով շատ կարեւոր է ներկայացնել իրական պատկերը, թե ինչի հետեւանք է դա՝ կառավարության տնտեսական քաղաքականությա՞ն, թե՞ արտաքին գործոններով»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց․ «Այո, մեր ցանկությունները շատ ավելին են, քան ցուցանիշները, որոնք արձանագրվել են։ Բայց ես նախնական տվյալներ եմ հանել նաեւ մեր նույն ակումբում գտնվող երկրների տարեկան ցուցանիշների վերաբերյալ։ Նախնական տվյալներ են՝ Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4․4-4․5% -ի սահմաններում, իսկ գնաճը՝ 8․4% չափով։ Բելառուսում տնտեսական ակտիվությունը եղել է 2․3%, իսկ գնաճը՝ 10% ։ Ղազախստանում տնտեսական աճը եղել է 3․5%, գնաճը՝ 8․4%։ Ղրղզստանում տնտեսական աճը եղել է 3․6%, գնաճը՝ 11․2% ։ Եվ մեր երկրում 5․8% տնտեսական աճ է գրանցվել եւ 7․7% գնաճ։ Այսինքն՝ մենք մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը եւ ամենացածր գնաճը։ Սա եւս կարեւոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում»։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ավելացրեց, որ գնաճը միջազգային ֆենոմեն է, եւ ոչ միայն զարգացող, այլ նաեւ զարգացած երկրներում արձանագրվում է գնաճի բավական բարձր մակարդակ․ «Օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչեւ 7%-ի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Մեր գնահատականներով՝ չնայած կարգավորվող գների որոշակի աճին՝ լույս, գազ, ջուր, մենք տարվա վերջին կվերադառնանք գնաճի միջակայք։ Եվ մեր գործողությունները հենց միտված են դրան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28