Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը նույնիսկ երջանիկ է, որ երկիրը կործանվում է այս կառավարության օրոք, այլ ոչ թե իրենց»

Փետրվար 05,2022 15:00

«Միաժամանակ, սա (Վահագն Խաչատրյանի առաջադրումը նախագահի պաշտոնում-Ն. Գ.) եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի լավագույն հենարանը ՀԱԿ ակտիվն է՝ թե գաղափարական, թե վստա հության առումով, եւ որ երբեմնի ՀԱԿ-ի իրական առաջնորդն այսօր ավելի շատ ինքն է, քան իրեն տարբեր բաների համար մեղադրող Տեր-Պետրոսյանը», -«Առավոտի » զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանը:

– ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումը կբացառի բոլոր հարցերը՝ կապված զինված հակամարտության եւ կրակահերթերի հետ: Իր հերթական՝ վերջին, առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր պնդել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր իր իշխանությունը ստորագրելու է: Դրան հետեւեցին Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանից դրական ազդակներ կան, որ Հայաստանն իր տարածքում պատրաստվում է մեկնարկել «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշողլուն էլ զուգահեռաբար հայտարարում էր, որ հայերի հետ կոնկրետ հարցերի շուրջ են խոսում: Ի՞նչ է կատարվում եւ ո՞ւր է Հայաստանի ընդդիմությունը:

– Այո, աջուձախ թուրքերը այլեւս գոհունակությամբ հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանը մեր անունից շարունակում է խելոք կատարել նոյեմբերի 9-ի խայտառակ, պետականակործան ու ազգակործան կապիտուլյացիայի բոլոր պահանջները՝ ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի», այլեւ բոլոր գրված-չգրվածները, ավելի ուշ հավելագրվածները, այդ ամենից ածանցվածներն ու ածանցվածից ածանցվածները։ Ընդ որում, դա անում է մեծ եռանդով ու ոգեւորությամբ, ու դեռ մի բան էլ առաջ է ընկնում ու իր կողմից էլ ավելացնում՝ երեւակայելով, թե ինքը հայությանը հավերժական խաղաղություն եւ երջանկություն պարգեւող մեսիա է՝ այն էլ պողպատե մանդատով մեսիա։ Իսկ մեզ նա բացատրում է, որ իրականում Արցախյան շարժման ու գոյամարտի առաջին օրերից մենք հենց դա ենք երազել ու դա ոչ թե թուրքերը՝ մեզ, այլ մենք ենք իրենց պարտադրում։ Հետո էլ մեծ պաթոսով ավետում է, որ շուտով մեր զինվորները այլեւս չեն զոհվի, որ մեր զավակներին ընդհանրապես բանակ չի տանի, որովհետեւ բանակը բաղկացած կլինի փոքրաքանակ վարձկաններից ու այլեւս տարածքներ չի գրավի։ Սահման պահելու կարիք էլ չի լինի, քանի որ այդ սահմանը թուրքերը աջից, ձախից կհատեն լրիվ օրինական հիմքերով ու անգամ առանց վիզայի, կգան, խանութներ կբացեն ու առեւտուր կանեն, էժան բենզին կծախեն, հյուրատներում, պանդոկներում ու մասաժի սրահներում հաշիվ կփակեն, գուցե նաեւ իրենց ատամներն այստեղ բուժեն, գործ կդնեն ու թանկ գներով տներ կառնեն, հատկապես մեր դատարկվող ծայրամասային գյուղերում ու այդտեղ պահած ոչխարն ու աճեցրած կանաչին կբերեն մեր շուկայում կվաճառեն։ Սյունիքում թունել կառուցելու կարիք էլ չի լինի, քանի որ գյուղից գյուղ կնախընտրենք Ադրբեջանով գնալ։ Մի խոսքով՝ «լյազաթ» կամ սովետական շոկոլադնի հարաբերություններ։

Բորդյուժան թերեւս ճիշտ է այն իմաստով, որ գործընթացի վերջում այլեւս չի մնա այն Հայաստանը, որն ընդունակ կլինի ինչ-որ հարցեր բարձրացնել կամ անգամ ունենալ, էլ ուր մնաց իրավունքներ հետապնդի կամ փորձի հակառակվել աջուձախ թուրքերին, որ նրանք էլ, իրենց կամքը պարտադրելու համար, կրակելու կարիք ունենան։

Իսկ ընդդիմությունը ո՞րն է։ Ընդհանրապես ընդդիմություն գոյություն ունի՞։ Խորհրդարանում եղածը նույնքան անբովանդակ է, կամազուրկ ու ապագաղափարական, որքան կառավարող խմբակը, նույնքան չի համարձակվի հակաճառել բորդյուժաներին։ Բացի այդ, շատ խոցելի է եւ գուցե նույնիսկ երջանիկ է, որ երկիրը կործանվում է այս կառավարության օրոք, այլ ոչ թե իրենց։ Խորհրդարանից դուրս եղածն էլ լուսանցքային միավորներ են, որ մի քիչ փող են ճարել իրենց ցուցադրելու, բայց բոլորովին ոչ բավարար՝ քաղաքական հավակնությունները իրացնելու համար։ Իրականում, հիմա Հայաստանում ոչինչ գոյություն չունի, ինքնիշխան պետություն գոյություն չունի, որպեսզի դրանում քիչ թե շատ նորմալ քաղաքական դաշտ գոյանա։

– Ուկրաինայի շուրջ օղակը սեղմվում է, վերլուծաբանները մոտ ժամանակահատվածում չեն բացառում ՌԴ-ի եւ Արեւմուտքի բախումը Ուկրաինայի տարածքում: Արդյոք, Հայաստանի շուրջ տեղի ունեցողը դրա անմիջական արտացոլանքն է եւ ինչի՞ մենք պետք է պատրաստ լինենք՝ Ուկրաինայում հնարավոր բախման դեպքում:

– Նախ պետք է պատրաստ լինենք Ռուսաստանի հետ կիսել Արեւմուտքի կողմից նրա դեմ կիրառվելիք պատժի բեռը, ընդ որում, անկախ ենթադրյալ պատերազմի արդյունքներից։ Պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը որեւէ պարագայում չի համարձակվելու ուղղակի բախվել ՆԱՏՕ-ի որեւէ երկրի հետ այնքան, որ դա հանգեցներ 5-րդ հոդվածի գործադրմանը։ Հավանական պատերազմը տեղի է ունենալու բացառապես Ուկրաինայի տարածքում։ Ու սկսելու պատիվն էլ թողնված է Կիեւին։ Հնարավոր սցենարներից մեկի դեպքում, հերթական սրացումից հետո, Մոսկվան կճանաչի Դոնբասը ու կընդունի Ռուսաստանի կազմ մտնելու նրանց դիմումները։ Այդ դեպքում, Կիեւին կմնա հաշված ժամեր պատերազմով Դոնբասը հետ բերելու համար, որին ի պատասխան էլ Մոսկվան կարող է լայնամասշտաբ հարձակման հրաման տալ։ Ռուսական հարձակման ձախողման դեպքում Կիեւը կվերադարձնի Դոնբասը՝ հնարավոր է առանց բնակչության խիստ ռուսամետ մասի։ Հաջողման դեպքում ռուսները կարող են կիսել Ուկրաինան Կիեւի մոտակայքում։ Բայց, բոլոր դեպքերում, Ռուսաստանը եւ նրա բոլոր դաշնակիցները կվերածվեն չարի առանցքի ու կմեկուսացվեն Արեւմուտքի կողմից։ Այդ թվում նաեւ մենք։

Երկրորդ բանը, որին պետք է պատրաստ լինենք, դա ռուսական զորքը արդեն 2025-ին Արցախից հանելու Բաքվի պահանջն է։ Ռուսաստանի կարգավիճակի վատթարացումը կարող է հիմք տալ թուրքերին վերանայել Արցախը կլանելու պայմաններն ու ժամանակացույցը, որն իրենք նախապես համաձայնեցրել են ռուսների հետ եւ այլեւս 10-15 տարի չսպասել հայկական բնակչության ինքնակամ դուրս գալուն, այլ խթանել այդ գործընթացը ռուսներին դուրս հրավիրելով։

Իսկ մնացած առումներով, Արցախում կատարվածը ոչ մի կապ չունի Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հետ։ Դա մեր հանցավոր սխալների եւ Բաքվի հետեւողականության արդյունքն էր։ Մեր կիսատ թողած պատերազմը մենք վերջնական հաղթանակ երեւակայեցինք, ինքներս հետեւողականորեն հրաժարվեցինք Արցախից, առավել եւս՝ ազատագրված տարածքներից, չբնակեցրինք, միշտ խոստացանք հանձնել ու չպատրաստվեցինք պաշտպանել։ Դա տեսնելով՝ թուրքերը ոգեւորվեցին, պատրաստվեցին, պայմանավորվեցին ռուսների հետ ու գրավեցին։ Եթե Ուկրաինայում Ռուսաստանն ինքը կողմ է եւ հավակնում է նրա տարածքի մի մասին, ապա Հարավային Կովկասում Մոսկվան այլեւս ընդունում է թուրքերի գերիշխանությունը, նրանց չի համարում իրեն թշնամի Արեւմուտքի մաս, անգամ գործընկեր է ընկալում, իսկ կոնկրետ Արցախում ստանձնել է երկրամասը հայերից թուրքերին հանձնող-ընդունող հանձնաժողովի նախագահությունը։ Միայն դեմքը փրկելու եւ որոշ ժամանակ մեզ էլ ավելի մեծ կախվածության մեջ գցելու համար խաղաղապահ է ձեւանում։

– Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին շատ խոսվեց, բայց Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա հեռացավ՝ դրսից դուռը «շրխկացնելով», նրա հեռանալով ի՞նչ է կորցնում կամ շահում մեր երկիրը: Եվ ուշագրավ էր, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի եւ հաջորդ նախագահի մասին խոսելիս, իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բոլոր ինստիտուտների միջեւ ներդաշնակեցում պետք է տեղի ունենա, հետո հայտնվեց Վահագն Խաչատրյանի անունը: Ի՞նչ է սա նշանակում:

– Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ նա շատ ավելի վաղուց չէր հեռացել։ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ ու երբեք չի եղել։ Միայն մի պահ նա սոսկ համաձայնել է դառնալ հեռացող Տեր-Պետրոսյանի ժառանգը, առանց դրա համար պայքարելու կամքի, ինչը բնականաբար ընդունելի չեղավ իշխանության տեղական ու շատ ավելի կամային հավակնորդների համար։

Արմեն Սարգսյանի համար Սերժ Սարգսյանի առաջարկած նախագահի ձեւական պաշտոնը թերեւս նույն նշանակությունն ուներ, ինչ մինչ այդ դեսպանի կարգավիճակն էր, որը նա ավելի շատ օգտագործում էր արտերկրում իր անձնական, գործարար շփումներում ավելի ներկայանալի երեւալու համար։ Բայց եկավ Նիկոլ Փաշինյանը, պարտվեցինք պատերազմում ու հանկարծ բոլորը սկսեցին կարեւորել այդ մարդուն։ Ոմանք նրանից պահանջում էին միջամտություններ, որ դուրս էին իր լիազորությունների շրջանակից՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։ Ոմանք հույս ունեին, որ նա իր բոլոր ռեսուրսներով կմտնի քաղաքականություն եւ իրենք էլ կմիանան նրան, ոմանք էլ կասկածում էին, թե նա, որպես գործակալ, ինչ-որ մութ առաքելությունով է եկել Հայաստան։ Նման պայմաններում եւ նման մարդու համար, երբ ձեւական պաշտոնը միայն բեռ է դառնում, դրանից կառչած մնալն այլեւս իմաստ չուներ։

Կային նաեւ այլ հանգամանքներ։ Նա եկել էր, որպեսզի իրեն հարգեն, բայց իրեն վիրավորում էին ու կասկածում ոչ միայն իրական, այլեւ հորինովի մեղքերի համար, ուստի ցույց տվեց, որ նեղացած է հեռանում։ Նաեւ որոշ չափով վրեժխնդիր եղավ Նիկոլ Փաշինյանից, քանի որ բացառված չէ, որ վերջինս ինքն էր ուզում նախագահ դառնալ նախքան հաջորդ ԱԺ ընտրությունը՝ մինչ այդ փոխելով Սահմանադրությունը ու ավելացնելով նախագահի լիազորությունները։ Կա նաեւ Ռուսաստանի գլխին կուտակվող ամպերի ու երկաթե վարագույրի վերականգնման հեռանկարը։ Արմեն Սարգսյանը դժվար թե ուզենար մնալ վարագույրի այս կողմում։ Բացի այդ, հնարավոր է, որ նա, որպես ռուս մեծահարուստներին բրիտանական վերնախավի հետ կապող անձերից մեկը, այս օրերին անելիք ունի այդ ոլորտում։ Մի բան հաստատ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր շտապում նրանից ազատվել։ Իսկ այդ «ներդաշնակեցում» ասվածն ընդամենը յուրայինին այդ պաշտոնում նշանակելու հիմնավորումն էր։ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը միանգամայն համապատասխանում է այդ «յուրայինի» չափանիշներին։ Միաժամանակ, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի լավագույն հենարանը ՀԱԿ ակտիվն է՝ թե գաղափարական, թե վստահության առումով, եւ որ երբեմնի ՀԱԿ-ի իրական առաջնորդն այսօր ավելի շատ ինքն է, քան իրեն տարբեր բաների համար մեղադրող Տեր-Պետրոսյանը։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Շարունակությունը՝ հաջորդ համարում

«Առավոտ» օրաթերթ
04.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28