Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ դրսի հայտնի բեմերում երգես, քո մեջքը քո հայրենիքն է»

Փետրվար 07,2022 13:00

23-ամյա բարիտոն Նավասարդ Հակոբյանը՝ իր հաղթանակի ու ապագայի մասին

Վերջերս մեր հայրենակից, բարիտոն Նավասարդ Հակոբյանն առաջին տեղն է զբաղեցրել Houston Grand Opera-ի հայտարարած 34-րդ Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթում: «Առավոտի» հետ զրույցում Նավասարդ Հակոբյանը նշեց, որ մրցույթի մասին տեղեկացել է Նյու Յորքում կայացած մեկ այլ մրցույթի մասնակցելու ժամանակ: «Մրցույթի կազմում էր նաեւ Houston Grand Opera-ի ստուդիայի տնօրեն Բրայան Սփեյքը: Նա ինձ հավանել էր որպես օպերային երիտասարդ արտիստ: Մի օր էլ նամակ ստացա իմ էլեկտրոնային հասցեին, որ հրավիրում է մասնակցել Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթին, որտեղ եզրափակչում որոշվում է, թե ովքեր են միանալու Houston Grand Opera-ի երիտասարդական ծրագրին: Նա ինձ ներկայացրեց պայմանները, եւ ես համաձայնեցի: Այնուհետեւ ստացա հրավեր, մասնակցեցի այդ մրցույթին: Արդեն ունեմ պաշտոնական հրավեր միանալու իրենց ստուդիային»,- ասաց Նավասարդը:

Երիտասարդ օպերային երգիչը հավելեց, որ հաղթանակի ինչ-ինչ հույսեր ուներ, բայց, այնուամենայնիվ, անսպասելի էր առաջին մրցանակը. «Ես տեղեկացա, որ ժյուրիի անդամները միաձայն իմ օգտին են քվեարկել: Դա շատ հուզիչ էր, նույնիսկ չեմ կարող խոսքերով ներկայացնել, թե ինչ զգացի այդ պահին»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ վոկալի հայտնի դասատու Դեյլ ՀՀ վաստակավոր արտիստներ Գեւորգ Հակոբյանից եւ Հովհաննես Այվազյանից ստացած վարպետության դասերին ու մասնագիտական խորհուրդներին: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ. «Ամեն մեկի հետ աշխատելիս սովորում ես մի նոր բան: Գեւորգ Հակոբյանն ու Հովհաննես Այվազյանն իմ ավագ ընկերներն են, ավագ սերնդակիցները, որոնք ինձ շատ-շատ խորհուրդներ են տվել, մինչ այսօր էլ քաջալերում են, ինչի համար շնորհակալ եմ: Հպարտ եմ, որ իրենք իմ հայրենակիցներն են, եւ որ երգում են աշխարհի հայտնի բեմերում ու բարձր են պահում մեր դրոշը: Ինչ վերաբերում է Դեյլ Ֆինդլինգին, նա վոկալի շատ հայտնի մասնագետ է, որը տվել է համաշխարհային աստղեր: Ճիշտն ասած, ինքն ինձ լսել է տարիներ առաջ, երբ նոր էի եկել օպերային թատրոն ու ընդամենը 20 տարեկան էի: Ինքն ինձ լսեց ու ասաց, որ շատ լավ է, այդպես շարունակեմ, որեւէ այլ խորհուրդ չի տվել»:

Քանի որ Նավասարդ Հակոբյանը մի շարք այլ միջազգային մրցույթների էլ է մասնակցել, հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ ինչ է տալիս նման մրցույթներին երիտասարդ երգիչների մասնակցությունը: «Ամեն անգամ միջազգային մրցույթների շրջանակում բեմ դուրս գալով՝ քեզ ոչ միայն լսում են շատ մարդիկ, որոնցից շատերը կարող են հետագայում քեզանով հետաքրքրվել, այլեւ դու ամեն անգամ զգում ես քո աճը: Ամեն մրցույթից անցնում է մեկ-երկու ամիս, ու դու հասկանում ես, թե ինչքան ես աճել, կոնկրետ ինձ այդ նման մրցույթները շատ դրական են անդրադարձել եւ շատ մեծ դպրոց են եղել»,-պատասխանեց Նավասարդ Հակոբյանը:

Հարցրինք՝ իր կարիերան Հայաստանո՞ւմ է պատկերացնում, թե՞ դրսում: «Ինչպես իմ շատ գործընկերներ, ես եւս ցանկանում եմ հանդես գալ աշխարհի լավագույն բեմերում, բայց միեւնույն է, ինչքան էլ դրսում ճանաչված լինես, երգես դրսի բեմերում, դու ամուր ես քո հողի վրա կանգնած, քո մեջքը քո հայրենիքն է… Ունենք Ազգային օպերային թատրոն, որի անունը պետք է բարձր պահենք: Իհարկե, կարող է ստացվել այնպես, որ դրսում հանդես գաս, օրինակ, ես հիմա մի քանի տարով պետք է վերապատրաստվեմ դրսում, բայց բնականաբար բոլորս էլ ի վերջո վերադառնալու ենք: Մասնավորապես ես շատ կուզենամ եւ երգել այստեղ, եւ շրջագայել ամբողջ աշխարհում»,-ասաց երիտասարդ երգիչը:

«Ամեն կոմպոզիտոր ունի իր գույնը օպերային արվեստի պատմության մեջ, ուստի դժվար է առանձնացնել Վերդի, թե Լեոնկավալո, Բելինի, թե մեկ այլ կոմպոզիտոր… Չես կարող որեւէ մեկին առանձնացնել, յուրաքանչյուրը տարբեր է ու հետաքրքիր իր տարբերությամբ ու յուրահատկությամբ»,-օպերային արվեստի լավագույն նմուշների մասին հարցին պատասխանելիս ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է տեսանելի ապագայում ունեցած ծրագրերին, այս մասին էլ նշեց. «Ես հիմա ապրում եմ կյանքի այնպիսի փուլում, որ ինձ մոտ ամեն ժամ ամեն ինչ փոխվում է, ուստի չեմ կարող ասել, թե ինչ կլինի, օրինակ՝ մոտավորապես վաղը… Մեծ հետաքրքրություն կա իմ հանդեպ, շատերն են առաջարկություններ անում միասին աշխատելու, բայց դեռեւս պետք է հասկանալ, թե ինձ ինչ է պետք, քանի որ ես դեռ շատ երիտասարդ եմ՝ 23 տարեկան… Կարծում եմ՝ այնպես պետք է անել, որպեսզի երկար մնալ այս ասպարեզում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Նավասարդ Հակոբյանը

«Առավոտ» օրաթերթ
05.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28